ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում նշեց՝ հիմնական բացթողումը տարիներ շարունակ եղել է այն, որ մշտապես նախարարության վրա դրվել են իր ուժերից վեր սոցիալական գործառույթներ:
«Հիմա մենք հայտարարել ենք, որ աստիճանաբար գնալու ենք ամբողջական մասնագիտացման ճանապարհով, այսինքն` մշակութային գործունեությամբ եւ պետական միջոցներով միջոցառումներ կարող են անցկացնել պրոֆեսիոնալ կազմակերպությունները, անձինք եւ այլն: Մենք պետք է կարողանանք բեռնաթափել մշակույթը սիրողական սոցիալական աջակցությունից»,-ասաց Խզմալյանը:
Նրա խոսքով՝ մշակութային քաղաքականությունը գրեթե նույնական է տեղեկատվական քաղաքականությանը: «Այսինքն, եթե մենք չենք մշակելու տեղեկատվական քաղաքականություն, եւ մեկանգամյա միջոցառումների կյանքը չի շարունակվելու տեղեկատվական դաշտում, խնդիրներ ենք ունենալու, իսկ տեղեկատվություն` նշանակում է մշակույթի հանդեպ հետաքրքրության, Հայաստանի ճանաչելիության բարձրացում, այսինքն` մենք տեղեկատվական ռազմավարությունների նախարարություն պետք է լինենք նաեւ, ինչը նշանակում է նվազագույնս ուղղակիորեն միջամտենք ստեղծագործական պրոցեսներին, բայց նաեւ հստակ ունենանք մեր չափանիշները, թե պետական միջոցներն ինչ միջոցառումների, ինչ նախագծերի կարող են ուղղվել»,-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
«Պետությունը կարող է խրախուսել այս կամ այն նախաձեռնությունը, բայց հասարակությունը ինքը պետք է կարողանա ինքնակազմակերպվել։ Մենք ինչո՞ւ ենք ծուլացնում հասարակությանը։ Պետական գերատեսչությունը այլեւս ոլորտի հայրը չէ, պետք է պահանջը ձևավորել ներքեւում, իսկ պետական գերատեսչությունը պետք է լինի համադրողի, խթանողի, խրախուսողի դերում»,-վստահ է Արա Խզմալյանը:
Կարդացեք նաև
Հարցին` ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ունի՞ ռազմավարություն, Արա Խզմալյանը պատասխանեց, որ բոլորովին վերջերս առաջիկա 3 տարիների` 2020-2023թթ. ռազմավարությունն են մշակել եւ շուտով այն կդրվի մասնագիտական հանրության քննարկմանը: Վստահեցրեց, որ որեւէ հարց գրասենյակային ներփակ պայմաններում չի քննարկվելու եւ չի լուծվելու. «Եթե մենք որոշումներում չենք ընդգրկում մասնագիտական հանրությանը, հետագայում պարտականությունը պատվիրակել մասնագիտական հանրությանը չենք կարող»:
Հաջորդ հարցին` ինչպես է նախարարությունը տարածում մշակութային քաղաքականությունը Հայաստանում, փոխնախարարը պատասխանեց. «Եթե 40 տարեկան մարդը դեռ չի դարձել մշակույթի կրող, չունի գեղարվեստական չափանիշներ, չի լսում դասական երաժշտություն, ես չեմ հավատում, որ մի հրաշքով կարող ես փոխել մարդուն, որ նա հետագա 40 տարիների ընթացքում դասական երաժշտություն լսի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Մեդիա կենտրոնի
Դասական երաժշտությունը ևս ունի ազգություն: (Սխալ է այն տեսակետը՝ իբր երաժշտությունը չունի ազգային պատկանելություն): Հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները մեր հասարակությունը մոռացել է, քանի որ ինչպես հարկն է չի հնչում կամ շատերինն էլ ընդհանրապես չի հնչում (հետևեք երկացանկերին) և Հայաստանը դառել է եվրոպայի մշակութային գաղութը: Օրենքով նախատեսված ,, Ազգային մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումը,, անտեսված է մեզանում … Հենց այս հարցով էի ուզում ձեզ հետ զրուցել: Խոստացաք, բայց չհրավիրեցիք … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան