ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկում են ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է մինչեւ 12 տարվա ազատազրկում սահմանել՝ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրերում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի, բռնության կամ արժանապատվությունը նվաստացնելու միջոցով ինքնասպանության դրդելու համար: Այս կերպ ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացվում է:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց վիճակագրությունը. «2018թ.-ին զինված ուժերում ինքնասպանությունների թիվը եղել է 11, դրան նախորդած տարում՝ 10: Այս տարի արդեն 11 դեպք է գրանցվել: Վիճակագրությունը տխուր է»:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ սա փաստում է այն մասին, որ հակառակորդի կրակոցներից այսօր ավելի քիչ զինվոր է զոհվում, եւ ինքնասպանությունների թվի կրճատման տեսանկյունից այս օրինագծի ընդունումը կարեւոր է:
Պատգամավորների քվեարկությամբ որոշվեց օրինագծին դրական եզրակացություն տալ, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի քննարկման օրակարգում:
Կարդացեք նաև
Քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովականների համար նաեւ ընթերցեց ՄԻՊ զեկույցում ներառված՝ ինքնասպանություն գործած զինվորներից մեկի նամակն իր ծնողին, որում ասվում է. «Մամ ջան, մենակ եմ, կուզեմ, որ էս վաշտից ինձ հանեք: Որ ես վաշտից ինձ հանեք, ամեն ինչ լավ կլինի: Մամ, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ սա խոսում է բանակում առկա ենթամշակույթի մասին, որի հետեւանքները կրում են զինվորները, եւ նույնաբովանդակ նամակներ էլի կան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ