Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում եւ վե՛րջ

Նոյեմբեր 29,2019 14:00

Բավականին ժամանակ ձեռնպահ էի մնում արցախյան զարգացումների շուրջ կարծիք հայտնելուց, քանի որ նախորդ հոդվածներում իմ հստակ դիրքորոշումն արտահայտել եմ։ Չանդրադարձա նաեւ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տված «անվտանգություն, կարգավիճակ, անվտանգություն…», ներեցեք, ոչինչ չասող հարցազրույցին։ Սակայն, քանի որ Հայաստան-Ադրբեջան, ասում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում երեքական լրագրողների փոխադարձ այցեր տեղի ունեցան, եւ ես էլ առիթ ունեցա մասնակցելու ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպումներից մեկին, ապա կուզենայի որոշ մանրամասներ ներկայացնել հանդիպումից։

Հանդիպման սկզբում ադրբեջանցի լրագրողները ներկայացրեցին, թե ինչպես է «Широко шагает Азербайджан», ինչպիսի հաջողություններ են արձանագրվում տնտեսական եւ այլ բնագավառներում եւ այլն։ Այնուհետեւ խոսակցություն ծավալվեց, որ վերջապես, 2002թ. հետո հնարավորություն է ստեղծվել փոխադարձ այցերի, իրար լսելու, հասկանալու եւ այլն։ Հիմնականում, հայաստանցի գործիչները հարցեր էին տալիս եւ այդ հարցերի եւ ադրբեջանցի լրագրողների պատասխանների շուրջն էլ ծավալվում էր զրույցը։

Ով վերջապես, երբ ինձ հերթ հասավ, ես էլ տվեցի իմ հարցը։

Ստորեւ ներկայացնում եմ, համարյա բառացի, իմ հարցն ու ադրբեջանցի լրագրողների պատասխանները։

-Երբ հիշում ենք փոխադարձ այցելությունները, ես էլ վերջին անգամ Բաքվում եմ եղել 1999թ.։ Դրանից առաջ երկու անգամ եղել եմ դեռեւս ԽՍՀՄ տարիներին։ Եվ չնայած մեր կազմակերպությունը երբեւէ չի նախաձեռնել հայ-ադրբեջանական տարբեր, խաղաղասիրական ծրագրեր, սակայն ինքս հրավիրված եմ եղել եւ մասնակցել տարբեր հանդիպում-քննարկումների, վերջին անգամ այս տարի ապրիլին Թբիլիսիում։ Ինքս այդ հանդիպումներին եւ փոխադարձ շփումներին դրական եմ վերաբերվում, հենց զուտ միմյանց հետ շփվելու առումով եւ ոչ ավելին, քանի որ հետխորհրդային սերունդը միմյանց չի ճանաչում եւ հաճախ, հատկապես ադրբեջանական կողմը, փոխադարձ թշնամական վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ։ Այժմ կուզենայի մի քանի հարցեր տալ.

Ա. Երբ 2012թ. Ադրբեջանում «հերոսացվեց» Ռամիլ Սաֆարովը, եղա՞ն, արդյոք, որեւէ, նույնիսկ ոչ քաղաքական, հասարակական գործիչներ, այլ ուղղակի քաղաքացիներ, որոնք թեկուզ ոչ հրապարակային, այլ խոհանոցում թեյի, սուրճի շուրջ քննադատեին այդ երեւույթը։

Բ. 2013թ. երբ սկսվեցին պետական, հասարակական պարսավանքն ու ահաբեկումները Աքրամ Այլիսլիի նկատմամբ, եղա՞ն, արդյոք, որեւէ, նույնիսկ ոչ քաղաքական, հասարակական գործիչներ, այլ ուղղակի քաղաքացիներ, որոնք թեկուզ ոչ հրապարակային, այլ խոհանոցում թեյի, սուրճի շուրջ քննադատեին այդ երեւույթը։

Գ. Եվ վերջապես՝ Արցախի, Ղարաբաղի մասին։ Հայաստանում Արցախի հարցում քաղաքական, հասարակական գործիչների տեսակետները ծայրահեղ տարբեր են. «Ոչ մի թիզ հող»-ից մինչեւ ձեզ քաջ հայտնի Գեորգի Վանյան (այս անունը լսելիս ադրբեջանցիները դեմքի դրական արտահայտությամբ գլխով արեցին):

Արդյո՞ք Ադրբեջանում, բացի պաշտոնական տեսակետից, այն է միակ զիջումը՝ Արցախին ինքնավարություն Ադրբեջանի կազմում, տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, ուղղակի քաղաքացիներ ունե՞ն այլ կարծիք, իհարկե, ժամանակ առ ժամանակ պաշտոնական Բաքվի՝ Զանգեզուրը նույնպես պահանջելուց բացի։

Ադրբեջանցի լրագրողներից մեկը պատասխանեց, մյուսներն էլ հավանություն տվեցին.

-Ա. Ռամիլ Սաֆարովին ոչ ոք Ադրբեջանում չի հերոսացրել, ձեզ մոտ այդ հարցի մասին թյուր կարծիք կա։

Բ. Աքրամ Այլիսլիի վերաբերյալ հարցը շրջանցվեց, լրագրողներից ոչ մեկն այս հարցին չանդրադարձավ։

-Գ. Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված, Ադրբեջանի ողջ ժողովուրդը միակարծիք է, այլ տեսակետներ ուղղակի գոյություն չունեն։

Անկեղծ ասած, ես առնվազն իմ վերջին հարցի պատասխանը գիտեի եւ այդ մասին ժամանակին գրել էի. «Իսկ թե ինչպիսի «խաղաղարար» նախաձեռնություններ են ունեցել տարբեր հասարակական գործիչներ, սկսած Գեորգի Վանյանով, որոնք խաղաղասիրություն ասելով՝ պատկերացրել են քծնանք եւ զիջում, զիջում մինչեւ վերջ։ Այն դեպքում, որ որեւէ ադրբեջանցի քաղաքական, հասարակական, նաեւ վտարանդի գործիչ երբեւէ չի արտահայտվել Արցախի անկախության օգտին»։ Հետո էլ ասում ենք, թե աշխարհը մեր դեմ է։ Այսպիսով, նախապես իմանալով հարցիս պատասխանը, այն հնչեցրեցի հայկական լսարանի եւ այժմ հրապարակելու համար։

Արձանագրենք, որ այնպիսի լուծում, որը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների ցանկություններին, նշանակում է… պարզ է Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը։ Իսկ որո՞նք են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովուրդների ցանկությությունները։ Արդյո՞ք նրանք տարբեր են։ Եվ եթե տարբեր են, ինչո՞ւ են տարբեր։ Ինչպես հնչեց իմ հարցում, Հայաստանի Հանրապետությունում Արցախի հարցի լուծման կան իրարամերժ կարծիքներ։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա, շեշտում եմ՝ այսօրվա կարծիքը առնվազն շատ անորոշ է. մեկ՝ «Ժողովուրդը պետք է որոշի», հետո՝ «Սա Հայաստան է եւ վերջ» եւ վերջապես՝ «Այնպիսի լուծում, որը կբավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին»։ Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում եւ վարչապետի, եւ այլ իշխանության ներկայացուցիչների խոսքը. «Ադրբեջանը ցանկանում է Արցախի միայն տարածքն, առանց հայերի»։ Այսինքն, կարծես հարցը վերաբերում է միայն արցախցիների անվտանգությանը (արդյո՞ք այդ միտքը չէր նաեւ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի առանցքը), թեկուզ Ադրբեջանի կազմում։ Իսկ եթե մեզ «համոզում են» եւ տալիս այդ «երաշխիքները», ի՞նչ… Չէ՞ որ նմանատիպ «անվտանգության» երաշխիքներ կարող են հետագայում տալ նաեւ Հայաստանի Հանրապետությանը, օրինակ՝ նույն Ադրբեջանը, Թուրքիան, կամ ցանկացած այլ երկիր։ Ուստի…՞ Պատկերացրեք, որ վատ չի լինի. այլեւս կարիք չի լինի բանակ ունենալու, հետեւաբար մեր սիրասուն զավակներին բանակից ազատելու։ Եվ մենք էլ ուրախ-զվարթ քեֆեր կանենք թրքառաբիսական, դարդիման հնչյունների տակ։

Իսկ Արցա՞խը… Ի վերջո, 1923թ. Արցախի ժողովրդին ստիպեցին «ցանկանալ» լինել Ադրբեջանի կազմում։ Արդյո՞ք մենք հերթական անգամ կրկնելու ենք «ինտերնացիոնալ» բոլշեւիկների կատարած ճակատագրական սխալն, այս անգամ նոր «առաջադիմական, միջազգային խաղաղասիրական» փաթեթով։ Երկու թվացյալ «համամարդկային» գաղափարախոսական տարբերությունների տակ թաքնված է նույն անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ազգային արժանապատվության… եւ խորին «ակնածանքը» չեղած «միջազգային հանրության» նկատմամբ։

Եվս մեկ անգամ շեշտեմ. Արցախով է պայմանավորված ողջ Հայաստան աշխարհի ապագան։ Եվ բոլորս՝ իշխանություն, ընդդիմություն, հասարակություն, ժողովուրդ, Սփյուռք, պետք է գոնե այս հարցում լինենք միակարծիք. «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում եւ վե՛րջ»։ Եվ սպասվելիք զարգացող հայ-ադրբեջանական տարբեր ձեւաչափերի հանդիպումներում՝ պատգամավորներ, լրագրողներ, հասարակական գործիչներ միշտ, եւ մտքում, եւ խոսքում պետք է ունենան այդ համոզմունք-կարգախոսը. «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում եւ վե՛րջ»։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930