Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Թող վարչապետին կանչեն ու ասեն՝ ընգե՛ր ջան, էս տեղեկությունը քեզ որտեղի՞ց. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 29,2019 11:55

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի Սերժ Սարգսյանը խորհրդարանական քննիչ հանձնաժողով ներկայանալու հարցում։

– Պարոն Շարմազանով, ի՞նչ տեսակետ ունեք ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ հանձնաժողովին հաջողվելու է բացահայտումներ անել քառօրյա պատերազմի վերաբերյալ։

– Հետեւում եմ հանձնաժողովի աշխատանքներին այնքանով, որքանով որ լրատվամիջոցները տեղեկատվություն են տալիս կատարած աշխատանքի վերաբերյալ, որ ասեմ՝ այդպես գիշեր-ցերեկ հետեւում եմ, չէ, բայց ինչքան հնարավոր է, տեղեկություններին հետեւում եմ։

Ի՞նչ բացահայտում, այս պահի դրությամբ, որ նայում ես Ապրիլյան քառօրյա պատերազմի հանձնաժողովի աշխատանքներին, որեւէ բան չկա։ Ինձ համար էական է պաշտպանության նախարարի կարծիքը. ՊՆախարար Դավիթ Տոնոյանը, ով այն ժամանակ եղել է ՊՆ առաջին փոխնախարարը, ԱԺ-ում հայտարարել է, որ ինքը համոզված է, թե հանձնաժողովի աշխատանքների արդյունքում բոլոր մտահոգությունները կփարատվեն։

Սա մեկ, ես ի սկզբանե ասել եմ, որ Անդրանիկ Քոչարյանը եւ իր կամպանիան առաջինը պետք է հրավիրեն Նիկոլ Փաշինյանին ցուցմունք տալու համար, որովհետեւ Ապրիլյան պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, որպեսզի Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ։ Ես ուղիղ խոսքը մեջ չեմ բերել, այլ ընդհանուր միտքն եմ ներկայացնում։ Թող վարչապետին կանչեն ու ասեն՝ ընգե՛ր ջան, էս տեղեկությունը քեզ որտեղի՞ց։ Եթե պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի հետ, ապա դու էլ գնում ես ՀԱՊԿ-ում միաձայն բաներ եք ստորագրում։ Եթե ՀԱՊԿ-ը ձեւական կառույց է եղել, եթե ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է եղել, ապա այդ ամենը ձեզ որտեղի՞ց։

Ինչ վերաբերում է այդ բացահայտումներին, ապա եթե ինչ-որ խախտումներ են եղել, թող օրենքով սահմանված կարգով պատժվի։

Կրկնում եմ, որ այս պահին դեռ ինձ մոտ համոզմունք կա, որ այդ աղմուկ-աղաղակով ստեղծված հանձնաժողովում դեռեւսս որեւէ բան չկա։ Ես ասել եմ ու կրկնում եմ՝ Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են ու վերջ։ Ով ուրիշ բան է մտածում, ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին։ Թերությունը մի բան է, բայց հաղթանակը որպես պարտություն ներկայացնելը դա արդեն ազգային դավաճանություն է։ Բայց կրկին հորդորում եմ, որ հանձնաժողովը հրավիրի Նիկոլ Փաշինյանին։ Ինչո՞ւ չեն հրավիրում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930