Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալիեւները՝ իրենց իսկ լարած «թակարդում»

Նոյեմբեր 29,2019 11:30

Ուշագրավ զարգացում Ադրբեջանում՝ Մեհրիբան Ալիեւայի ռուսաստանյան այցի ֆոնին

Նոյեմբերի 28-ին Բաքվում կայացել է իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քաղաքական մեծամասությունն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ընդունել է խորհրդարանը ցրելու որոշում: Որոշումը խորհրդարանի օրակարգ կբերվի այսօր՝ նոյեմբերի 29-ին:

Այսպես, Ադրբեջանում որոշում է կայացվել ցրել խորհրդարանը եւ նոր ընտրություններ անցկացնել: Ադրբեջանի իշխող կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն էր կազմում, հետեւաբար ակնկալվում է, որ վերոնշյալ որոշումը կընդունվի։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ որպես խորհրդարանը ցրելու հիմնավորում է նշվել այն, թե՝ գործող խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը համահունչ չի գործում եւ հետ է մնում երկրում անցկացվող բարեփոխումներից:

Ի դեպ, լրատվամիջոցները նկատում են, որ իշխող կուսակցության նիստի մասին նախօրոք հայտարարված չի եղել, այդ մասին հայտնի է դարձել նույն օրը՝ նիստից առաջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում խորհրդարանը ընտրվում է 5 տարի ժամկետով: Վերջին խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին 2015թ. նոյեմբերի 1-ին, իսկ հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային 2020թ. նոյեմբերին:

Ադրբեջանում խորհրդարանը ցրելու նպատակն, այսպիսով, ներկայացվում է որպես՝ աջակցություն նախագահ Իլհամ Ալիեւի բարեփոխումներին ու կադրային փոխատեղումների համար: Ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանական վերնախավը որոշել է երկրի բացասական իմիջի փոփոխություն իրականացնել:

Վերջին տարիներին ալիեւյան իշխանությունների գործունեությունը կապվեց տարբեր սկանդալային գործարքների հետ: Միջազգային մամուլում հետաքննությունների պակաս չի զգացվել այս ընթացքում: Երկրից վտարված ու հալածված իրավապաշտպանները շարունակում են հրապարակայնացնել Ալիեւի իշխանության էությունն՝ իր ողջ «ճոխությամբ»:

Վստահաբար պատահականություն չէր օրերս BBC-ի ռուսական ծառայության կողմից հրապարակված ծավալուն հետաքննական նյութը, որում պատմում են Ադրբեջանի բանակում Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով 2017-ին հարուցված քրեական գործերի մասին։ Նշվել էր, որ 9 մարդ խոշտանգումների հետեւանքով մահացել է, տասնյակ ձերբակալվածներ ենթարկվել են կտտանքների, հայրենիքի դավաճանության մեղադրանքով 25 մարդ դատապարտվել է երկարատեւ ազատազրկման: Իրավապաշտպանների հավաքած տվյալներով՝ ձերբակալվել ու խոշտանգումների է ենթարկվել ավելի քան 100 սպա ու զինվոր: BBC-ն նշում է, որ 2017-ին տեղի ունեցած զանգվածային խոշտանգումների մասին հանրությունը տեղեկացել է միայն 2019-ին, երբ աստիճանաբար բացվել են այդ գործի մանրամասները:

Ադրբեջանում քաղաքական իրադարձությունները հատկապես ուշագրավ են օրեր առաջ Ադրբեջանի նախագահի կնոջ, Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիեւայի ռուսաստանյան այցի ֆոնին:

Մ. Ալիեւան պաշտոնական այցով էր գտնվում Ռուսաստանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեհրիբան Ալիեւային Բարեկամության շքանշան հանձնեց՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ունեցած վաստակի համար: «Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ սա գիտակցված որոշում է եւ հանձնման պատճառը միայն այն չէ, որ Դուք այստեղ եք եւ, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն եք։ Ամենեւին, սա կապված է ձեր աշխատանքի հետ, ձեր գործունեության, միջպետական կապերն այնպիսի բարձր մակարդակի վրա պահելու հետ, ինչպիսին դրանք այսօր են, եւ մենք դա շատ բարձր ենք գնահատում»,- հայտարարել էր Պուտինը։ Նրա խոսքով՝ շքանշանի անվանումն արտացոլում է այն, ինչ անում է Մեհրիբան Ալիեւան՝ ռուս-ադրբեջանական կապերի ամրապնդման ուղղությամբ։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ու Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան քննարկել էին երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ Բաքվում ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերիյ Գերասիմովի գլխավորած պատվիրակությանը: Ալիեւն այս հանդիպման ընթացքում անդրադարձել է  Մեհրիբան Ալիեւայի՝ Ռուսաստան կատարած այցին եւ ընդգծել, որ աննախադեպ իրադարձություն է, երբ երկրի ոչ առաջին դեմքն ընդունվում է «աշխարհի առաջատար պետության ղեկավարի կողմից»: «Մենք շատ բարձր ենք գնահատում այդ այցը: Մենք հասկանում ենք, որ սա աննախադեպ իրադարձություն էր, երբ պետության ոչ առաջին դեմքն ընդունվում է աշխարհի առաջատար երկրի նախագահի կողմից, նախագահի, որը հանդիսանում է թիվ մեկն աշխարհի քաղաքական գործիչների շարքում: Կարծում եմ, որ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ աշխարհի ղեկավարների ճնշող մեծամասնության: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում հրավերի փաստը, հարաբերությունների մակարդակը, Մեհրիբան Ալիեւայի պարգեւատրումը Բարեկամության բարձր շքանշանով եւ այն խոսքերը, որոնք հնչել են պարգեւատրումից հետո… Այս բոլորը կարեւոր քայլեր են մեր հարաբերությունների ամրապնդման համար: Եվ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ մենք հանդիպում ունենք մյուս ամիս»,- նշել էր Իլհամ Ալիեւը:

Ըստ ամենայնի, ադրբեջանական իշխանական վերնախավում վերդասավորման, կամ՝ «ռեսթարթի» գործընթացները տեղի են ունենում Կրեմլի հետ համաձայնեցմանը համահունչ: Կարելի է ենթադրել, որ այդ գործընթացները կողջունվեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի կողմից: Ալիեւի ռեժիմը գործողության մեջ բոլորին էր հոգնեցրել: Հավանաբար, դա գիտակցել է նույնիսկ Իլհամ Ալիեւը՝ որոշելով զարկ տալ «թարմացումներին»: Այլ կերպ ասած՝ Ալիեւն ընկել է իր իսկ լարած «թակարդը», այժմ՝ փորձում է փոփոխություններ մտցնել Ադրբեջանի քաղաքական կյանքում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 29.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ուզում է Նիկոլ Փաշինյանից դափնիները խլել….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930