Մովսես գյուղում 167-ամյա հանրակրթական դպրոցն ու նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին դեմ-դիմաց են: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Դասավանդիր Հայաստան» ծրագրին ներկա էր Մովսես եւ հարակից յոթ գյուղերի հոգեւոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Տեր Հայրն ասաց. «Հպարտություն է, որ դպրոցի հետ այսքան մոտ ենք գտնվում եւ ես որպես քահանա, դպրոցից անբաժանելի եմ: Ես չգիտեմ, թե մեզանում որտեղի՞ց են տպավորությունները, թե եկեղեցին ու դպրոցը իրար հետ ինչ-որ խնդիր ունեն: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ամեն ինչ նորմալ է»:
Հարցին՝ այսինքն, նաեւ նորմալ է, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմությունը դարձնել հայ ժողովրդի պատմություն առարկայի մաս կամ բաժի՞ն, հոգեւորականը պատասխանեց. «Ես դրան շատ հանգիստ եմ վերաբերվում: Ամեն ինչը բնականոն ընթացքի մեջ է: Հետխորհրդային ժամանակահատվածում, երբ մենք առանձնահատուկ ջանք էինք անում, որպեսզի հանիրավի դուրս հանված Քրիստոնեությունը որպես կրոն որեւէ ձեւով բերենք դպրոց, հիմա եկել-հասել ենք մի իրավիճակի, որ պետք է վերախմբավորենք, ընդհանուր մեր պատմագիտությունը պետք է վերախմբավորենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ