Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախարարը, տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը նորից կպարգևատրվե՞ն ակնհայտ ձախողման համար. Թադևոս Ավետիսյան

Նոյեմբեր 29,2019 11:11

Առիթ ունեցել ենք բազմաթիվ անգամներ անդրադառնալու պետական բարձր պաշտոն զբաղեցնողների ինքնապարգևատրումների ու պարգևատրումների արատավոր գործընթացին, որն արդեն ունի հույժ գաղտնի բնույթ, նաև՝ անօրինական դրսևորումներ:

Զուգահեռաբար փաստել ենք՝ իշխանափոխությունից հետո աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հետաձգվում են համակարգային բնույթի, հրատապ մի շարք բարեփոխումներ, արձանագրվել են ընթացիկ կառավարման բազմաթիվ ձախողումներ: Առարկայական խնդիր է նաև այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի ցածր որակը: Այս խնդիրների համար յուրային ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել:

Փոխարենը՝ «նոր» Հայաստանի առաջին օրերին բացառապես սուբյեկտիվ դրդապատճառներով բազմաթիվ մասնագետներ կորցրեցին իրենց աշխատանքը պետական համակարգում, որին միշտ են վերաբերել նվիրումով, աշխատել են ջանք չխնայելով, և որ ամենակարևորն է՝ ազնիվ մղումներով:

Ցավոք պետք է արձանագրենք, որ բերված փաստերն ավելանում են նոր օրինակներով:

Մասնավորապես, 2019 թվականի նոյեմբերի 21-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառված էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը, ըստ որի՝ կառավարությունը ամբողջությամբ վերաշարադրեց ընդամենը երեք շաբաթ առաջ այդ նույն նախարարության առաջարկով ընդունած իր որոշումը: Այս որոշմամբ նախատեսված էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել կապիտալ դրամաշնորհ 1,9 միլիարդ դրամի չափով՝ մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու նպատակով:

Որոշման ամբողջական փոփոխության համար բերված հիմնավորումն էլ հետևյալն է՝

փոփոխությունը պայմանավորված է որոշման մեջ առկա խնդիրները կարգավորելու, հնարավոր բացթողումները վերացնելու անհրաժեշտությամբ, որի արդյունքում կապահովվի մանկատների շրջանավարտների բնակարանի հարցի լուծման արդյունավետ տարբերակ: Եվ այս նոր տարբերակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզել է որոշման ընդունումից հետո՝ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ կադաստրի կոմիտեի հետ ունեցած քննարկումների արդյունքում:

Փաստորեն ստացվում է՝ առանց անհրաժեշտ բովանդակային քննարկումների նախարարությունը կառավարությանն առաջարկում է որոշման նախագիծ: Ընդունում են որոշում: Հետո նոր՝ որոշման իրականացման ընթացքում քննարկումներ են ունենում: Եվ քննարկումների արդյունքում պարզվում է՝ որոշման ընդունումից ընդամենը երկու շաբաթ անց պետք է ամբողջությամբ փոխվի իրենց որոշումը և հաստատվի նոր կարգ:

Իհարկե, առանձին խնդիր է նաև այս որոշման իրականացման բուն գործընթացի կազմակերպումը՝ ոլորտային կառավարման այսպիսի պայմաններում:

Պետական թափանցիկ կառավարման առումով էլ ակնհայտ խնդիր է այն, որ խնդրահարույց այս նախագիծը ՀՀ կառավարության նիստի օրակարգ էր ընդգրկվել՝ որպես չզեկուցվող հարց: Եվ ընդունվեց՝ առանց կառավարության նիստում բարձրաձայնվելու:

Բնական հարց է առաջանում. «Այս ակնհայտ խնդիրների համար առաջնային պատասխանատու հանդիսացող բարձրաստիճան պաշտոնյանները պետք է շարունակեն ստանալ պարգևատրու՞մ՝ իրենց աշխատավարձի չափով, թե՞ …»:

Իրավական առումով հատկանշական է այն, որ գործող օրենքով պետական պաշտոնյան պարգևատրվում է իր աշխատանքի կատարողականի արդյունքներով, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի համար: Իսկ ակնհայտ ձախողումների համար առանձին խումբ բարձրաստիճանների պարգևատրման՝ օրենքով սահմանված հիմքեր դեռևս չկան:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930