Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի վերջո, նվիրատվությունը հանրությունից հակահեղափոխականները չէ, որ թաքցրել են. «Ժամանակ»

Նոյեմբեր 29,2019 10:32

Ինչո՞ւ էր քաղաքապետարանը խուսափել հանրությանը նվիրատուների մասին տեղեկացնելուց: Իսկ տեղյա՞կ էր այդ ամենից, օրինակ, վարչապետ Փաշինյանը, որն ինքը պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման սկզբունքի մասին ու նաև փորձում հնարավոր տարբերակներով հանրությանը ներկայացնել պարբերական հաշվետվություն: Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղակի անփորձության, սխալ կողմնորոշվելու, քարոզչական մարտահրավերները թերագնահատելո՞ւ, թե՞, այդուհանդերձ, կոռուպցիոն ռիսկի արդյունք է: Հարցերն իսկապես շատ են և անկասկած է, որ դրանք հասնում են արդեն ընդհուպ կառավարող մեծամասնության քաղաքական ղեկավարությանը: Այն, որ կարողունակ մարդիկ նվիրատվություն կանեն համայնքներին, որևէ կերպ ոչ միայն դատապարտելի չէ, այլ նույնիսկ խրախուսելի: Սակայն ամենատարօրինակն այն է, որ քաղաքապետարանը տվյալ պարագայում հանրությունից գաղտնի է պահել նվիրատվությունը: Այստեղ իրավիճակ է, երբ, մեղմ ասած, բարդ է խոսել «հեղափոխություն-հակահեղափոխություն» բանաձևով:

Ի վերջո, նվիրատվությունը հանրությունից հակահեղափոխականները չէ, որ թաքցրել են: Եվ աղմուկն էլ, ի վերջո, քարոզչական հնարքի կամ նենգափոխման, այսպես ասած, ֆեյք նյուզի տրամաբանությամբ չէ, որ ձևավորվել է, այլ իսկապես հիմնավոր հարցադրումների: Մեծ հաշվով, այդ իմաստով ստեղծված իրավիճակն իրապես եզակի է, որպես աղմկոտ պատմություն և այն կարող է առնչվել քաղաքական տողատակերի: Արդեն իսկ հնչում են հայտարարություններ, որ Հայկ Մարությանը պետք է հրաժարական ներկայացնի: Կձևավորվի՞ այդ հարցում, այսպես ասած, նոր քաղաքական ճակատ, կրթության ու գիտության նախարարի հանդեպ անարդյունավետ փորձից հետո: Արդեն իսկ հնչում են քաղաքապետի հրաժարականի և արտահերթ ընտրության մասին հարցադրումներ, թեև ֆորմալ իմաստով քաղաքապետի հրաժարականն ամենին չի ենթադրում կամ պահանջում արտահերթ ընտրություն: Մյուս կողմից, իսկ կարո՞ղ է արտահերթ ընտրությունը դիտարկվել ներքաղաքական որոշակի լիցքաթափման մեխանիզմ՝ ներկայիս բավականին լարված ու հագեցած փուլի համատեքստում:

Այստեղ, իհարկե, մեծ նշանակություն է ունենալու այն, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի քաղաքական թիմը և մասնավորապես վարչապետ Փաշինյանը, ինչպիսին է նրա գնահատականը իրավիճակին: Արդյոք նա կանդրադառնա՞ թեմային Բիշքեկից վերադարձից հետո, որտեղ մասնակցում էր ՀԱՊԿ պետությունների ղեկավարների վեհաժողովին: Այն, որ իրավիճակը կարող է հանգեցնել կառավարող ուժի ներսում հերթական տարակարծությունների և բաժանարար մոտեցումների, կասկածից վեր է: Այստեղ էական է դառնալու, թե Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշմամբ որքանով կնախընտրի հարված վերցնել իր վրա և պահել Հայկ Մարությանին: Մյուս կողմից, իսկ ով կարող է լինել կառավարող ուժի քաղաքապետի նոր թեկնածուն, նրանից բացի: Պետք է նկատել, որ, այսպես ասած, հնչեղ թեկնածուներ ցուցակում չկային, թեև մյուս կողմից, իհարկե, հնչեղությունը ամենևին արդյունավետության երաշխիք չէ, և հակառակը: Իր հերթին հարց է, թե արդյոք Հայկ Մարությանը չի հայտնվե՞լ որոշակիորեն նաև ներքին հարվածի թիրախում:

Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930