Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդիայի ընկալման տարբերությունը

Նոյեմբեր 29,2019 10:00

CNN հեռուստաալիքը, որն, ինչպես հայտնի է ֆինանսավորվում է ԱՄՆ ներկայիս նախագահի քաղաքական հակառակորդների կողմից, ունի հատուկ հաղորդաշար՝ «All the President՚s Lies»՝ «Նախագահի բոլոր ստերը»: Այդ հաղորդաշարի շրջանակներում նախ մեջբերվում է Թրամփի այս կամ այն հայտարարությունը, իսկ այնուհետեւ կադրից դուրս տեքստերի, ինչպես նաեւ բազմաթիվ հյուրերի՝ փորձագետների, գիտնականների, մեկնաբանների, «փաստեր ստուգողների» միջոցով այդ հայտարարությունը «սխալ է հանվում»:

Հեռուստատեսային մասնագիտական որոշակի փորձ ունեցողի համար պարզ է, թե ինչպես հաղորդաշարի հեղինակները մոնտաժով (տարբեր տեսարանների համադրությամբ), Թրամփին «ոչ հարմար» դիրքով եւ դիմախաղով ցույց տալով, նրա ասածներից «իրենց ձեռնտու» բառեր եւ նախադասություններ առանձնացնելով ուժեղացնում են ներգործությունը լսարանի վրա:

Այնպես չէ, որ Թրամփը երբեք չի ստում: Ինչպես եւ աշխարհի բոլոր ղեկավարները, բոլոր քաղաքական գործիչները, նա, իր նպատակներին հասնելու համար, ժամանակ առ ժամանակ մոլորեցնում է հանրությանը՝ թե՛ իր երկրում եւ թե՛ մնացած աշխարհում:

Օրինակ, CNN-ը ճիշտ է նկատել, որ Թրամփը, հայտարարելով Սիրիայի հյուսիսից ամերիկյան զինվորականների դուրս բերման մասին, իրականում դա չի արել, պարզապես մենակ է թողել քրդերին թուրքական կանոնավոր բանակի դեմ:

Բայց ընդհանուր առմամբ, հեռուստաալիքի ոչ անաչառ լինելն ակնհայտ է: Օրինակ, Թրամփը խրոխտ կերպով հայտարարում է տնտեսական հաջողությունների մասին, որից հետո ցուցադրվում է սյուժե մի կնոջ մասին, որը խեցգետնի առեւտրով է զբաղվում, բայց վերջերս չի կարողանում դրանք վաճառել՝ հաճախորդներն են պակասել: Լրագրողը կնոջը հարցնում է՝ իսկ ինչ կլինի, եթե Թրամփը վերընտրվի՞ (ամբողջ խնդիրն, իհարկե, 2020 թվականի նախագահական ընտրություններն են), եւ կինը պատասխանում է՝ դե, որ վերընտրվեց, մենք կորած ենք:

Մի խոսքով, իշխանությունն ասում է՝ երկիրը ծաղկում է, ընդդիմությունը, 2020 թվականի ընտրություններում Թրամփի մրցակիցները պնդում են, որ երկիրը կործանվում է: Ծանոթ պատկեր է, այդպես չէ՞:

Հայաստանի հետ տարբերությունն այն է, իմ կարծիքով, որ ամերիկացիները մեզ նման դյուրահավատ եւ դյուրագրգիռ չեն: Այո, այսինչ  լրատվամիջոցը քարոզում է այսինչի կողմ կամ այսինչի դեմ՝ դա նորմալ է համարվում: Ոչ ոք ձեռքերը ծնկներին չի խփում՝ «վա՜խ, անամոթներ, էդ ո՞նց եք համարձակվում մեր սիրելի նախագահին բան ասել», կամ, հակառակը, չի հրճվում՝ «վա՜խ, ապրես, մեռնեմ դուխիդ՝ շշեցիր»: Քարոզում է՝ թող քարոզի, նրա իրավունքն է, ես էլ կլսեմ, ու իմ հետեւությունները կանեմ, կամ էլ՝ չեմ լսի: Այս պայմաններում է, որ գնահատվում են անաչառ լրատվամիջոցները, որոնք ոչ մեկին չեն  «շշում»:

Եթե CNN-ով դատենք (իսկ դա Հայաստանի «բաց եթերում» միակ ամերիկյան հեռուստաընկերությունն է), ապա Թրամփը անհավասարակշիռ, իր խոսքի գինը չհասկացող մի ծաղրածու է: Բայց կա ամերիկացիների մի ստվար հատված (գուցե մեծամասնությունը), որը շատ բարձր է գնահատում է իր նախագահին: Ճիշտ է, հրճվանքից չի խեղդվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ամերիկացի ժողովուրդը խաբելը նոյնքան դիւրին ու հեշտ է, որքան Հայաստանի ժողովուրդը:

    Տարբերութիւնը այն է որ ԱՄՆ-ն կայացած պետութիւն մըն է, զօրեղ տնտեսութիւն ունի, հսկայական տարածք եւ բնակչութիւն: Հետեւաբար, երբ որ այդտեղ ժողովուրդը, հիմնականօրէն խաբուելով, սխալ անձեր ընտրէ քաղաքական դիրքերու վրայ, ներառեալ գործադիր իշխանութեան բարձրագոյն պաշտօնը, ծայրագոյն աստիճանի վատ հետեւանքները անգամ այդքան ալ ծանր ու նշանակալից, աղետալի չեն ըլլար. մանաւանդ ու վստահաբար ոչ՝ ԱՄՆին համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930