Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք 100 դրամի համար արժե շատ ավելի ռեսուրս գործադրել այն բռնագանձելու համար

Նոյեմբեր 29,2019 13:00

«Առավոտի» հարցազրույցը փաստաբան Լուսինե Մկրտչյանի հետ

– Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման հիման վրա անձը ենթարկվել էր վարչական պատասխանատվության եւ նշանակված տուգանքը տերմինալի միջոցով վճարվել էր։ ԴԱՀԿ-ն անգամ վճարված լինելու դեպքում չէր էլ բարեհաճել որոշումն ուղարկել անձին, հաշվի չառնելով նաեւ այն, որ այդ անձը հնարավոր է որոշի եւ դրանք բոլորը բողոքարկի՝ պահանջելով իր գումարը: Վարչական դատարանը հեղեղված է նման դատական պատմություններով: Որքանով տեղյակ եմ, նման մի գործ էլ Դուք ունեիք: Կներկայացնե՞ք:

– Անձը ենթարկվել էր վարչական պատասխանատվության եւ այո, տերմինալի միջոցով նշանակված տուգանքը վճարվել էր: Սակայն տերմինալի միջոցով վճարման միջնորդավճար 100 ՀՀ դրամը չէր վճարվել, որի մասին վարչական ակտի հասցեատերը տեղեկանում է, իր տրանսպորտային միջոցը վաճառելու եւ ՀՀ օրենսդրությանը համապատասխան հաշվառումից հանելու գործընթացի ժամանակ։ Այդ ժամանակ պարզվում է, որ նշանակված տուգանքը վճարելիս՝ չի վճարվել 100 ՀՀ դրամ միջնորդավճարը։ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը, 100 ՀՀ դրամ պարտք մնացած գումարը համարելով  անբողոքարկելի վարչական ակտի դրամական պահանջ, այն հարկադիր կատարման եղանակով իրականացնելու նպատակով՝ գրություն է ուղարկում ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՀՀ Ճանապարհային ոստիկանության գրության հիման վրա կայացնում է «Կատարողական վարույթ հարուցելու եւ արգելանք դնելու մասին» որոշում։ Ըստ այդ որոշման՝ հարկադիր կատարողը որոշում է վարչական ակտի հասցեատիրոջից բռնագանձել 100 ՀՀ դրամ՝ որպես վարչական ակտով բռնագանձման ենթակա գումար եւ 50 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս։

– Արդյո՞ք 100 ՀՀ դրամ գումարը համարվում էր անբողոքարկելի վարչական ակտով դրամական պահանջ, թե՝ ոչ, արդյո՞ք այն հարկադիր կատարման միջոցով բռնագանձելուն ուղղված գործողությունները համարվում են վարչական վարույթի մաս:

– Ստեղծված իրավիճակում արդեն իսկ առերեւույթ առկա են անձի իրավունքներին, ազատություններին միջամտությունները, սակայն այդ հարցերը, միջամտությունները կարեւորության եւ կշիռի տեսանկյունից, կարելի է ասել, փոքր-ինչ նվազ են՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից անձի անվամբ առկա գույքերի վրա արգելանք դնելու եւ անձի գույքի տնօրինման իրավունքը սահմանափակելու հետ համեմատ։ Արդյունքում՝ ՀՀ հարկադիր կատարման ծառայությունը, փաստորեն, կարող է անձի անվամբ առկա գույքերի վրա դնել արգելանքներ եւ սահմանափակել անձի մի շարք իրավունքների իրականացումը՝ 150 ՀՀ դրամ գումար բռնագանձելու համար։ Իսկ 100 ՀՀ դրամ գումար բռնագանձելու համար ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթի իրավաչափության հարցից կարեւոր է՝ 150 ՀՀ դրամ գումար բռնագանձելու նպատակով անձի անվամբ գույքերի վրա արգելանք դնելու եւ անձի տնօրինման իրավունքի սահմանափակման իրապես անհրաժեշտությունը եւ համաչափությունը։

Համաչափության սկզբունքը համարվում է հանրաճանաչ, սահմանադրական սկզբունք, իսկ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով համարվում է վարչարարության հիմնական սկզբունքներից մեկը։ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակին եւ դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր։ Այս դեպքում, եթե ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «Կատարողական վարույթ հարուցելը եւ արգելանք դնելու մասին» որոշում կայացնելը՝ եղել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից ուղարկված ենթադրյալ անբողոքարկելի վարչական ակտով սահմանված դրամական պահանջների կատարումը՝ 100 ՀՀ դրամ գումար բռնագանձելը՝ որպես հետապնդվող նպատակ, ապա այդ նպատակին հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր։ Արդյո՞ք անձի անվամբ առկա գույքերի վրա արգելանք դնելը եւ անձի տնօրինման իրավունքը սահմանափակելը՝ որպես  100 ՀՀ դրամ գումար բռնագանձելու ընտրված միջոցը, պիտանի է, անհրաժեշտ է եւ չափավոր։

– Արդյո՞ք ՀՀ ճանապարհային ոստիկանությունը 100 ՀՀ դրամ գումարը՝ որպես ենթադրյալ անբողոքարկելի վարչական ակտով սահմանված բռնագանձման ենթակա գումար, այն բռնագանձելու այլ միջոց չուներ, օրինակ՝ զանգելու կամ SMS հաղորդագրության միջոցով տեղեկացնելու  եղանակով, որպիսի պայմաններում այն բռնագանձելու պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր միջոցը համարել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով բռնագանձումը։

– Ես կհավելեի հարցադրմանը՝ արդյո՞ք ՀՀ հարկադիր կատարումն ապահովող  ծառայությունը այլ միջոց չուներ 150 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու համար, քան անձի անվամբ առկա գույքերի վրա արգելանք դնելը եւ անձի գույքի տնօրինման իրավունքը սահմանափակելը։

Այս ամենից կարելի է գալ այն եզրահանգման, որ պետությունը, առավելագույնը 20 ՀՀ դրամ ծախսելու փոխարեն, ծախսում է ավելի շատ գումար եւ ռեսուրս 100 ՀՀ դրամ գումարը հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով բռնագանձելու համար։ Իսկ անձի իրավունքներին, ազատություններին միջամտությունը ոչ միայն իրավաչափ չէ, այլեւ ակնհայտ անհամաչափ է, որն ուղղակիորեն հանգեցնում է Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու մի շարք հիմնական իրավունքների, ազատությունների եւ համաչափության սկզբունքի խախտմանը։ Իսկ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելը անձից ժամանակ, ռեսուրս է պահանջվում եւ անձինք նախընտրում են նույնիսկ ակնհայտ ոչ իրավաչափ, անհամաչափ գործողությունների, վարչական ակտերի դեմ հայցեր չներկայացնելը, գործընթացներ չսկսելը եւ արդյունքում ստացվում է պաշտոնատար անձինք մնում են անպատիժ։

– Հարգարժան  փաստաբան, այս կարգի գործերը պետք է դառնան դատական քննության առարկա:

– Հենց այսպիսի գործերը նաեւ պետք է անպայմանորեն դատարանում քննության առարկա դառնան, այս տեսակ իրավիճակներում է նաեւ պետք ցուցաբերել պահանջկոտություն եւ հետեւողականություն՝ այսպիսի պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում, որպիսի պայքարը կհանգեցնի այն իրողության, որպեսզի վարչական մարմինները, իրապես սահմանափակված լինեն մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, իրենց լիազորություններն իրացնելիս։

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930