Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզի դատարանի 2012 թվականի դատավճիռը Վճռաբեկ դատարանը բեկանեց վերջերս

Նոյեմբեր 29,2019 12:30

Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 18-ին բավարարել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի բողոքը՝ կապված Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վեց տարի առաջ կայացրած դատավճռի դեմ: Դատապարտյալներ Արամ եւ Արթուր Ավետիքի Մարտիրոսյանների վերաբերյալ դատական ակտը վերանայվելու է: Վճռաբեկի որոշումը փաստաբանը ստացել էր երկու օր առաջ:

2012թ. փետրվարի 23-ի դատավճիռը եւ այն օրինական ուժի մեջ թողնելու վերաքննիչ քրեական դատարանի 2012թ. հուլիսի 20-ի որոշումը բեկանվել է եւ այն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության:

Ինչպես տեղեկացրել էինք, այս գործով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Անտոնյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Ա. Մարտիրոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Առավոտին» հայտնել էր, որ «Դատելով 19.08.2019թ-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ձեւակերպումից, որոշման բովանդակությունից, հետեւում է, որ նրան մեղսագրված է կեղծ թղթադրամն իրացնելու օժանդակություն, սակայն որոշման եզրափակիչ մասում նշված է, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 2012-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը»:

Լ. Սիմոնյանն ասել էր, որ դատարան ներկայացված որեւէ նյութում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ կամ տեղեկություններ առ այն, որոնցով կարելի է գալ այն հետեւության, որ Արթուր Մարտիրոսյանն առնչվել է այն մեղադրանքի ձեւակերպմանը, որը նկարագրված է նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ. «Նույնիսկ ներկայացված գաղտնալսման ամփոփագրերի պատճենների զննության արձանագրությունից, որն, ըստ իս, չի կարող հանդիսանալ թույլատրելի ապացույց, չի հետեւում, որ Արթուր Մարտիրոսյանը կարող է առնչվել այն մեղադրանքի հետ, թե իբրեւ օժանդակել է այլ անձի կեղծ թղթադրամներ իրացնելուն: Ավելին, դրանցում իսպառ բացակայում են կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ փաստական տվյալներ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ

28.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930