Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաշքներ լինում են ոչ միայն հեքիաթներում…

Նոյեմբեր 29,2019 12:00

Եվրոպական երկրներում վերջին տարիներին տարվում է ակտիվ բացատրական աշխատանք՝ կանեփի երբեմնի «բարի համբավը» վերականգնելու  համար, հստակ տարանջատելով տեխնիկական կանեփը «մարիխուանայից»:

Կանեփի տեքստիլ ու բուժական հատկությունները մարդկությանը հայտնի են եղել դեռևս հազարամյակներ առաջ: Կանեփի մշակության մասին հայտնի ամենահին արձանագրությունը (5000 տարի առաջվա) հայտնաբերվել է Չինաստանում: Կանեփաթելի օգտագործումը, հնագետների տեղեկություններով, առաջինը սկսվել է Հին Եգիպտոսում, որտեղ  մ.թ. 8000 տարի առաջ մարդիկ կրել են կանեփից գործված հագուստներ: Կանեփի և նրա կախարդական՝ գերբնական հատկությունների մասին լեգենդներ կարելի է հանդիպել շատ կրոններում: Իսկ  1916թ. ԱՄՆ գյուղնախարարությունը կանեփը ճանաչել է որպես ամենաեկամտաբեր մշակաբույս: 1998թ.-ին Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային գիտաժողովում կանեփը համարվել է 21-րդ դարի մշակաբույս և իր նշանակությամբ համեմատվել է հացահատիկի հետ: Նավթը համարում են սև ոսկի, բամբակը՝ սպիտակ, իսկ տեխնիկական կանեփը՝ կանաչ ոսկի: Բոլորին քաջ հայտնի է, որ «մարիխուանան» և տեխնիկական կանեփը պատկանում են նույն կանեփազգիների ընտանիքին, սակայն շատ քչերը գիտեն, որ դրանք տրամագծորեն օժտված են տարբեր  կենսաքիմիական  հատկություններով: Նրանց ամենահիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ տեխնիկական կանեփի տեսակները աննշան՝ 0,2-0,3 տոկոս թմրանյութ (տետրահիդրոկանաբինոլ) են պարունակում, որը միանգամայն պիտանի չէ թմրամոլների համար: Մինչդեռ «մարիխուանան» պարունակում է 4-20 տոկոս տետրահիդրոկանաբինոլ, ինչն  օժտված է հոգեմետ հատկություններով՝ օգտագործվում է բժշկական նպատակներով և որպես թմրամիջոց: Կանեփի մշակությամբ զբաղվող զարգացած  երկրներում տեխնիկական կանեփը չի պատկանում թմրանյութ պարունակող բույսերին և դիտվում է որպես սովորական գյուղատնտեսական մշակաբույս: Անցած հարյուրամյակի 60-ական թվականներից սկսած՝ տեխնիկական կանեփը նույնացվել է  թմրամիջոցի հետ և խոսակցությունները, թե իբր տեխնիկական կանեփը նույնպես վնասակար թմրամիջոց է, դա այդ ժամանակի հաշվենկատ կապիտալիստների հորինվածքն ու սև փիառն է եղել հանրության շրջանում ու կառավարական շրջանակներում, քանի որ նրանից ստացված արտադրանքները մրցակցային ակնհայտ առավելություններ ուներ թուղթ, նավթ, բամբակ և դեղեր  արտադրող խոշոր ընկերությունների արտադրանքի նկատմամբ, լինելով էկոլոգիապես ավելի մաքուր, անվտանգ և էժան: Կանեփն օժտված է կենսաբանական  զարմանալի առանձնահատկություններով՝ աճում է երկրագնդի գրեթե բոլոր լայնություններում՝ մինչև 2000մ բարձրության վրա, ունիվերսալ է ցանքաշրջանառության համար և կենսաբանորեն համատեղելի է բոլոր մշակաբույսերի հետ, կենսունակ է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ և հետևաբար նրա վեգետացիայի ընթացքում չեն օգտագործվում թունաքիմիկատներ, ինչը ենթադրում է, որ նրանից ստացված արտադրանքը էկոլոգիապես մաքուր է ու անվտանգ: Այն շուրջ 4 անգամ ավելի քիչ է պահանջկոտ ջրի նկատմամբ, մշակությունը քիչ աշխատատար է, ինքնարժեքը՝ ցածր, իսկ վեգետացիան տևում է ընդամենը 100-120 օր, ինչը նշանակում է, որ Հայաստանի ցածրադիր մարզերում տարեկան կարելի է ստանալ 2 բերք: Կանեփն ունի նաև բնապահպանական հետաքրքիր հատկություն՝ վերամշակումն անթափոն է, մաքրում է հողը ծանր մետաղներից, արագ է յուրացնում ածխաթթու գազը և 3-4 անգամ ավել թթվածին արտադրում, քան լայնատերև ծառերը: Տեխնիկական կանեփը այն  վերականգնվող ոեսուրսն է, որը գործնականում ընդունակ է բավարարելու մարդկության գրեթե բոլոր պահանջմունքները: Ասում են՝ կանեփը կերակրում, հագցնում, բուժում և տաքացնում է մարդուն:Տարբեր մասնագետների գնահատականներով, կանեփից ստացվում է 25-50 հազար ապրանքատեսակ: Շատ երկրներում արդեն փոփոխություններ են կատարվել գործող օրենսդրություններում և ազատականացվել է տեխնիկական կանեփի մշակությունը: Արդյունքում՝ կտրուկ ավելանում են կանեփի ցանքատարածությունները և ներկայումս աշխարհում արդեն գործում են 2000 -ից ավելի կանեփ վերամշակող գործարաններ:

Ի դեպ, ելնելով այս մշակաբույսի բացառիկ կարևորությունից, տարբեր ժամանակներում որոշ երկրների կառավարություններ  ձեռնարկել են միջոցներ՝ կանեփի մշակության խրախուսման համար: Օրինակ, դեռևս 1715թ. Ռուսաստանի կայսր Պյոտր Առաջինը  ստորագրել է հրամանագիր կանեփի ցանքատարածությունների ընդարձակման մասին, իսկ 1935թ. ԽՍՀՄ կառավարության որոշմամբ կանեփի մշակության համար տրամադրվում էին հատուկ արտոնություններ և այդ տարիներին մշակվել է 800-900 հազար հեկտար կանեփ: ԱՄՆ-ում 19-րդ դարի կեսերին՝ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կառավարման տարիներին արդեն լավ հայտնի էին կանեփի բուժական ու տեքստիլ հատկությունները և այն այնքան կարևորվեց, որ ֆերմերներին կանեփի մշակության համար տրվում էին դոտացիաներ: Ներկայումս էլ ԵՄ երկրներում կանեփ մշակող ֆերմերներին նույնպես տրվում են փոխհատուցումներ:

Կանեփի կարևորության մասին է խոսում նաև այն փաստը, որ մինչև 19-րդ դարը ԱՄՆ-ում հարկերը կարող էին վճարել կանեփով, իսկ 1763-1769թթ. կանեփ մշակելուց հրաժարվելու համար Վերջինիայի նահանգում ֆերմերներին նույնիսկ բանտ էին նստեցնում: Կան կարծիքներ, որ Նապոլեոնը 1812թ. կանեփի պատճառով է հարձակվել Ռուսաստանի վրա, ցանկանալով արգելափակել Ռուսաստանից Անգլիա արտահանվող կանեփը: Կանեփի արտադրության առաջատարներ են Չինաստանը, Ֆրանսիան, Եգիպտոսը, Ավստրալիան, Կանադան, ԱՄՆ-ը և Չիլին: Ներկայումս տեխնիկական կանեփ մշակում կամ վերամշակում են Եվրամիության 21 երկիր, ինչպես նաեւ Չինաստանը, Եգիպտոսը, Կանադան, ԱՄՆ-ը, Չիլին, Իսրայելը, Հնդկաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Կիպրոսը, Թաիլանդը, Թուրքիան, Ուկրաինան, Ուրուգվայը, Հարավային Աֆրիկան և այլ երկրներ:  Իսկ Չինաստանում, Կորեայում, Չեխիայում, Կանադայում և Ճապոնիայում ընդունվել են «Կանեփագործության զարգացման» պետական ծրագրեր:  Արագ  տեմպերով զարգանում են կանեփի հատկությունների ուսումնասիրման ու նոր տեսակների ստացմանն  ուղղված գիտահետազոտական աշխատանքները: Կանեփից պատրաստված թելը (պարանը) ամենաամուրն է բնական ծագում ունեցողներից, չի քայքայվում ծովային ջրում և օգտագործվում է կենցաղում, շինարարությունում, նավագնացության մեջ և շատ այլ ոլորտներում: Այն 10 անգամ ամուր է բամբակից, բերքատվությունը 3-4 անգամ ավելի է բամբակից  և կարող է օգտագործվել բոլոր տեսակի հագուստների մեջ: Կանեփն  էկոլոգիապես մաքուր է, իսկ նրանից ստացված գործվածքները և հագուստը շատ ամուր են, երկարակյաց և չեն դեֆորմացվում ու տասնյակ տարիներ պահպանում են իրենց տեսքը: Կանեփից ստացված գործվածքը «շնչող» է և բարերար ազդեցություն է թողնում մարդու ամբողջ օրգանիզմի վրա: Բացի այդ, այն շուրջ 95 տոկոսով անդրադարձնում է ուլտրամանուշակագույն ճառագայթները:

Ի դեպ,  «Levis» ֆիրմայի առաջին ջինսերը կարվել են հենց կանեփի գործվածքից: Կանեփից կարված կոշիկներն աչքի են ընկնում ամրությամբ, ունեն բացիլասպան հատկություն և պաշտպանում են ոտքերը սնկերից: Մեկ հեկտար կանեփից կարելի է ստանալ այնքան թուղթ, որքան 4 հեկտար անտառից: Այն ավելի ամուր է, դիմացկուն և էժան: Անտառի աճի համար անհրաժեշտ է 15-20 տարի, իսկ կանեփի համար՝ ընդամենը 100-120 օր: Չինաստանում առաջին թուղթն արտադրվել է կանեփից, Գերմանիայում և ԱՄՆ –ում՝ առաջին Աստվածաշունչը, ԱՄՆ առաջին դոլարը և սահմանադրությունը տպագրվել են կանեփի թղթի վրա: 1853թ. ԱՄՆ առաջին դրոշը կարվել է կանեփի գործվածքից:

Կանեփից ստացվում է էկոլոգիապես մաքուր և էժան վառելանյութ՝ բիոդիզել և էտանոլ/մետանոլ, քան նավթից ստացվածը: Կանեփը լայնորեն օգտագործվում է նաև շինարարության մեջ, նրանից պատրաստում են շենքերի երեսապատման սալիկներ, մանրահատակ, ջերմամեկուսիչ նյութեր, էկոլոգիապես մաքուր ներկեր և այլն: Կանեփը մեծ կիրառություն ունի նաև ավտոմոբիլաշինության և մարտկոցների արտադրության մեջ: Հենրի Ֆորդի կողմից թողարկված առաջին մեքենայի շատ դետալներ պատրաստված էին կանեփից արտադրված նյութերից, իսկ ավտոմեքենան նախատեսված էր կանեփից ստացված վառելիքով: Կանադայում  «Hemparth» ընկերությունը կառուցել է ինքնաթիռ, որի դետալների երեք քառորդը կազմված է կանեփից ստացված  ածխապլաստիկից և աշխատում է կանեփից ստացված վառելանյութով: «Բոինգ 787» ինքնաթիռի իրանի  87 տոկոսը բաղկացած է կանեփից պատրաստված նյութերից, որոնք շատ ավելի ամուր են և թեթև, քան մետաղից պատրաստվածը: Կանեփից ստացված պատրաստուկները լայնորեն կիրառվում են նաև տիեզերագնացության մեջ: Իսկ արտադրված վառոդը ապահովում է հրացանի գնդակի ավելի մեծ արագություն, քան՝ սովորական վառոդը: Կանեփից պատրաստում են նաև գորգեր, կոսմետիկա, շամպուն, պայուսակներ, կահույք և այլն: Այն շատ լավ սնունդ է (կանեփից ստանում են նաև կաթ, ալյուր, ձավարեղեն) և անասնակեր կենդանիների ու թռչունների համար: Չեխիայում կանեփից պատրաստում են օղի Cannabis, Շվեյցարիայում՝վիսկի, որը կոչվում է Canna Williams, իսկ Գերմանիայում՝ գարեջուր Canabia և գազավորված ըմպելիք Cannacola ու Cannalime անվանումներով: Ներկայումս Իտալիայում և շատ այլ եվրոպական երկրներում գոյություն ունեն մասնագիտացված հատուկ սրճարաններ, որտեղ մատուցում են կանեփից պատրաստված թեյ և տարբեր ուտեստներ:

Հնդկաստանում և Չինաստանում   դեռևս հազարամյակներ առաջ կանեփը մշակվել է որպես բուժիչ մշակաբույս: Կանեփից ստանում են յուղ, որը հարուստ է արժեքավոր սպիտակուցով և A, B1, B2, B3, B6, C, D, և E վիտամիններով, պարունակում է 20 տեսակի ամինաթթուներ, որոնցից 9-ը անփոխարինելի են: Իսկ սերմերից ստացված յուղը իր մեջ պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր ամինո և ճարպաթթուները: Ամերիկյան և եվրոպական գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանեփի մեջ առկա  60 կենսական ակտիվ նյութերը կարող են օգտակար լինել ամենածանր և անբուժելի համարվող շուրջ 100 հիվանդությունների բուժման դեպքում: Շատ փորձագետներ գտնում են և հետազոտությունները տալիս են հուսադրող արդյունքներ, որ կանեփից ստացված յուղը կարող է օգտակար լինել սրտանոթային հիվանդությունների՝ բարձր զարկերակային ճնշման, խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում: Այն շատ արդյունավետ է նաև  որպես հակաուռուցքային միջոց,  մաշկային որոշ հիվանդությունների (մասնավորապես՝ էկզեմա, դերմատիտ, պսորիազ և այլն) բուժման, դեպրեսիայի, սպիդի, պարկինսոնի հիվանդության, սեռական խանգարումների, ասթմայի, անքնության, հոգեկան խանգարումների, էպիլեպսիայի, հերպեսի, մարսողական, ոսկրային հիվանդությունների դեպքում և այլն: Այն նաև օրգանիզմի համար որպես հակաբորբոքային, մաշկը արևից պաշտպանելու և օրգանիզմի ընդհանուր ամրացման  լավ միջոց է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկության ոլորտում Հայաստանն ունի մեծ գիտական ու մասնագիտական ներուժ, կարող ենք ունենալ նաև կանեփաբուժության  գիտահետազոտական կենտրոններ ու հիվանդանոցներ, որոնք  տարածաշրջանում առաջինը կարող են լինել: Թեև ՄԱԿ-ի 1961թ. և 1972թ.  կոնվենցիաները (բազմակողմ պայմանագրերը), որին Հայաստանը միացել է 1993թ., չեն արգելում կանեփի տեխնիկական տեսակների մշակումը, այնուամենայնիվ, այս ճյուղի զարգացումը Հայաստանում հանդիպում է արգելքների՝ պայմանավորված առաջին հերթին օրենսդրության անկատարությամբ: Բացի դրանից, այն պաշտոնական շրջանակներում անհասկանալիորեն նույնացվում է «մարիխուանայի»  հետ: ՀՀ կառավարության կողմից մինչև այժմ չի սահմանվել թմրանյութի՝ տետրահիդրոկանաբինոլի թույլատրելի նորման տեխնիկական կանեփի մեջ, ինչը թույլ կտա այն տարանջատել «մարիխուանայից»: Օրինակ, Եվրոպայում թույլատրվում են մշակել կանեփի տեխնիկական այն տեսակները, որոնք պարունակում են 0,2  տոկոսից ոչ ավելի տետրահիդրոկանաբինոլ, իսկ Կանադայում՝ մինչև 0,3 տոկոս: Տեխնիկական կանեփը լինելով բարձր եկամտաբեր և հանրության մոտ որոշակի կասկածներ հարուցող  մշակաբույս՝  պետք է այնուամենայնիվ դրա մշակությունը և արտադրանքի օգտագործումը անպայման ենթարկվի պետական պատշաճ կարգավորման ու վերահսկողության:

Ելնելով այն հանգամանքից, որ հանրապետության հողային ֆոնդը սահմանափակ է, ինչպես նաև ցանքատարածությունների կառուցվածքը անցանկալի փոփոխությունների չենթարկելու և երկրի պարենային անվտանգությանը չվնասելու  նպատակով,  ճիշտ կլինի սահմանել կանեփի ցանքատարածությունների առավելագույն չափ: Ժողովրդագրական և համայնքների համաչափ զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջնահերթության կարգով կանեփի մշակման պայմանագրերը ճիշտ կլինի կնքել սահմանամերձ և բարձրլեռնային գյուղերի գյուղացիական տնտեսությունների հետ:

Եվրոպական երկրներում վերջին տարիներին տարվում է ակտիվ բացատրական աշխատանք՝ կանեփի երբեմնի «բարի համբավը» վերականգնելու  համար, հստակ տարանջատելով տեխնիկական կանեփը «մարիխուանայից»: Օրինակ, Գերմանիայում, Իսպանիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում և Ճապոնիայում գոյություն ունեն կանեփի հատուկ թանգարաններ, որտեղ ցուցադրված են կանեփից ստացված արտադրանքը և այցելուները կարող են անձամբ տեսնել, փորձել  հարուստ սննդանյութեր պարունակող բուսական յուղ, գինի, օղի, հյութեր, կաթ, ձավարեղեն և թխվածքներ ու համոզվել տեխնիկական կանեփի և «մարիխուանայի» տարբերության մեջ: Այս մշակաբույսի մշակմամբ գործնականում  Հայաստանում կլուծվեն տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բնապահպանական կարևորագույն շատ խնդիրներ, շեշտակիորեն կաճի երկրի ՀՆԱ-ն և կավելանան բյուջետային մուտքերը: Կանեփից CBD յուղի ստացման և իրացման դեպքում շահույթը մեկ հեկտարից կկազմի 45-50 միլիոն դրամ՝ 8-10 անգամ գերազանցելով նրա վրա կատարվող ծախսերը: Այդ յուղից դեղերի արտադրության և թափոնների այլ տարբեր նպատակներով արդյունաբերական վերամշակման դեպքում եկամուտները կարող են աճել 2-3 անգամ: Հայաստանում ըստ նպատակային նշանակության չի օգտագործվում շուրջ 150 հազար հեկտար վարելահող և այդ հողատարածություններից 50 հազարը կանեփի մշակության տակ դնելու դեպքում իսկական տնտեսական հեղափոխություն կարող է լինել մեր երկրի համար և հնարավոր է՝ առաջիկա 3-4 տարիներին կրկնապատկել երկրի ՀՆԱ-ն: Օրինակ, Հունաստանում մտադիր են կանեփագործության ճյուղում ներդնել 1,5 միլիարդ եվրո, կառուցել 12-15 ջերմոցային համալիր  և ստանալ տարեկան  20 միլիարդ եվրոյի եկամուտ, վերականգնել տնտեսությունն ու մարել արտաքին պարտքերը: Կանեփի բիզնեսն այսօր ամենաեկամտաբեր բիզնեսներից է և շատ կարևոր է, որ քանի դեռ աշխարհում նոր բազմաթիվ մրցակիցներ չեն հայտնվել և բարձր են կանեփից ստացվող արտադրանքների միջազգային գները, շտապ ձեռնամուխ լինել օրենսդրական խոչընդոտների վերացմանն ու այդ հրաշք մշակաբույսի մշակության գործընթացի  կազմակերպմանը: Տեխնիկական կանեփի օգտակար հատկությունների ու ներուժի շատ քիչ մասն է  միայն բացահայտված, և մենք առաջիկայում դեռ շատ հրաշքների ու անակնկալների ականատես կլինենք:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
28.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930