Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սամվել Ալեքսանյանը չի նվիրել», նրա հորեղբոր որդին է նվիրել». «Հետք»

Նոյեմբեր 28,2019 23:40

Երևանի քաղաքապետարանն այսօր հրապարակել է համայնքին աղբատար ավտոմեքենաներ նվիրած ընկերությունների անունները։ Դրանք բոլորը փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Ավելին, այդ ընկերություններից երկուսին քաղաքապետարանն ամիսներ առաջ հասցեներ է տրամադրել։

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի կնոջ ընկերությունը պատրաստվում է բնակելի համալիր կառուցել քաղաքապետարանի տված հասցեում

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է, հիմնադրվել է 2019թ-ի հունվարի 11-ին։ Ընկերության բաժնետերերից է Արմինե Եղիազարյանը (12․5 %), ով ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կինն է։ Ընկերության 50 %-ի բաժնետերը Աիդա Հովհաննիսյանն է, իսկ Մարինա Թադևոսյանը, Նարեկ Ասատրյանը և Սամվել Մանիջոյանը տիրապետում են 12․5 %-ական բաժնետոմսերին։

Այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան հ. 64 հասցեներում։ Այդ հասցեն ընկերության հողամասին տրամադրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019թ-ի մարտի 22-ին որոշմամբ։ Ուղիղ մեկ շաբաթից՝ դեկտեմբերի 6-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ ընկերության կողմից կառուցապատման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է կազմում։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների համակարգում այս ընկերության վերաբերյալ տվյալներ չկան, հետևաբար հանրության համար գաղտնիք է մնում դրա աշխատակիցների քանակը կամ արդյոք ունի՞ աշխատակիցներ, թե՞ ոչ։ Այնինչ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «Ն եւ Ս քոնսթրաքշն» ընկերությունն այս տարվա հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկ վճարողներից 104-երորդն է եղել՝ պետական բյուջե վճարելով 364 միլիոն դրամ հարկ։

Արմինե Եզիազարյանին է պատկանում ընկերության 12,5 տոկոս բաժնեմասը։ 2018-ի հոկտեմբերի 27-ից նա հանդիսանում է նաև «Արտ Օյլ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։

«Սամվել Ալեքսանյանը չի նվիրել», նրա հորեղբոր որդին է նվիրել

Երեք հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատար էլ քաղաքապետարանը ստացել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու՝ Հրաչյա Շարոյանի «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունից։ Վերջինս գրանցված է Մալաթիա-Սեբաստիա Օհանովի փողոց 15/1 հասցեում, որտեղ գտնվում է նաև «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գլխամասային գրասենյակը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պնդել է, որ Սամվել Ալեքսանյանը համայնքին աղբատար չի նվիրել․ «Սամվել Ալեքսանյանը Երևանին չի նվիրել (աղբատարեր,- խմբ․)։ Սամվել Ալեքսանյանին կապակցված այն ընկերությունները, որոնց մասին հանրությունը տեղյակ է, չեն նվիրել։ Եթե ապագայում պարոն Ալեքսանյանը կորոշի ինչ-որ նվեր մատուցել, քաղաքը կարծում եմ չի հրաժարվի»,- նշել է Հակոբ Կարապետյանը։

Հակոբ Կարապետյանը նշել է նաև, որ նվիրատվությունների դիմաց  Երևանի քաղաքապետարանը որևէ պարտավորություն կամ արտոնություն ընկերություններին չի տրամադրում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հայկ Մարութեանին Շուշան Պետրոսեանի անփառունակ ճակատագիրն է սպառնում:

    Յ.Գ. Ովքեր չգիտեն՝ յիշեցնեմ: Շուշան Պետրոսեանը նորանկախ Հայաստանի անզուգական ձայներից էր, տաղանդաւոր ու շնորհաշատ մի երգիչ, որին ժողովուրդը չափազանց շատ էր սիրում: Տարիներ առաջ նա ճակատագրական սխալ թոյլ տուեց եւ համալրեց, ոչ աւել ոչ պակաս ՀՀԿ շարքերը: Դրանից յետոյ հայերի ճնշող մեծամասնութիւնը ատելով ատում է այդ մարդուն՝ ընդհուպ մինչեւ ամենավերջին հայհոյանքները տեղալով նրա հասցէին: Եւ ցաւօք, ԲԱՑԱՌՒՈՒՄ Է, որ Շուշան Պետրոսեանին ժողովուրդը մի օր երբեւէ կրկին կը համակրի:

    Սա ի գիտութիւն քեզ, Հա՛յկ 🙂

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930