ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը այսօր հանրապետության հյուսիս-արեւելյան շրջանում էր: Նա Մովսես սահմանամերձ գյուղ էր եկել «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության՝ Հայաստանի մարզերի հանրակրթական դպրոցներում իրականացվող ուսումնական ծրագրերին ծանոթանալու հրավերով:
Մովսես գյուղի Պապիկ Ավալյանի անվան միջնակարգ դպրոցում, որը հիմնադրվել է 1852 թվականին, Աննա Հակոբյանը աշակերտների հետ հայկական ժողովրդական պարեր պարեց, հետեւեց նկարչության, կավագործության դասերին, մարզադահլիճում դպրոցականների հետ շարժական խաղեր խաղաց, «Գրադարակ» կոչվող գրադարան-ընթերցարանում զրուցեց աշակերտների հետ:
Տիկին Հակոբյանը նրանց պատմեց, թե գիրքն ու ընթերցանությունը ինչ տեղ են զբաղեցնում իր կյանքում եւ իրենց ընտանիքում, հետաքրքրվեց, թե գյուղի երեխաներն ինչպե՞ս են տեսնում իրենց գյուղի, ընդհանրապես, Հայաստանի ներկան ու ապագան:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին պատասխանելով լրագրողների հարցին, թե ինքը Մովսես գյուղից ինչ տպավորություն ստացավ, Աննա Հակոբյանն ասաց. «Տպավորությունս լավ էր գյուղի այն հատվածից, որտեղ եղա՝ հանրակրթական դպրոցից: Շենքը բավականին բարեկարգ է, դասասենյակները՝ կահավորված, երեխաների տրամադրվածությունը՝ բարձր: Բայց փոխվելու շատ բան կա: Երբ ես դպրոցականներին հարցրի, թե ինչպես են պատկերացնում Հայաստանը ապագայում, պատասխանող տղան ինձ հաճելիորեն զարմացրեց՝ ասելով խաղաղ, կայուն ու բոլոր հարեւանների հետ խաղաղ ապրող Հայաստան: Ընդհանրապես, բոլոր երեխաները իմ ցանկացած հարցի պատասխանը կապում էին պատերազմական իրավիճակի հետ: Եվ ես հասկացա, որ կոնկրետ Մովսես գյուղում եւ Հայաստանի մյուս սահմանամերձ շրջաններում առաջին խնդիրը, որ պետք է լուծել, խաղաղությունն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ