Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր աթոռից եպիսկոպոսը սուր ելույթ ունեցավ՝ խոսելով նախկին իշխանությունների մեղքերի, կաշառքի, նախարարների ու դպրոցների «պռավալի» մասին

Նոյեմբեր 28,2019 21:45

Այսօր գերաշնորհ Վազգեն եպիսկոպոսը՝ Մայր աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն, սրբազան Վազգեն Միրզախանյանը «Պետականությունը եւ արժեհամակարգը. մարտահրավերներ եւ խնդիրներ» թեմայով համաժողովի ժամանակ սուր ելույթ ունեցավ՝ մեկ առ մեկ անդրադառնալով նախորդ իշխանության եւ մերձիշխանական ուժերի սխալներին ու նրանց ներկայիս ռեպլիկներին: Իսկ ռեպլիկներ համաժողովին թողել էր ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, համաժողովի նախաձեռնողներն էլ ՀՅԴ-ականներն էին:

Վազգեն Միրզախանյանն ասաց, որ իր համար արժեհամակարգը մարդ արարածն է՝ իր մտածողությամբ ու վարվելակերպով, իր ապրելակերպով, որը ձեւավորվում է տանը՝ ընտանիքում. «Գանք դպրոցին: Դպրոցում դասավանդում են մանկավարժներ, ովքեր ավարտել են բուհեր: Եվ ես ուզում եմ ինքս ինձ հարց տալ՝ եթե մենք դժգոհ ենք այսօրվա դպրոցական կրթական մակարդակից, ովքե՞ր են այդ մանկավարժներին պատրաստողները, բուհե՞րը չեն: Բա ի՞նչ որակի մանկավարժ ենք մենք տալիս եւ ի՞նչ որակի դպրոց ենք պահանջում: Ո՞վ չգիտի, որ անցնող տարիներին՝ խորհրդային շրջանից սկսած՝ մեր շատ մանկավարժներ ավարտում էին համալսարանները ոչ թե գիտելիքներով, այլ մենք գիտենք ինչ հարցերով: Անցնող տարիներին, որ մենք ձայն չէինք հանում շատ անգամ արժեհամակարգի հետ կապված, հետո այդ նույն այսպես կոչված մանկավարժները կամ բուհերն ավարտողները որոշ մարզպետների, եւ բոլորը գիտեն, թե ինչ սակագներ էին գործում մարզպետարաններում ուսուցչի, տնօրեն նշանակելու համար, այդ վճարումները տալիս էին, որ սկսվում էր 2000 դոլարից եւ գնում էին դպրոց մանկավարժ դառնալու:

Եվ մենք այդ մանկավարժից ի՞նչ որակ պիտի պահանջենք, եւ ինքը ի՞նչ պիտի դասավանդի: Գանք մյուսին՝ ամեն նախարար գալով, տարբեր տեղերից վերցնելով գրանտներ, կամ վարկեր՝ պարտավորություն էր ստանձնում նոր դասագրքեր տպագրելու: Ես կարծում եմ, որ դրա մեջ չի բացառվում, որ ունեին իրենց ինչ-ինչ նպատակները: Եվ այսօր, երբ բացում ենք դասագրքերը, դասագրքեր կան, որ կարդում ենք ու չենք հասկանում: Սա շատ լուրջ հարց է, որ այսօր նաեւ մանկավարժներն են բարձրացնում: Եթե մենք համալսարանում կարեւորում ենք հայոց լեզու, պատմություն, գրականություն առարկաները, մենք պիտի կարեւորենք, թե ո՞նց են դասավանդում, եւ մեր մանկավարժ-ուսանողն ինչպես է դասավանդում դպրոցում: Դպրոցի հիմնական դասերն անցնում են պռավալով ու բոլորս էլ դա գիտենք: Մենք պիտի քաջություն ունենանք, որ նաեւ մեր վրա վերցնենք մեղքի գիտակցությունը, թե մենք ի՞նչ մանկավարժ ենք տալիս դպրոցին»:

Բուհական հաստատությունների մասին խոսելով՝ սրբազանն ասաց. «Հիմա ձեզ հարցնենք, սիրելի դասախոսներ, քանի՞ ուսանող ունեք, որոնք հետեւում են հայոց լեզվի խորը իմացությանը, հետեւում են հայոց պատմությանը խորքային եւ գիտակցական, վերլուծական առումով, որ ամեն մի հատված անցնում են տարածաշրջանային գիտակցությամբ եւ կապվում այսօրվա հետ: Մեր դպրոցում շատ լավ առարկա կա՝ հասարակագիտություն, եթե դա դասավանդվի այն մակադրակով, ոնց որ գրված է եւ պահանջվում է, մենք կունենանք շատ լուրջ քաղաքացիներ: Բայց ի՞նչ է դասավանդվում՝ ոչինչ»: Նա ասաց, որ արժեհամակարգ ձեւավորելու համար միայն էմոցիոնալ խոսքերը քիչ են, կրթական համակարգի հետ կապված շատ լուրջ հարցեր կան, որոնք միայն հայոց լեզվի, գրականության, պատմության հետ կապված չեն:

Ըստ եպիսկոպոսի, պետությունը չի կարողանում ճիշտ մատուցել, հասարակության մեջ ճիշտ չի ընկալվում, բայց ժամանակն է, որ իշխանությանը չնայենք հակառակորդ. «Մենք, որպես եկեղեցի, վախ ունենք ամեն անգամ պետականություն կորցնելու, դրա համար մենք կողմ ենք, որ հաշտ-համերաշխ լինենք, հասարակությունը, մտավորականությունը չհակադրվի գործող իշխանությանը: Այստեղ ռեպլիկներ են գնում եւ այլն, մարդիկ, որոնց կուսակցությունների ներկայացուցիչները 2017-ի դեկտեմբերին, երբ որ միաձայն կառավարությունը հաստատում էր Ստամբուլյան կոնվենցիան, ձեն չէին հանում, բայց այսօր մենք խոսում ենք դրա դեմ պայքարից: Ինչո՞ւ էինք լռում, որ այսօր տեղներիցս ռեպլիկ գցենք: Ուրեմն նշանակում է մենք պիտի լինենք այնքան բարոյական, որ այս ամբողջը շարունակական տանենք»:

Անդրադառնալով եկեղեցուն՝ գերաշնորհ Վազգեն Միրզախանյանն ասաց. «Եթե մենք պիտի միայն լսենք, գնահատենք եկեղեցին, բայց չմտնենք եկեղեցի ու պատարագի մասնակցենք, եկեղեցիները թողնենք կիսադատարկ, եկեղեցուն եւ նրա պաշտոնեությանը թողնենք միայնակ իր դժվարությունների հետ եւ ամեն անգամ ասենք, որ նա մեր արժեհամակարգն է, ես դրա հետ համաձայն չեմ: Արժեհամակարգը պիտի պահպանվի անկեղծորեն: Ե՞րբ է լինելու մի կարեւոր բան՝ ուրիշներին մեղադրելուց առաջ ե՞րբ ենք քաջություն ունենալու մի օր նայելու մեզ եւ մեր պատմության անցյալի ու ներկայի մեջ ե՞րբ ենք տեսնելու նաեւ մեր մեղքը: Այսօրվա վիճակից, որ մենք այնքան էլ գոհ չենք, ես գտնում եմ, որ մենք էլ, որպես Հայ առաքելական եկեղեցի, մեր մեղքն ու բացթողումն ունենք: Եթե մենք էլ ժամանակին մեր ձայնը բարձրացրած լինեինք, գուցե ուրիշ բան լիներ, գուցե մեր երկիրը այսքան ժողովրդով դատարկված չլիներ, գուցե այս արժեհամակարգը, որ ասում ենք խեղաթյուրվել է, այսպես խեղաթյուրված չլիներ: Ես անձամբ իմ մեղքը վերցնում եմ եւ խորապես զղջում եմ դրա համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930