ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Դաշյանի ներկայությամբ այսօր ընդունել է Բագարան համայնքի բնակիչ Կամո Գրիգորյանին, ով նոյեմբերի 19-ին հայ-թուրքական պետական սահմանի` Արմավիրի մարզի Բագարանի սահմանապահ ուղեկալի հատվածում սահմանախախտի է նկատել և կանխել վերջինիս տեղաշարժը:
Մարզպետն իր խորին շնորհակալությունն է հայտնել Կամո Գրիգորյանին` Հայրենիքին մատուցած ծառայության, բարձր քաղաքացիական գիտակցության և պատրաստվածության համար` հույս հայտնելով, որ նրա արարքն օրինակ կհանդիսանա շատերի շրջանում:
Կամո Գրիգորյանի քայլը ողջունել է նաև ԱԱԾ Արմավիրի ՄՎ պետը` նկատելով, որ սահմանների պահապանները և ահազանգողները նաև համայնքների բնակիչներն են, ովքեր պետք է բարձր պահեն իրենց զգոնությունը և ճիշտ ժամանակին կողմնորոշվելու կարողությունը:
2019 թվականի նոյեմբերի 19-ին հայ-թուրքական պետական սահմանի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բագարանի սահմանապահ ուղեկալի հատվածում դրսևորած վճռականության ու խիզախության, ինչպես նաև պետական սահմանի պաշտպանության գործում դրսևորած անձնական օրինակով երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Կամո Գրիգորյանին պարգևատրել է շնորհակալագրով:
Կարդացեք նաև
Սահմանախախտին հայտնաբերելու և սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսևորելու և ճիշտ կողմնորոշվելու համար էլ Կամո Գրիգորյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով պարգևատրվել է արժեքավոր նվերով:
Արմավիրի մարզպետարան