«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2 օրով մեկնել է չվարձատրվող արձակուրդ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքերով՝ քաղաքապետի արձակուրդ գնալը կապված չէ առողջական խնդիրների հետ, եւ ոչ էլ առնչություն ունի քաղաքականության հետ։
Հարցին՝ թե ինչպե՞ս կմեկնաբանի այն տեղեկությունները, որ Մարությանը նախորդ արձակուրդից վերադարձել է վատ տրամադրությամբ, լարված նյարդերով եւ այս արձակուրդը դրա շարունակությունն է, եւ գուցե վերադառնա ու հայտարարի հրաժարականի մասին, Կարապետյանը պատասխանեց.«Մարությանը արձակուրդից վերադարձել է բավական առույգ:
Նա հանգստին զուգահեռ հասցրել է եվրոպական մի շարք քաղաքներով շրջել, տեսել է քաղաքների կառավարման փորձը, ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել, հանրային տրանսպորտային հիմնարկությունների ներկայացուցիչների հետ է հանդիպել, պաշտոնյաների հետ է հանդիպել»: Կարապետյանը հայտարարեց՝ Մարությանը արձակուրդից վերադարձել է բավական բարձր տրամադրությամբ, բավական նպատակաուղղված.«Այս տարվա ընթացքում տարբեր թաբլոիդներ գուժում են, կասկածներ են հայտնում հրաժարականի մասին, որոնք որեւէ հիմք չունեն: Բայց քաղաքապետարանի աշխատանքը բավական նյարդային է, ձանձրանալու ժամանակ չի մնում»:
Դիտարկմանը՝ Մարությանի լարվածության եւ անտրամադիր լինելու մասին նույնիսկ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցն է գրում, Կարապետյանն այսպես պատասխանեց.«Թույլ տվեք բամբասանքները չմեկնաբանել, անկախ նրանից, թե ով է տարածում»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ