Լրահոս
Օրվա լրահոսը

Իրեն ուղղված սուր հարցերը Արսեն Թորոսյանն ընկալեց հեգնանք

Նոյեմբեր 28,2019 17:16

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սխալ է համարում առողջապահության ապահովագրական պարտադիր համակարգի ներդրման հետաձգումը: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Նա պարզաբանեց, որ այդ համակարգի ներդրումը կարող է լինել փուլերով. «Եթե մենք ունենք 3 մլն բնակչություն, ապա կարող է սկզբնական փուլի համար ներդրվել 1 մլն բնակչության համար, հետո 500 000 մարդու համար եւ այդպես շարունակ՝ մինչեւ բոլորը կընդգրկվեն համակարգում»:

Ըստ ներկայացրած հայեցակարգի՝ նախատեսվում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ աշխատավարձի 6 տոկոսի չափով, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել արդեն մի քանի օր։ Լրագրողները հետաքրքրվեցին`ինչո՞ւ 6 տոկոս: Նախարարը պարզաբանեց. «6 տոկոսը հաշվարկի արդյունք է, որը բխել է անհրաժեշտ գումարի պակասորդը լրացնելու նպատակից: Այսինքն, հաշվարկվել է 3 մլն մարդու համար ինչքան գումար է անհրաժեշտ, հանվել է այն գումարը, որը հիմա պետությունն արդեն տրամադրում է նախարարությանը, եւ այդ հաշվարկված գումարից հանվել է պետական մասնակցությունը, որն, ի դեպ, մնալու է 45%-ի շրջանակում: Որպես մնացած միջոցների ներգրավման աղբյուր՝ հաշվարկվել է աշխատող քաղաքացիների համախառն եկամուտից տոկոս: Հիմա մեր պետությունը կարող է որոշել, որ մեզ պետք չէ այդ համակարգը, բայց այստեղ առաջանում է այլ հարց, թե ինչպե՞ս է պետությունը հոգալու քաղաքացու առողջական ծախսերը: Եթե այնպես, ինչպես հիմա, ապա կարծում եմ, որ բոլորդ գիտեք՝ ինչպե՞ս է այն տեղի ունենում։ Նույնիսկ սովորական քաղաքացին, որն ունի նորմալ եկամուտ, կարող է այնպիսի աղետալի ծախսերի ենթարկվել, օրինակ` գլխուղեղի անեվրիզմայի վիրահատության, որը կարժենա 7-8 մլն դրամ. հիմա մենք մտածե՞նք, որ քաղաքացու ծախսերը աղետալի չլինեն, թե՞ չմտածենք։ Մեր խնդիրը մտածելն է, որ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Հայաստանում ունենան ֆինանսական պաշտպանվածություն»։

Այլ մանրամասները`տեսանյութում

Լրագրողները հիշեցրին, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե 350 հազար մարդ աշխատում է 800-ին պահելու համար եւ հիմա, փաստորեն, նույնը կրկնվում է: Նախարարն ասաց, թե չի հիշում, որ վարչապետը նման բան ասած լինի: Ի դեպ, լրագրողների սուր հարցերը Արսեն Թորոսյանին դուր չեկան: Դա ընկալեց իր նկատմամբ հեգնանք. «Ես խնդրում եմ, ինձ հեգնանքով հարցեր չտալ»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930