ՀՀ Շիրակի մարզում ներկայում գործող Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի հիմնած հիմնադրամի միջև 2019 թ. օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ըստ այդմ՝ առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացման գործում, իսկ ծննդատան նախագծման և կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թ.-ի ընթացքում:
Տիգրան Ավինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ընդհանուր առմամբ կառավարությունը տարածքային համաչափ զարգացման և, մասնավորապես, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման ուղղությամբ ջանքեր է գործադրում, բայց նաև գովասանքի են արժանի բոլոր այն գործարարների և բարերարների ջանքերը, որոնք այս նպատակին են ուղղված: Կարծում եմ, որ շատ ողջունելի նախագիծ է»:
Արտոնություններ՝ հերթական ներդրումային ծրագրերին
Կառավարությունը բավարարել է «Սովթ պապիրուս» ՍՊԸ-ի ներկայացարած հայտը՝ մաքսատուրքերից ազատման արտոնությունից օգտվելու մասին: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար։ «Սովթ պապիրուս»-ն արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Նեդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում փաթեթավորող սարքավորման ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 21 աշխատատեղ, կստեղծվի ևս 10 նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 975 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 747 մլն դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 74.3 մլն դրամ:
Կարդացեք նաև
Մեկ այլ որոշմամբ էլ մաքսատուրքերից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Հակոբյան Ռուստամ» ԱՁ –ն, որը գործունեություն է ծավալելու Գյումրիում: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար: Արդեն իսկ իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, կստեղծվի ևս 10 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դրամ, որից 32 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 48 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 77 մլն դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը՝ 6.2 մլն դրամ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ