2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստն այսօր կարճ տեւեց: Հրավիրյալը չէր ներկայացել, հանձնաժողովականներն էլ քննարկել են նրա հետ տեսակապով հարաբերվելու հնարավոր տարբերակները: Հաջորդ նիստը կկայանա հաջորդ շաբաթ:
Հրավիրյալ գնդապետ Հովհանիսյանը Հայաստանի սահմաններից դուրս էր գտնվում եւ այդ էր պատճառը, որ նիստին չէր մասնակցում: Այդ մասին արդեն նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Գնդապետ Հովհաննիսյանն այժմ Հայաստանի սահմաններից դուրս է բնակվում եւ աշխատում, դարձյալ բարձրաստիճան պաշտոնյա է, իսկ 2016-ին առնչվել է հետախուզության ոլորտին:
Հանձնաժողովը որոշել է նաեւ դիմել ԱԺ-ին` գործունեության ժամկետը երկարացնելու համար: Անդրանիկ Քոչարյանն ասում է`նյութերի եւ մարդկանց, որոնց հետ պետք է հանդիպեն, ծավալն ու քանակն է շատ մեծ. «Մեր բուռն գործունեության փուլն է, կանգ առնելու ժամանակ չունենք»: Օրենքը թույլ է տալիս հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս երկարացնել, բայց հնարավոր է ավելի վաղ ավարտեն աշխատանքները, թեեւ, Անդրանիկ Քոչարյանը միաժամանակ ասում է, որ հրավիրյալների ցուցակում դեռ բավական շատ մարդիկ կան:
«Մոտ ենք խորհրդատվությունների փուլին, ԱԱԾ-ն այդ հնարավորությունը մեզ տալիս է, իրավական խնդիրները հարթված են: Պետք է վերլուծենք նաեւ հավաքված տեղեկատվությունը, ժամերով ձայնագրություններ ունենք: Ամեն նիստից հետո ժամերով աշխատում ենք զեկույցների վրա, որոնք արձանագրությունների մի մասն են»,- ասաց բանախոսը:
Կարդացեք նաև
Խորհրդատվության նպատակով, հիշեցնենք, հանձնաժողով էին հրավիրվել Վաղարշակ Հարությունյանը, Նորատ-Տեր Գրիգորյանցը եւ այլք: Նորատ Տեր-Գրիգորյանցը, սակայն, հանձնաժողովի հետ չի աշխատի: Վերջինս քննադատություններ էր հնչեցրել`ասելով, որ քաղաքական ենթատեքստ ունի հանձնաժողովը: «Ցանկանում էինք լսել, բայց մեկ ամսվա ընթացքում նա երեք անգամ փոխեց իր մոտեցումը: Նամակները ցույց տվել եմ, չգիտեմ`հրաժարվում եմ, հետո նորից ինչ-որ կապի էր դուրս եկել, բայց ես, չգիտեմ… վախենում են, ինչ-որ մարդիկ մոսկվաներում մեր հարգարժան գեներալներին հանդիպում են… Չկա ոչ մի բան, ամեն ինչ միտված է մեր երկրի, բանակի, սահմանների ամրացմանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
2016-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրելը դեռ ուժի մեջ է: Հրավերքներն արդեն ուղարկվե՞լ են, թե՞ ոչ՝ Անդրանիկ Քոչարյանը չասաց: Սեյրան Օհանյանը, հիշեցնենք, նախկինում պատրաստակամություն էր հայտնել հանձնաժողով ներկայանալու:
«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է, իրենց հրապարակումներից էլ երեւում է, որ կան անհանգստություններ: Բոլորին էլ հրավիրելու ենք`կգան թե ոչ`կգա օրը`բարին հետը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը`հավելելով, որ հանձնաժողովի հրավերը չընդունելը եւ չգալը`շատ լուրջ քաղաքական պատասխանատվություն կլինի, քանի որ հանձնաժողովի խնդիրն է կատարվածը զերծ պահել քաղաքական շահարկումներից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ