Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ընդունելության անվճար տեղերը, փոփոխություն է կատարվել բակալավրի ընդունելության քննությունների ցանկում

Նոյեմբեր 28,2019 15:37

Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում հաստատվել են 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի  հեռակա ուսուցմամբ ընդունելության անվճար (ուսման վճարի փոխհատուցմամբ) տեղերը:

Սահմանվել է, որ 2019/2020 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը վերաբաշխում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` հաշվի առնելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ  2019/2020 ուսումնական տարվա համար կառավարությունը հաստատել է  206 տեղ: Նշված տեղերից 82-ը հատկացվել է` հաշվի առնելով ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից հայտավորված և իրենց ոլորտների համար հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների թեմաները: Ակնկալվում է, որ հետագայում գիտական արդյունքի կիրառումը կարող է նպաստել տվյալ ոլորտի զարգացմանը:

Կառավարության նույն օրվա մեկ այլ որոշմամբ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Ելնելով բոլոր դիմորդների համար հավասար պայմանների ապահովման սկզբունքից` կատարվել է նոր կանոնակարգում բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկում: Սահմանվել է, որ բուհերի բոլոր մասնագիտությունների համար առնվազն մեկ առարկայից ընդունելության միասնական քննություն հանձնելը պարտադիր է: Սահմանվել է նաև, որ գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար պետք է ապահովել ընդունելության միևնույն պայմանները: Մասնավորապես, բժշկական մասնագիտությունների ու «Ֆարմացիա» մասնագիտության ընդունելության քննություններն 2020/2021 ուսումնական տարվա համար նույնն են` անկախ բուհի կազմակերպաիրավական ձևից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930