«Առաջնահերթ քննարկվեց անվտանգությունը: Ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ, գտնվելով սահմանին, իր վրա կրակ է հրահրում, այսինքն՝ այդ տեղը դարձնում է հավանական կրակակետ՝ հատկապես, երբ դա արվում է ոչ թե իսկապես ոգեշնչելու, այլ ընթացքը տեսանկարահանելու համար»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի սահման այցին, ասաց «Ադեկվատ» հ/կ նախաձեռնության անդամ, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը:
Նրա գնահատմամբ՝ Աննա Հակոբյանի այցն ավելի շատ PR տարր էր պարունակում, քան հոգատարություն. «Իրական հոգատարությունն ի ցույց չեն դնում: Մի կողմ դնենք մարդկային հատկանիշները, բայց սա վտանգավոր է, որովհետեւ, աստված չանի, եթե գիշերն իմանանք դիվերսիայի մասին, որը տեղի է ունեցել այն պատճառով, որ հակառակորդը հետեւում է մեր մամուլին եւ օգտատերերի հրապարակումներին…Գուցե վաղը չէ մյուս օրն ակտիվ հրետակոծման ենթարկվի այն կետը, որտեղ գտնվում է պաշտոնյան»:
Լիկա Թումանյանը կարծում է, որ վարչապետի տիկնոջ դիրքեր այցի հնարավոր ռիսկերը թերագնահատվել էին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ. Գ. Նշենք, որ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում այս այցի շուրջ քննադատություններին ի պատասխան գրել է. «Հայոց բանակը ամբողջ ժողովրդի ուշադրության եւ հոգատարության ներքո է, ես էլ որպես ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում, այցելում եմ մեր զինվորներին»,- այսպես եմ երեկ պատասխանել լրագրողի հարցին, թե ինչու եմ այցելել դիրքեր։
Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր»կան:
Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որեւէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։
Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների եւ տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որեւէ կուրորտային երկիր հանգստանալու ՝ ընկերուհիներիս հետ։
Իսկ ես անիմաստ ինչերով եմ զբաղված։)»: