Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Մարտի 1-ի փոխհատուցման հարցը չլիներ, մենք երբեք դուրս չէինք գա, մեր երեխաներին ծախու առարկա չէինք դարձնի». Մարգարիտա Խաչատրյան

Նոյեմբեր 28,2019 13:12

Կառավարության շենքի առաջ այսօր կրկին բողոքի ցույց էին անում արցախյան պատերազմում զոհվածների ծնողները: Նրանք զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ պահանջում էին վարչապետ Փաշինյանին ուղղած դիմումի պատասխանը: Նրանք պահանջել էին ներկայացնել այն չափորոշիչները, համաձայն որոնց՝ 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին տրամադրվել է փոխհատուցում:

Նրանք պնդում են, որ ոչ թե գումարի հարցն է կամ չափը, այլ զոհվածի ընտանիքին կարեւորելու, արժեւորելու խնդիրը. «Վարչապետը մեզ պատասխան չի տվել, որովհետեւ պատասխան չի ունեցել: Մեր տղաները գնացին զոհվեցին, բա էսօր կառավարությունը այդ տղաների հետ հաշվի չնստի, մեզ հետ հաշվի չի նստում: Մենք կանգնելու ենք, որ մեռնենք՝ թող էստեղ մեռնենք, մենք մեր տղաներից լավը չենք, եթե իրենք այսպես են վերաբերվում: Եթե նախկին իշխանությունները չեն արել, իրե՞նք էլ պետք է չանեն: Իրենք առաջինը պետք է մտածեին սահմանին կանգնած զինվորի, ազատամարտիկների ընտանիքների մասին»:

Հարցին՝ ինչո՞ւ է առաջնահերթությունը տրվել Մարտի 1-ի զոհերի հարազատներին, մայրերից մեկն ասաց՝ մեղքի զգացողություն է:

Մայրերին վրդովվեցրել էր նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավարի պատասխանը, համաձայն որի՝ արցախյան պատերազմում զոհվածների ծնողների պահանջին անդրադառնալու է հոգաբարձուների խորհուրդը՝ 2020 թվականին:

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով, Մարտի 1-ի ցույցերի մասնակիցները Օպերայից սկսած խանութներն են թալանել եւ նրանց համար փոխհատուցում են որոշել 30 միլիոն դրամ, իսկ զոհվածների ընտանիքներին անտեսեցին: Ըստ նրա, եթե նման որոշում էին կայացնում, պետք է առաջնահերթությունը տային զինվորների ընտանիքներին. «Մենք մեզ շատ վիրավորված ենք զգում, ստեղ փողի խնդիրը չի: Մենք մեր տունն էլ կտանք, մենք իրենցից փող չէինք ուզի, եթե Մարտի 1-ի փոխհատուցման հարցը չլիներ, մենք երբեք դուրս չէինք գա, մեր երեխաներին ծախու առարկա չէինք դարձնի»:

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով, զոհված զինծառայողների ընտանիքները սոցիալապես վատ պայմաններում են ապրում եւ առաջնահերթ աջակցության կարիք հենց նրանք ունեն: Ըստ նրա, բարձրացրել են 6600-ից ավել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները եւ ծնողների մեծ մասն արդեն ծերության շեմին են:

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930