Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության պարտադիր հարկ. ի՞նչ վիրահատություններ են նախատեսված, ինչո՞ւ աշխատողը վճարի չաշխատողի համար

Նոյեմբեր 28,2019 15:45

Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել առողջապահության պարտադիր ապահովագրության մասին նախագիծ՝ «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ»: Այն նախատեսում է, որ ՀՀ-ում աշխատող բոլոր քաղաքացիները, բացի եկամտային հարկից, նաեւ առողջության 6% հարկ են վճարելու: Ընդ որում, նախագծով առաջարկվում է՝ աշխատողները վճարելու են չաշխատողների բուժման ծախսերը:

«Առողջապահության տնտեսագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ, առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնում է հայեցակարգի խնդրահարույց դրույթներին: Խարազյանը մասնակցել է նախագծի մշակմանը:

-Ինչո՞ւ 6% շեմ:

-Առողջության հարկի դրույքաչափը կհաստատվի օրենքով՝ ընդունման պահին ապահովագրական ծածկույթի ակտուարական հաշվարկները եւ պետական բյուջեից առողջապահական ծախսերի կանխատեսվող չափը հաշվի առնելով:

6%-ը կանխատեսվող ցուցանիշ է, որը հաշվարկվել է այս պահին առկա ցուցանիշների հիման վրա կանխատեսումներով՝ հաշվի առնելով 2021 թվականին նախատեսված առողջապահության պետական ծախսերը: Շեմը հնարավոր է նվազի՝ հաշվի առնելով մակրոտնտեսական կանխատեսումները, ՀՆԱ-ի աճը, աշխատողների թվի աճը եւ այլն:

-Ինչո՞ւ պետք է աշխատող քաղաքացին վճարի չաշխատողի բուժման համար, կամ՝ արտագնա աշխատանքի մեկնածի համար, որը տրանսֆերներով ասենք՝ իր բնակարանն է նորոգում, բայց ՀՀ-ում հարկեր չի վճարում, ինչո՞ւ պետք է աշխատող քաղաքացին վճարի ստվերում աշխատողի համար:   

-Աշխատող քաղաքացին նախ վճարելու է իր եւ իր ընտանիքի անդամների համար, որովհետեւ նրա ընտանիքում էլ կլինեն չաշխատողներ: Թաքնված աշխատողի մասին՝  նույն հաջողությամբ այդ մարդը եկամտային հարկն էլ չի վճարում, ինչո՞ւ աշխատող քաղաքացին չի դիմում համապատասխան մարմիններին, որ նրան հայտարարագրեն, կարելի է նույն կերպ ասել՝ իմ եկամտային հարկով փողոց են նորոգում, թող չաշխատողը այդ փողոցով չերթեւեկի եւ քանի որ հարկ չի վճարում, այլ ծառայություններից, ասենք՝ կրթությունից չօգտվի: Ի վերջո, մենք բոլորս մի օր կարող ենք չաշխատող դառանք:

-Թաքնված աշխատողին ստվերից դուրս բերելը ՊԵԿ-ի խնդիրն է: Իսկ ՀՀ-ում հարկ չվճարող, բայց դրսում աշխատող քաղաքացին բուհում իր երեխայի ուսման վարձը վճարում է:

-Բայց մինչեւ բուհ հասնելը, նա հանրակրթական դպրոց է գնում: Հանրային համերաշխության սկզբունքի վրա է այս նախագիծը հիմնված:

-Երբ նշում եք՝ աշխատող քաղաքացու ընտանիքում էլ կլինի չաշխատող անձ, ապա ինչո՞ւ չի սահմանվում պետական ապահովագրության նաեւ մեկ այլ տեսակ՝ տոկոսային բարձր շեմով, որով նախատեսվի՝ աշխատող քաղաքացու բարձր վճարով ընտանիքի չաշխատող անդամներն էլ օգտվեն  դրանից, այլ ոչ թե աշխատողն իր չաշխատող հարեւանի համար վճարի:

-Առողջության համապարփակ ապահովագրությունը ենթադրում է, որ ծառայության փաթեթները պետք է միանման լինեն: Գուցե վատ օրինակ եմ բերում, բայց տեսեք՝ ավտոմեքենաների ապահովագրությունում կա ԱՊՊԱ եւ Կասկո: Կասկոն կամավոր է եւ ավելի թանկ է, ու ապահովագրությունն ավելի լայն շրջանակ է ընդգրկում: Առողջության հարկով պետությունը որոշակի ծառայություններ է ծածկում, այս դեպքում քաղաքացիները կարող են լրացուցիչ փաթեթ ձեռք բերեն մասնավորից: Աշխարհում ընդունված է: Կարող են կամավոր բժշկական ապահովագրությունով լրացնել առողջության համապարփակ պահովագրությանը եւ ՀԾՓ-ից դուրս մնացած ծառայությունները:

-Առողջության ապահովագրմամբ փոխհատուցման գումարային սահմանափակում կա՞, վերին շեմ սահմանվա՞ծ է:

-Գումարային սահմանափակում չկա, կա միայն բժշկական ծառայությունների տեսակների սահմանափակում: Ապահովագրական փաթեթում բացառություններ կկազմեն կոսմետոլոգիական, պլաստիկ վիրաբուժությունը, հիմնական դեղերի ցանկից դուրս դեղերը, առանձին ոչ բժշկական հարակից ծառայությունները, ինչպես նաեւ հիմնական ծառայությունների փաթեթում ՝ ՀԾՓ-ում չընդգրկված ստոմատոլոգիական ծառայություններն ու նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների օգտագործմամբ իրականացվող միջամտություններն ու հետազոտությունները:

-Ամեն տարի պետբյուջեից հատկացում է կատարվում պետպատվերով բժշկական սպասարկման համար, այս ֆինանսավորումն ինչպես է կարգավորվելու, եթե նախագծով անխտիր բոլոր քաղաքացիները կարող են ապահովագրությամբ բուժվել, կան սոցփաթեթով առողջապահական ծառայություններից պետպատվերով օգտվող աշխատող քաղաքացիներ, 0-18 տարեկանների բուժսպասարկումն անվճար է: Արդյոք նրանք այս արտոնություններից այլեւս չեն օգտվելու:

-Պետությունը շարունակելու է ֆինանսավորել այդ խմբերին: Գումարների կառավարման պետական հիմնադրամն է հոգալու, պետությունը վճարելու է այն քաղաքացիների համար, որոնց համար պարտավորություն է վերցնում, նշված խմբերի համար պետությունը վճարելու է հիմնադրամին, վերջինս էլ վճարելու է բուժհիմնարկներին: Օրինակ՝ ուսուցիչը, որն օգտվում է սոցիալական փաթեթից, որտեղ կա առողջության բաղադրիչ, այդ փաթեթը սահմանափակ է, քան նախագծով սահմանվածը: Գումարի այն մասը, որը չի ծածկում սոցփաթեթը, պետությունը կսուբսիդավորի ապահովագրական հիմնադրամից: Ենթադրենք, այդ քաղաքացին պետք է ամեն ամիս 10 հազար դրամ վճարի առողջության հարկ, դրանից 3 հազար դրամը պետությունը կվճարի:

-Գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը մեծ է, սակայն նրանք չգրանցված աշխատողներ են, հետեւաբար չհարկվող: Այս խումբն էլ ներառվելու է ապահովագրությամբ ծածկվող բուժսպասարկման մեջ: Արդյոք խնդիրներ չե՞ն առաջանա: 

-Նրանց եկամուտները, կարծեմ՝ 2020-2021 թվականներին պետք է հայտարարագրվեն: Այն պահից, երբ սկսեն հայտարարագրել եկամուտները, այդ պահից ընդգրկվելու են համակարգում, բայց անկախ դրանից էլ՝ մեջն են: Այս քննարկումները հենց նրա համար են, որ տեսնենք՝ ի՞նչ լուծումներ կամ առաջարկներ կլինեն: Շատ երկրներում չհարկվողները նվազագույն աշխատավարձի որոշակի տոկոս են վճարում են: Բայց այսօր պետական քաղաքականությունը միտված է դրդել աշխատելուն: Օրինակ՝ նախատեսվում է աշխատունակ նպաստառուները գրանցվեն, որպեսզի չզրկվեն նպաստից: Սա կարող է երաշխիք դառնալ զբաղվածությունը խթանելուն:

-Հաշվարկե՞լ եք, որո՞նք են ամենաշատ արվող վիրահատությունները. օրինակ՝ ուռուցքայինները տարածված են, թոքի վիրահատություն, կամ ասենք՝ ողնաշարի ճողվածքի, նմանատիպ վիրահատությունները ապահովագրությունը ծածկելո՞ւ է ծախսերը:

-Այո, դրանք ներառվում են: Մենք հաշվի ենք առել, որ տարեկան միջինը մոտ 130 հազար վիրահատություն է կատարվում, եւ ընտրել ենք ամենածախսատարները, որոնց համար մարդիկ վարկ են վերցնում, գույք վաճառում: Բայց բացառություններ են լինելու թանկարժեք վիրահատությունները, ասենք՝ փոխպատվաստումը:

Նախագծում նշված ապահովագրությամբ սպասարկվող ծառայություններից են.

«Հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, այդ թվում.քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման եւ անհետաձգելի բուժօգնության ծառայություններ, սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն: Չարորակ նորագոյացությունների վիրահատության եւ ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաեւ քիմիոթերապեւտիկ բուժօգնություն, մանկաբարձություն, նախածննդյան եւ հետծննդյան բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ եւ վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական եւ դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ: Ներառվում են նաեւ դեղորաքներ»:

-Այս նախագծով առողջության հարկի վճարման պետական կառավարման հիմնադրամ է ստեղծվելու: Ըստ էության, եթե ամբողջ բնակչությունն է օգտվելու, մասնավոր ապահովագրականների բիզնեսին եք վնասելու: Առողջության ապահովագրության մենաշնորհ կստեղծվի:

-Մենք ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներից մի քանիսի հետ այս հարցը քննարկել ենք: 2002-ից կա ապահովագրության մասին օրենքը, կա կամավոր բժշկական ապահովագրություն, բայց այս տարիներին հնարավոր չի եղել մեծ բազա ընդգրկել: Ապահովագրականները հիմնականում մեծ կորպորատիվ փաթեթներով են առողջապահության ապահովագրություն անում, անհատականը ձեռնտու չէ:

Մեր նպատակն ու պետության երազանքն է՝ ապահովագրական ծածկույթն այնքան համապարփակ լինի, որ մարդիկ իրենց գրպանից է՛լ գումար չծախսեն, երբ ապահովագրությամբ, այսինքն՝ կանխավճարի ձեւով կատարի եւ ստանա ծառայություններ: Տարբեր երկրներում կա երկու տեսակ՝ պարտադիր ու կամավոր, մարդը երկու քարտ է ներկայացնում, մի մասը պետությունն է ծածկում, եթե կարիք կա ավելին վճարել՝ մյուս քարտով է անում:

-Մտավախություն չունե՞ք, որ նախագիծն ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց միանգամից շատ մեծ թվով քաղաքացիներ սկսեն դիմել հիվանդանոցներ, կոլապս չի՞ առաջանա, բուժհիմնարկները, հատկապես մարզայինները, պատրա՞ստ են:  

-Հայեցակարգում ամրագրված է որպես նախապայման այս համակարգի ներդրման՝ բժշկական հիմնարկների հզորացում՝ տեղեկատվական համակարգերի, բուժսպասարկման որակի եւ այլ գործառույթների բարելավում է նախատեսված: Նաեւ մարզերում ԲԿ-ների գործունեության արդյունավետության բարձրացում է նախատեսված, որը կնպաստի դեպի մայրաքաղաք հոսքի նվազմանը: Բոլոր երկրներում, որտեղ համակարգը ներդրվել է, առաջին 2-3 տարիներին բոլորը որքան կուտակված խնդիրներ ունեին, միանգամից դիմում էին: Բայց հետո կառավարելի է դառնում եւ ընդունված ծավալի է  գալիս: Մարզերում հիմա էլ որոշ բուժկենտրոնների կարողությունների հզորացում է իրականացվում: Այս ամենը հաշվարկված է, եւ նաեւ կլինեն որոշ սահմանափակումներ, որ անտեղի մայրաքաղաք չգան, այն դեպքում երբ տեղում կարող են այդ ծառայությունը ստանալ: Հնարավոր է նախատեսենք մի դրույթ, որով լրացուցիչ վճար կսահմանենք Երեւանում բուժվելու համար, բայց եթե տեղում կարող է նույն բուժումը ստանալ: Սա գուցե անենք, եթե տեսնենք հիվանդների հոսքը «պիկ»-ի է հասնում մայրաքաղաքում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930