Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշանիկ Ներսիսյան. «… Եթե չէ, ապա պետք է բոլոր ավտոմեքենաները Գյումրիում մաքսազերծվեն». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 28,2019 12:53

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ու նրա տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը երեկ Գյումրիում հանդիպել են ավտոներկրող կազմակերպություններ ներկայացուցիչներին: Հանդիպման եւ խնդրի մանրամասների մասին զրուցել ենք Շուշանիկ Ներսիսյանի հետ։

– Տիկին Ներսիսյան, շուրջ 2 տասնյակ ավտոներկրողներ նշում են, որ Գյումրու ավտոմաքսատանը բեռնարկղերով ներկրված ավտոմեքենաները շատ դանդաղ են բեռնաթափվում, քանի որ բեռնաթափող կազմակերպությունը փորձառու չէ: Տեղյա՞կ եք խնդրից։

– Մենք այսօր (երեկ) պարոն Անանյանի հետ այցելել էինք ավտոմեքենաների մաքսազերծման եւ բեռնաթափման կենտրոն։ Հանդիպում ունեցանք բոլոր բեռնափոխադրողների հետ։ Ե՛վ մրցույթը հաղթած կազմակերպությունն է հիմա բեռնաթափում, ե՛ւ այդ ավտոներկրող կազմակերպություններն են իրենց ցանկությամբ բանվորական ուժեր բերել։ Բավականին արագ է հիմա բեռնաթափումը ընթանում։ Արտաժամյա էլ ենք աշխատում, որ մաքսիմալ արագ բեռնաթափենք։ Այս պահին խնդիր չկա։

– Ավտոներկրողները պահանջում էին, որ կամ մինչեւ հունվարի 31-ը Երեւանում մաքսազերծումն իրականացնեն, կամ գոնե ավտոմեքենաները բեռնաթափեն Երևանում, իսկ փաստաթղթային հարցերը Գյումրիում լուծեն։ Այդ պահանջների վերաբերյալ ի՞նչ եք որոշել։

– Ճիշտն ասած, մենք հիմա օրենսգիրքը նայում ենք, քանի որ ԵՏՄ օրենսգրքով ենք առաջնորդվում, այստեղ մի փոքր սահմանափակումներ ունենք։ Եթե որևէ կետ կարողացանք գտնել՝ կանենք, եթե չէ, ապա պետք է բոլոր ավտոմեքենաները Գյումրիում մաքսազերծվեն։

Բողոքներ կան, որ բեռնաթափում իրականացնող կազմակերպությունն իր գործառույթը վատ է կատարում, մեքենաները վնասվում են։ Ինչպե՞ս է այդ ընկերությանը նախապատվություն տվել։

– Ճիշտն ասած, իմ գործառույթների մեջ չի մտնում դա, բայց միանշանակ ոչ թե նախապատվություն է տրվել այդ ընկերությանը, այլ ՊԵԿ-ը մրցույթ է հայտարարել։ Կոնկրետ պահանջներ են ներկայացվել՝ այսքան աշխատակից լինի, այսքան թեքավանդակ լինի եւ այլն։ Սա այն կազմակերպությունն է, որն այդ մրցույթի շրջանակներում հաղթող է ճանաչվել, որեւէ նախապատվություն տալու հարց չկա։

– Ավտոներկրողները պնդում են, որ այդ ընկերությունը չունի բավարար քանակի աշխատակիցներ։

– Իմ տվյալներով՝ նրանք ունեն այդքան աշխատակից։ Եթե չեմ սխալվում, նաեւ փորձառու աշխատուժ են վարձել Երեւանից։ Միանշանակ, եթե իրենք չկարողանան կատարել այն պարտավորությունները, որը ստանձնել են մրցույթով՝ պայմանագիրը կխզվի նրանց հետ։

– Բողոքներ են հնչել նաեւ, որ Գյումրու ավտոմաքսատան տարածքը փոքր է եւ հնարավոր չի լինելու մեծ ծավալի ավտոմեքենաների բեռնաթափում իրականացնել։

– Չկա նման բան։ Ոչ մի խնդիր չունենք եւ չենք ունենալու տարածքի հետ կապված։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930