Վերջին շրջանում նորից ակտիվացել է քննությունների թեման։ Այս տարի առաջին անգամ 8-րդ դասարանում անցկացվեց կենտրոնացված քննություն Հայոց լեզու առարկայից։ Քննությունների ընթացքը հաջող չէր, քանի որ մեկ օրում շուրջ 40 հազար հոգու քննություն կազմակերպելու համար հսկայական ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են պետք։ Քննասենյակների ներսում արձանագրվել էին միմյանց օգնելու բազմաթիվ դեպքեր, գրավորների շարադրության հատվածը յուրաքանչյուր ուսուցիչ ստուգել էր յուրովի՝ առանց միասնական մոտեցման։ Աշակերտների մի մասը քննությունը հանձնեց իր դպրոցում, մյուսները՝ ուրիշ դպրոցում։ Թեև ի սկզբանե ասվել էր, որ ոչ մի աշակերտ իր դպրոցում չի հանձնելու քննությունը։ Աշակերտների տեղափոխության ծախսը հոգացին ծնողները։ Ծնողները շոշափելի գումար ծախսեցին նաև կրկնուսույցների վրա։ Ի վերջո, կենտրոնացված քննության արդյունքներն ավելի բարձր եղան, քան Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից անցկացված ընթացիկ ստուգման արդյունքները։
Քննությունների հետ կապված մյուս նախաձեռնությունն այն է, որ նախարարությունը ցանկանում է Գնահատման և թեստավորման կենտրոնը հանել կառավարության ենթակայությունից և բերել իր ենթակայության տակ։
Մեկ այլ նորություն էլ առկա էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում։ Նախատեսվում է Հայոց լեզվի քննությունը պարտադիր դարձնել բոլոր բուհերի դիմորդների համար։ Իհարկե, սա լավ գաղափար է։ Շատ կարևոր է, որ բոլոր դիմորդներն ունենան մայրենի լեզվի իմացության գոնե բավարար մակարդակ։ Բայց այս մոտեցումը նախկինում արդեն եղել է։ Ուրեմն ինչո՞ւ այն ժամանակ հրաժարվեցին Հայոց լեզվի պարտադիր քննությունից։ Բանն այն է, որ լինում էին բազմաթիվ դեպքեր, երբ տաղանդավոր մարզիկը, երաժիշտը, բնագետը, նկարիչը բավարար գնահատական չէր ստանում հայոց լեզվից։ Բուհերի ղեկավարները դժգոհում էին, որ հայոց լեզվի պարտադիր քննության պատճառով զրկվում են շնորհալի ուսանողից։ Որքան էլ ասենք, որ բոլորը պարտավոր են լավ հայերեն իմանալ, բայց ոչ միշտ է այդպես։ Պատանի մարզիկները, երաժիշտները, բնագետներն այնքան են խորանում իրենց ոլորտի մեջ, որ մնացած առարկաների ուսուցմանը բավարար ժամանակ չեն հատկացնում։ Լինում են երեխաներ, որոնց տաղանդը մի ուղղությամբ է զարգացած։ Նրանք հաճախ են բացակայում դասերից, ունեն հետաքրքրությունների նեղ շրջանակ, բայց իրենց ոլորտում ունեն մեծ ձեռքբերումներ։ Հենց այս պատճառով նախարարությունը որոշ մասնագիտությունների գծով հանեց Հայոց լեզվի միասնական քննությունը։
Հիմա մենք պետք է մտածենք հետևյալ հնարավոր իրավիճակի մասին։ Դիմորդը կարող է ֆիզիկայի քննությունից ստանալ գերազանց, իսկ հայոց լեզվից անբավարար։ Մենք պատրաստ ենք այս դիմորդին ասել, որ ինքը չի ընդունվել և պետք է դիմի հաջորդ տարի։
Կարդացեք նաև
Մյուս նորամուծությունն այն է, որ քննարկվում է ընդունելության քննությունը մաս-մաս հանձնելու և դրանց հանրագումարով բուհ ընդունվելու տարբերակը։ Աշակերտը կարող է 6 կիսամյակ հանձնել քննությունները և իր ստացած թվանշանով դիմել բուհ։ Այս որոշման մեջ դրական մոտեցումն այն է, որ աշակերտը 3 տարի անընդհատ պետք է լինի սովորելու ռեժիմի մեջ, որպեսզի կարողանա հեշտությամբ հանձնել քննությունները։ Բացի այդ, աշակերտի համար շատ հարմար է քննությունը մաս- մաս հանձնելը։ Այդպես ավելի հեշտ է։
Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում