Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեւէ լսե՞լ եք, որ այդ ընդդիմությունն իշխանությունների հետ բանավեճի մեջ մտնի Հայաստանի ապագայի վերաբերյալ որեւէ հարցի շուրջ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 28,2019 12:25

Իշխանությունների դեմ գործող քարոզչամեքենան արդեն տեւական ժամանակ շրջանառում է այն թեզը, թե իշխանությունները հեղափոխությունից մեկուկես տարի անց էլ շարունակում են պայքարել նախկինների դեմ, որովհետեւ նախկինների մասին անընդհատ հիշեցնելն «օգնում է» բացատրել մարդկանց, թե ինչու ամբողջովին կամ բավարար արագությամբ չեն կատարվում հեղափոխության օրերին տրված խոստումները։

Նախկինների այս քարոզչության բուն նպատակն, իհարկե, իշխանությունների ուշադրությունն իրենցից շեղելն է («ինչ եղել՝ եղել է, մոռացեք, մեզ հանգիստ թողեք ու զբաղվեք ապագայով»), բայց իսկապես էլ՝ տպավորությունն այնպիսին է, թե Հայաստանում ներքաղաքական պայքարն ընթանում է ներկայի եւ անցյալի միջեւ։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Որովհետեւ ձեւավորվող կամ ձեւավորվել փորձող «արմատական ընդդիմությունը» ֆինանսավորվում եւ ուղղորդվում է նախկինների, կամ, պայմանականորեն ասած, «անցյալի» կողմից։

Երբեւէ լսե՞լ եք, որ այդ ընդդիմությունն իշխանությունների հետ բանավեճի մեջ մտնի Հայաստանի ապագայի վերաբերյալ որեւէ հարցի շուրջ։ Չկա այդպիսի բան ու չի էլ կարող լինել։ Նրանց փաստարկները բացառապես անցյալին են վերաբերում՝ «մեր ժամանակ ավելի լավ էր» կամ «մեր ժամանակ էլ մի բան չէր, բայց դուք մեզանից վատն եք»։

Ապագայի վերաբերյալ նրանք իշխանությունների հետ չեն կարող բանավիճել, որովհետեւ իշխանությունները ոչ միայն շատ հստակ են ձեւակերպել, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի ապագան (ժամանակակից մրցունակ տնտեսություն, համակարգային կոռուպցիայի վերացում, ազատ հասարակություն, օրենքի առջեւ բոլորի հավասարություն եւ այլն), այլեւ շատ կոնկրետ քայլեր են անում այդ ուղղությամբ։

Հաջողվում է, թե ոչ այնքան՝ այլ հարց է, բայց պատկերացրեք՝ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմից ուղղորդվողներն ու նրանց վերադարձի համար պայքարողները հանկարծ հայտարարեն, թե «մենք պայքարում ենք այնպիսի ապագայի համար, որտեղ չի լինի համակարգային կոռուպցիա, չեն լինի ապօրինի հարստացողներ, օլիգարխներ, մենաշնորհներ, չեն լինի ընտրակեղծիքներ, քաղաքացիների ժողովրդավարական ազատությունները պաշտպանված կլինեն, օրենքի առջեւ բոլորը հավասար կլինեն…»։ Համաձայնվեք՝ զվարճալի կլինի։ Բայց չեն կարող հայտարարել նաեւ այն, ինչին իսկապես ձգտում են պատվիրատուները՝ «մենք ուզում ենք վերադարձնել այն Հայաստանը, որտեղ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա փողի վրա նստած է, որտեղ մենք ենք որոշում բիզնես-քվոտաները, մենք ենք որոշում, թե քանի տոկոս խփենք ընտրությունների ժամանակ, իսկ ընդդիմությանը կարող ենք կամ հաճախորդ դարձնել, կամ անզգույշ քաշքշել, ով էլ դժգոհ է՝ թող արտագաղթի, բա մնան երկրում, որ հեղափոխություն անե՞ն»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930