Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 28,2019 12:05

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Արգիշտի Մեխակյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ՝ մինչ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը։

Խնդիրն այն է, որ ներկայումս անշարժ գույքի առուվաճառք իրականացնելիս վաճառողը պարտավոր չէ կատարել գույքահարկի գծով իր պարտավորությունները, քանի որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքը այդպիսի պարտադրանք ունի միայն տրանսպորտային միջոցների համար։ Արդյունքում հետագայում գնորդները խնդիրներ են ունենում, քանի որ երբեմն որոշ վաճառողներ մոլորության մեջ են գցում գնորդին՝ որպես «նվեր» թողնելով գույքային պարտքեր։ Շատ դեպքերում գնորդները ականջալուր չեն լինում նոտարի զգուշացմանը։

Ինչպես հայտնի է, գործող կարգավորմամբ մեքենան չեն կարող վաճառել, եթե գույքահարկի պարտք կա։ Նույն պահանջը գործելու է նաեւ անշարժ գույքի դեպքում։ Այսինքն՝ գնորդը հետագայում չի հայտնաբերի մի քանի միլիոնի տարիների ընթացքում կուտակված պարտք։ Այլ կերպ ասած, գույքային պարտավորությունները չեն փոխանցվի գնորդին, փոխարենը վաճառողը նոտարական տարածք կներկայացնի զրոյական տեղեկանք։ Ըստ որոշ մասնագետների՝ այս նախագծի՝ կյանքի կոչվելուց հետո գույքահարկի (հողի հարկի) հավաքագրումը կրկնակի կաճի։ Այսինքն՝ պատգամավորները համոզված են, որ այս օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՏԻՄ-երին նկատելիորեն բարելավել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը՝ չծախսելով լրացուցիչ վարչական ռեսուրսներ։

Ըստ նախագծի հեղինակների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի եւ Գեւորգ Պապոյանի՝ գործող կարգավորումը գործնականում առաջացնում է ռիսկեր գնորդ հաճախորդների համար բոլոր այն դեպքերում, երբ անշարժ գույքի վաճառողը դրսեւորում է ոչ բարեխիղճ վարքագիծ եւ պատշաճ կարգով չի տեղեկացնում գնորդին գույքի հետ կապված այդ պահին առկա չկատարված հարկային պարտավորությունների չափի մասին։ Իսկ գնորդը տեղեկացված չէ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի այն դրույթների մասին, համաձայն որոնց՝ նոր սեփականատիրոջն են անցնում օտարվող գույքի հետ կապված նախորդ սեփականատիրոջ չկատարած հարկային պարտավորությունները։

«Եթե գնորդը իրավագիտակից քաղաքացի է, ապա ինքը կարող է վաճառողից պահանջել, որպեսզի ներկայացնի զրոյական տեղեկանք։ Նոտարը չի պահանջում, որովհետեւ առկա կարգավորումը թույլ է տալիս, որպեսզի եղած պարտավորությունը փոխանցվի գնորդին։ Մենք ուզում ենք, որ օրենքով դա հստակ պահանջ լինի։ Եւ երկրորդը՝ հակասություն կա, մենք ուղղակի համապատասխանեցրել ենք Հարկային օրենսգրքին։ Հարկային օրենսգրքում ասվում է, որ պետք է վաճառելիս պարտավորությունները մարված լինեն, իսկ Գույքահարկի մասին ՀՀ օրենքում ասում է, որ եթե չի մարվում, ապա փոխանցվում է նոր սեփականատիրոջը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասնեց պատգամավոր Արգիշտի Մեխակյանը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930