Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Էդմոն Մարուքյանի դեմ։ Պատգամավորներին կասկածել են քրեորեն պատժելի արարք կատարելու մեջ։ Այն առնչվում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ նկատմամբ հարուցված քրեական գործին։
ՀՔԾ-ն կասկածներ է հայտնել, որ Ֆարմանյանի քրոջ փախուստին իրենց աջակցությունն են ունեցել նաեւ միջնորդություն ներկայացրած պատգամավորները։ Երեք օր առաջ ե՛ւ Մարուքյանին, ե՛ւ Զոհրաբյանին առանձին- առանձին հարցաքննության են կանչել եւ փորձել պարզել՝ արդյոք նախապես չե՞ն իմացել, որ Անահիտ Ֆարմանյանը փախչելու է, եւ «հանցավոր համագործակցության» են գնացել նրա հետ։ Սակայն պատգամավորները վրդովվել են քննիչների հարցերից եւ գլխի գցել՝ եթե քրեական գործ հարուցվի, գործ կունենան մեծ խայտառակության հետ։ Սակայն սրանով ՀՔԾ-ն փորձում է պատգամավորներին մեսիջ հղել, որ այսուհետ որեւէ մեկի հարցով երաշխավորություն չներկայացնեն։
Էդմոն Մարուքյանն ասաց, թե չի կարծում, որ իրավապահ մարմինները հետին նպատակ են հետապնդել եւ որոշել այս նախադեպով վախեցնել պատգամավորների աչքը։ Նրա պնդմամբ՝ կատարվածը զուտ իրավական գործընթաց է։ Այդուհանդերձ, պատգամավորի մեկնաբանություններից պարզ դարձավ, որ գործընթացը ծառայել է նպատակին, եւ Մարուքյանն այսուհետ դժվար թե համաձայնի որեւէ մեկի համար երաշխավորագիր ներկայացնել. «Գիտեք, սա նախադեպ է, որի արդյունքում մեզ այլեւս չպետք է դիմեն երաշխավորելու համար, ես այլեւս ոչ մեկին երաշխավորություն չեմ տալու։ Որովհետեւ պատգամավորը որեւէ ազդեցություն չունի այդ մարդուն թույլ տալ-չտալու՝ ներկայանալ, թե ոչ, պետք է նախաքննության մարմինը նրա անձնագիրը վերցնի, սեկտը փակի։ Երբ պատգամավորն ասում է, որ երաշխավորում է, որ նա կներկայանա, երաշխավորում է, որ նրան չկալանավորեն, բայց չի երաշխավորում, որ այդ մարդուն թողնեն երկրից գնալ։ Է, չթողնեիք գնար։ Այսինքն՝ այստեղ օրենսդրական խնդիր կա»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում