Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումների փաստեր են հավաքում 1991 թ․ սեպտեմբերից ի վեր բոլոր հետընտրական գործընթացների վերաբերյալ. «Ժամանակ»

Նոյեմբեր 28,2019 11:24

 Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հղել էինք հետևյալ հարցերը։

1․ Անցումային արդարադատությանը, վեթինգին վերաբերող ի՞նչ օրենսդրական նախագծեր է պատրաստել ՀՀ արդարադատության նախարարությունը։

2․ Իրավաբանները ներկայացրել են, որ կա անցումային արդարադատության չորս գործիք՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնում, վնասների փոխհատուցման ծրագիր և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե կոնկրետ վերջին մեկ տարվա ընթացքում ինչպես են կիրառվում այդ գործիքները։

3․ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ ի՞նչ աշխատանքներ է կատարում արդարադատության նախարարությունը անցումային արդարադատությանը վերաբերող օրենսդրությունը մշակելիս։

4․ Ո՞ր երկրների փորձն է հաշվի առնվել անցումային արդարադատությանը վերաբերող օրենսդրություն մշակելիս։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Նարեկ Ղազարյանից ստացել ենք հետևյալ պատասխանը։

Ի պատասխան Ձեր 2019 թվականի նոյեմբերի 19-ին բարձրացված հարցերի՝ հայտնում ենք հետևյալը.

1) Արդարադատության նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվել է կառավարության կողմից 10.10.2019 թվականին, որով որպես ռազմավարական նպատակ ամրագրվել է անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը:

2) Ռազմավարությամբ նախատեսված է անցումային արդարադատության գործիքների կիրառում հետևյալ ուղղություններով՝

-հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ,

-դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը,

-հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին,

-ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը,

-ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում և գնահատական անցյալին:

Վերոգրյալ գործիքների կիրառումը ներառված է ռազմավարությունից բխող 2019-2020 թվականների գործողությունների ծրագրում:

3) Նախատեսվում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ իրականացնել անցումային արդարադատության գործիքների կիրառման հետ կապված քննարկումներ:

4) Անցումային արդարադատությանը վերաբերող օրենսդրության մշակումը նախատեսվում է իրականացնել մինչև 2020 թվականի առաջին կիսամյակ:

Ըստ այդմ, համապատասխան նախագծերի մշակման ժամանակ հաշվի կառնվի նաև ոլորտի միջազգային լավագույն փորձը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930