Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի պատանիների ծառատունկն Աֆրիկայի անապատներում․ Եվրամիության ծրագրերն ընդլայնվում են (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 28,2019 00:15

Երեկ Շիրակի պետական համալսարանում անցկացվեց տեղեկատվական հանդիպում Հայաստանում Եվրամիության կողմից իրականացվող երկու կարևորագույն՝ «Էրազմուս + երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի շուրջ։

«Եվրոպական համերաշխություն կորպուս» ծրագիրը, որը 2 տարի է ՝ ինչ մեկնարկել է, բացառապես երիտասարդների համար է․ 17-30 տարեկաններին հնարավորություն է տալիս մեկնել Եվրամիության անդամ երկրներ՝ կամավորական աշխատանք կատարելու , աշխատանքային պրակտիկան այնտեղ անցկացնելու։

2014 թվականից մեկնարկած «Էրազմուս + երիտասարդություն» ծրագիրն էլ ուղղված է երիտասարդների, երիտասարդների հարցերով զբաղվող պետական մարմինների, մեդիա ոլորտի, ուսումնական հաստատությունների ու հ/կ ներկայացուցիչների՝ արտերկրում վերապատրաստվելուն, փորձի փոխանակմանը, ուսումնական այցեր կատարելուն։

Նշենք, որ Հայաստանում այս երկու ծրագրերի տեղեկատվական կենտրոնի աշխատանքները համակարգում է «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ն։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք համագործակցում են Հայաստանի տարբեր ուսումնական հաստատությունների հետ․ շուրջ 12 ուսումնական հաստատությունների հետ հուշագիր են կնքել, իհարկե, կան նաև ոչ հուշագրային հարաբերություններ։ Հուշագիր կնքած ուսումնական հաստատությունները «Էրազմուս + երիտասարդություն» տեղեկատվական կենտրոնի ու «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի կողմից ստանում են ոչ մրցութային տեղեր։ Օրինակ՝ Շիրակի մայր բուհը տարեկան մինչև 7 ուսանողի կարող է ընտրել ու բուհի անունից առաջադրել եվրոպական որևէ երկիր վերապատրաստման կամ փորձի փոխանակման մեկնելու։

Արթուր Նաջարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկատվական հանդիպումների շնորհիվ վերջին շրջանում ծրագրերին դիմողների թիվը կտրուկ ավելացել է։ Նա նշում է, որ պետք է դիմել ճիշտ ծրագրի, այն օգտագործելի դարձնել մասնագիտության զարգացման համար, որովհետև սա սոսկ շրջագայություն չէ, տուրիստական գործակալության կողմից ընձեռվող հնարավորություն չէ, որքան էլ նպատակը լինի հայաստանցի երիտասարդի համար աշխարհը բացահայտելը, ճանաչելի դարձնելը։

«Միշտ Ավետիք Իսահակյանի խոսքերն եմ մեջբերում, ով ասում էր՝ իմ զարգացման հիմքը ոչ թե կրթությունն է, այլ իմ ճամփորդություններն ու շրջագայությունները․ որքան շատ երկրներում ենք լինում, որքան շատ մշակույթների ենք բախվում, այնքան ավելի զարգանում ու գիտակից ենք դառնում։

Նախկինում, եթե դիմումների թվի խնդիր կար, այսինքն` շատ ավելի քիչ էին տեղեկացված և ավելի քիչ էին դիմում, հիմա ավելի հաճախ են դիմում ու ավելի որակյալ դիմում-հայտեր ենք ունենում։ Սա վկայում է այն մասին, որ ինչքան շատ տեղեկատվությունն ապահովում ենք, հատկապես սահմանամերձ շրջաններում, այդքան դիմումների թիվն ավելանում է ։

Մենք՝ որպես թիրախավորում, վերցրել ենք նաև գյուղական համայնքների երիտասարդներին, որոնք փակ են, երբևէ ինքնաճանաչման, ինքնահաստատման լուրջ հարթակներ չեն ունեցել, էլ չեմ ասում միջազգային, միջմշակութային միջավայրում հայտնվելու։ Մշտապես մեր ուշադրությունը սկսել ենք կենտրոնացնել սահմանային շրջաններում բնակվող պատանիներին այս ծրագրում ներգրավելու համար, որովհետև նրանք ավելի շուտ են ընկալում ծրագրի արդյունքներն, ավելի հեշտությամբ են փորձում իրենց համայնքներ տանել ու փոփոխել։

Եվ սա կարծրատիպեր է կոտրում, հատկապես գյուղական համայնքներում, որտեղ կան դեպքեր, երբ աղջկան թույլ չեն տալիս անգամ համալսարան ընդունվել․ գյուղի բարքերի համաձայն՝ դպրոցն ավարտելուց հետո կամ պիտի ամուսնանա կամ տանը նստի, բայց որոշ ակտիվ փորձում է ինչ-որ փոփոխություն կատարել։ Եվ մենք տեսնում ենք՝ աղջիկներն այլևս տանը նստելու փոխարեն իրենց համայնքում որոշում կայացնողներ են դառնում, լուրջ բիզնես նախաձեռնություններ են առաջ բերում, հաճախ կրթական լուրջ փոփոխություններ են իրենց համայնքում իրականացնում։ Կարևոր է, որ մի կողմից կարծրատիպեր են կոտրվում, մյուս կողմից աշխարհն ավելի հասանելի է դառնում գյուղական համայնքների համար»,-ասում է Արթուր Նաջարյանը։

Մեր զրուցակիցը նշում է, որ ծրագրերի թեմաները բազմաբնույթ են։

«Թեմաները բազմապիսի են, իրականում մարդկային երևակայության մեջ ինչպիսի թեմաներ որ կարող են առաջանալ, այդ թեմաներով ծրագրեր իրականացվում են ՝ սկսած տեղեկատվական տեխնոլոգիաներից, իրավագիտություն, կառավարում, ժողովրդավարություն, կրթություն, մինչև անգամ առողջապահություն, նույնիսկ, օրինակ՝ Աթենքում կրիաների բազմացման կլինիկայում գնում, պրակտիկա են անցնում։

Նույնիսկ երևակայությունից դուրս թեմաների շուրջ են ծրագրեր իրականացվում, փառատոներ, մեծ թվով մշակութային միջոցառումներ։ Այս պահի դրությամբ Եվրոպայում ամենակենսունակն ու տարածվածը սոցիալական ոլորտ է, ինչը պայմանավորված է ներքին, ներքաղաքական ու նաև տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադրությամբ։ Պատերազմի հետևանքով մեծ թվով ներգաղթյալներ են մեկնել դեպի Եվրոպա, որոնց հետ հստակ աշխատանք են իրականացնում հասարակության մեջ ներգրավելու, ավելի ներառական հասարակություն դարձնելու համար։

Այս թեմաները մեծապես բավարարում են ամենաքմահաճ երիտասարդի և երիտասարդի հետ աշխատող մասնագետի, դասախոսի կարիքները, որովհետև սա ոչ միայն աշխատանքային և մասնագիտական կարողություններն է զարգացնում, այլ նաև ծրագրեր կարող են ընտրել՝ պայմանավորված իրենց հոբիներով։ Եթե օրինակ՝ մեկը աշխատում է համալսարանում որպես պատմության մասնագետ, բայց շատ լավ նվագում կամ պարում է, կարող է երիտասարդական փորձի փոխանակման ծրագրի մասնակցել, որն ամբողջապես ուղղված է իր հոբիների զարգացմանը»։

Թե ինչպես է արտերկիր մեկնելն ազդում երիտասարդների աշխարհայացքի ձևավորման վրա, որպես լավագույն օրինակ՝ Արթուր Նաջարյանը մեջբերում է 13-16 տարեկան գյումրեցի դպրոցահասակ պատանիների այցը դեպի Հյուսիսային Աֆրիկա՝ Թունիս։

«Հայկական պատվիրակությունը բացառապես կազմված էր գյումրեցի պատանիներից, որոնք սոցիալական տարբեր շերտերից էին՝ տնակային ավաններում բնակվողներ։ Ինչո՞ւ եմ սա առանձնացնում, ծրագրի հիմնական նպատակը մարդասիրական աջակցություն ցուցաբերելն էր համապատասխան համայնքի տեղի բնակիչներին և, իհարկե, պատանիների շրջանակում առաջնորդության հմտությունների ձևավորումն էր։

Ամենահետաքրքիրն այն էր, որ պատանիները, որոնց ընտրել էինք, գրեթե բոլորը տնակներում էին բնակվում և իրենց թվում էր, թե իրենց կենցաղային պայմաններից ավելի վատ աշխարհի որևէ անկյունում չկար։ Աֆրիկայում կարճ ժամանակահատվածում վառ արտահայտվեց այն մոտեցումը, որ իրենք կարող են աշխարհի այլ տեղանքի բնակիչների, պատանիների օգտակար լինել։ Երեխա, որը Հայաստանում մշտապես աջակցության կարիք է ունեցել ու ստացել, Աֆրիկայում հասկացավ, որ մի աջակցող էլ ինքը կարող է լինել, և ապրեց այն բերկրանքը, որ ինչ-որ բանի համար պիտանի է։

Նեֆտան Աֆրիկայի մի բնակավայր է, որտեղ, ցավոք սրտի, վերջին տասնամյակի ընթացքում հսկայական տարածքներ անապատացման են գնում, նկարներով երեխաներն ուսումնասիրում էին անապատացումն ինչպես է տեղի ունեցել։ Ընդամենը 20 տարի առաջ այն անապատը, որտեղ մենք գտնվեցինք, ամբողջապես կանաչապատ է եղել և այնտեղ եղել են փոքրիկ գյուղական համայնքներ։ Իսկ հիմա չես կարող պատկերացնել, որ այդտեղ երբևէ մարդկային ոգի, կանաչ տարածություն է եղել։

Ծրագրի նպատակն անապատում ապրող ընտանիքիների երեխաներին կրթական որոշ ծրագրով, մշակութային միջոցառումներով, ժամանցով ապահովելն էր, և, իհարկե, կենցաղավարման մեջ աջակցություն ցուցաբերելը,, քանի որ ջուրն այնտեղ դեֆիցիտ է, մեր երեխաները հատուկ տեղերից ջուր էին կրում և օգնում էին, որ ջրով ապահովեին այդ ընտանիքներին։

Եվ որ ամենակարևորն էր՝ ծառատնկի շատ լուրջ գործողություն սկսվեց, ծրագրի շրջանակներում հատուկ տեսակի ծառեր ու թփեր էին բերվել։ Ամբողջական այդ տարածքում, որը նաև դպրոցի տարածք էր համարվում, մասնակիցները Եվրոպայի հինգ տարբեր երկրներից, այդ թվում նաև Հայաստանից, ծառատունկ կազմակերպեցին և այցի 10 օրերի ընթացքում ամեն օր խնամում էին այդ ծառերը, որպեսզի ուժեղ արևի պատճառով տնկիները չվերանային։ Ամեն օր ջուր էին բերում հատուկ տեղերից, հատուկ տեսակի ջրեր․ ջրերն ունեին աղտոտվածության խնդիր։ Կարևորն այն էր, որ երեխաների աշխարհայացքը ձևավորվեց, իրենք ասում էին՝ երբևէ չէինք մտածում, որ թուփ ու կանաչին այդքան լուրջ պետք է վերաբերվեինք, մենք հաճախ վերացնում ենք մեր ծառերը, մեր բակերի թփերն ենք կտրում ՝առանց կարևորելու։ Այսօր, երբ եկել ենք Աֆրիկա, և փոքրիկ մի թուփ, որպեսզի կպնի հողին, աճի, պատրաստ ենք անգամ արտասուքով ջրել, միայն թե իմանանք, որ շունչ ու թթվածին կարտադրի անապատում։

Տեղի բնակիչներն աստիճանաբար լքում էին, տեղափոխվում են երկրի հյուսիսային մաս, որովհետև այդ տարածքը անապատացման էր գնում։ Թվում է, թե բոլորի համար ամենաոգևորիչը եվրոպական երկրներ գնալն է , բայց երբ հայտնի դարձավ, որ ծրագիրը պիտի տեղի ունենա Աֆրիկայում, այլ ոչ թե Ֆրանսիայում, Գերմանիայում կամ Ավստրիայում, շատերի մոտ ներքին վախ կար, թե ինչու համար Աֆրիկա, ինչ անել Աֆրիկայում, բայց սա իր հերթին և՛ մեզ համար էր մարտահրավեր, և՛ պատանիների, որովհետև սա էականորեն փոխել է երեխաների կյանքը, անգամ մարդկային որակներ է փոխել։ Կյանքի նկատմամբ արդեն այլ պատկերացում ունեն, ինչպես իրենք են ասում՝ մենք սկսել ենք հոգատարություն ցուցաբերել մեր ընտանիքի, մեր շուրջ տեղի ունեցող ցանկացած երևույթի, անգամ մեր դպրոցի բակի աղբահանությանը, որ երբևէ ուշադրություն չենք դարձրել, սկսել ենք դրա մասին անհանգստանալ։

Անգամ իրենք իրենց վրա էին ծիծաղում, թե ինչպես մի փոքր թուփը 5-6 երեխայով ամեն օր սկսում էին խնամել, սեր էին տալիս, երբ Հայաստանում տնկիները կարող էին ոտքով տրորել և անցնել։ Ասում էին՝ հիմա նոր ենք հասկանում, թե Հայաստանում եղած մեկ թուփը մոլորակին ինչքան կարող է թթվածին տրամադրել և դեպի ուր է տանում։ Երբ հարցնում էինք՝ ի՞նչ տվեց ծրագիրը, մեր մասնակից աղջիկներից մեկն է ասաց՝ ես սկսեցի սիրել մարդկանց, անգամ սևամորթերին, ինքը սկզբում վախենում էր, կարծրատիպեր ուներ։ Ասում է՝ ես հիմա դարձել եմ մոլորակի բնակիչ, հասկանում եմ՝ ինչ է նշանակում դա, ես պիտի հոգ տանեմ լիքը բաներ մասին, որոնց նկատմամբ նախկինում եղել եմ անտարբեր, իմ մեջ վերացել է անտարբերությունը։ Իսկ սա խոսում է գիտակից երեխայի մասին, որը Հայաստանի Հանրապետության լավագույն քաղաքացիներից մեկը կարող է դառնալ», ասում է Արթուր Նաջարյանը։

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ, ըստ հավաստի տվյալների, Եվրամիությունը պատրաստվում է 2020 թվականներին ավարտվող այս երկու ծրագրերի ժամկետը ավելացնել ևս յոթ տարով։

Մեր զրուցակիցը ուսումնական հաստատությունների ղեկավարներին հորդորեց գնահատել այս հնարավորությունները, քանի որ ծրագրերը ոչ թե խանգարում են ֆորմալ կրթությանը, այլ հավելյալ հմտություններ, գիտելիքներ ու պրակտիկա , փորձ են տալիս սովորող երիտասարդներին՝ աշխատաշուկա մտնելու ու մրցունակ դառնալու։

Արթուր Նաջարյանը մեկ կարևոր նախազգուշացում ևս արեց։

«Քանի որ Հայաստանում մեր տեղեկատվական կենտրոնը որոշակի հանձնառություն ունի հետևելու որակյալ ծրագրերի իրականացմանը, մենք վերջին շրջանում պարբերաբար ահազանգեր ենք ստանում մեծ թվով երիտասարդներից, որ կառույցները արտերկիր փորձի փոխանակման, վերապատրաստման ուղարկելիս՝ պահանջում են գումար։

Ի լուր բոլորի՝ ասում եմ, դրանք հակաօրինական են, ծրագրերի ուղեցույցերը կարող են ուսումնասիրել, նմանատիպ պահանջներ չկան։ Նման երևույթներին վերջ դնելու համար ես բարձրաձայնում եմ այս հարցը և մասնակիցներին տեղեկացնում, որ նմանատիպ գումարային պահանջները հակաօրինական են և դեմ են ծրագրային սկզբունքներին և կանոններին։ Նմանատիպ խնդիրների դեպքում խնդրում եմ, անպայման, մեր տեղեկատվական կենտրոն դիմել», -հորդորեց Արթուր Նաջարյանը։

Լուսանկարներն՝ Արթուր Նաջարյանի ու Շիրակի պետական համալսարանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930