Այլընտրանքային արհմիության՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիմաց կարելի է «բացակա է» բառը գրել
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության հիշատակված պահանջների կատարման արդյունավետությունը գնահատելու համար դիմել է Տեսչական մարմնի ղեկավարին։ Ստացվել է պատասխան այն մասին, որ 2017-2019 թվականների ընթացքում գործատուների կողմից Տեսչական մարմնին են տրամադրվել աշխատանքի վայրում տեղի ունեցած թվով 27 դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերը, իսկ քաղաքացիների, պետական մարմիններից եւ այլ կազմակերպություններից ստացված, ինչպես նաեւ լրատվական կայքերում հրապարակված՝ աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա Տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում գործատուների կողմից մարմնին են տրամադրվել եւս 31 ծառայողական քննության նյութեր։
Ըստ ՀՔԱՎ-ի՝ «Բարձրացված խնդրի կապակցությամբ Տեսչական մարմնի ղեկավարը ընդգծել է, որ գործող իրավակարգավորումները դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստացումը չեն ապահովում, որի հետեւանքով բազմաթիվ դեպքեր շարունակում են մնալ չբացահայտված, իսկ դրանք առաջացնող խնդիրները՝ չլուծված»։
Աշխատանքի պետական տեսչության հսկողությունն ու վերահսկողությունը նախատեսվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածով, որն ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-256-Ն օրենքով։ Դրանցով վերացվեցին ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ հնարավորությունները։ ՀՀ Կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 857-Ն որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության միաձուլման արդյունքում վերակազմակերպվեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը։ 2017 թվականի ապրիլի 27-ի թիվ 444-Ն որոշմամբ ձեւավորվեց ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը, հաստատվեց վերջինիս կանոնադրությունը եւ կառուցվածքը։
Կարդացեք նաև
2018 թվականի մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքը, որով ՀՀ Կառավարությանը ենթակա մարմինների շարքում ընդգրկվեց ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Տեսչական մարմնին վերապահվեց աշխատատեղում աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների պահպանման եւ շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումն ու վերլուծումը, աշխատանքային օրենսդրության եւ այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների եւ արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության ապահովման գործում մեթոդական օգնության կազմակերպումը` համապատասխան տեղեկատվության եւ խորհրդատվության տրամադրումը, մինչեւ 18 տարեկան անձանց, ինչպես նաեւ հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց եւ երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եվ թվում էր, թե գոնե դատական գործընթացների ժամանակ կտեսնենք այլընտրանքային արհմիությանը, սակայն այդպես չեղավ:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է չուսումնասիրված ոլորտը եւ ըստ իր՝ ՀՔԱՎ-ի «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման իրական սպառնալիքները» ուսումնասիրության հետեւությունների փաստել է. «Այս պահից սկսած՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապրում է հետընթաց։ Հայաստանի Հանրապետությունում գործող պետական եւ մասնավոր կազմակերպություններում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ներկայիս վիճակը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների` կապված ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման հետ»։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության թվով 29 կոնվենցիաներ եւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան, որով պետությունը ստանձնել է պարտավորություններ՝ ապահովելու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ դրանց արդյունավետ իրացման համար, ստեղծելու վերահսկողական համակարգ աշխատանքային օրենսդրության պահանջների պատշաճ կիրարկումն ապահովելու համար։
«Ակնհայտ է դառնում, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող Տեսչական մարմինն անհրաժեշտ գործիքակազմի բացակայության պայմաններում մատնված է անգործության։ Ու սա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 3-րդ հոդվածի 1-ին պարագրաֆի վավերացմամբ պարտավորվել է իրականացնել եւ պարբերաբար վերանայել աշխատանքային անվտանգությանը, աշխատանքային առողջությանը եւ աշխատանքային միջավայրին վերաբերող ազգային քաղաքականությունը»,-նշել էին ՀՔԱՎ ուսումնասիրություն իրականացնողները:
Իրավապաշտպան գրասենյակն արձանագրել եւ առաջարկել է. «Տեսչական մարմնի կողմից գրանցված խախտումների թիվը տալիս է իրադրության իրական գնահատականն այն մասին, որ ներկայիս օրենսդրական կարգավորումներն այդպես էլ չեն նախատեսում աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն։
Անհրաժեշտ է՝ գործող Տեսչական մարմնի լիազորությունները համապատասխանեցնել ՀՀ-ի կողմից վավարեցրած ԱՄԿ կոնվենցիաների եւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին, անվտանգ եւ առողջության համար անվնաս աշխատատեղերի ստեղծման պայմաններում Տեսչական մարմնին պետք է լիազորել բավարար գործիքակազմով, այդ թվում նաեւ՝ իրավական լծակներով, այս ոլորտում ռիսկերի գնահատման եւ դրանց բնույթին համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով, եւ ստեղծել իրավական մեխանիզմներ՝ աշխատավայրում առաջացած դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների մասին գործատուների կողմից Տեսչական մարմնին՝ տեղեկատվության պատշաճ տրամադրման ապահովման եւ դրա ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.11.2019