Ասում է նախկին Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սասուն Գեւորգյանը
– Aravot.am-ում հրապարակված ձեր՝ «Եթե գրագողության դեմ պայքարը գլխավորում է գլխավոր գրագողը՝ ես չեմ հավատում այդ պայքարին» վերնագրով հոդվածը վարչապետին ուղղված բաց նամակի ձեւաչափով էր, որեւէ արձագանք ստացա՞ք:
– Պաշտոնական ոչ մի պատասխան: Նույնիսկ անմիջական դիմումներիս չեն պատասխանում գիտության հլու- ծառա չինովնիկները, ուր մնաց՝ նրանց գերագույն շտաբից պատասխանեն: Ամենայն հավանականությամբ, հին ու նոր իշխանություններին էլ բավարարում է գրագող գիտության ղեկավար ունենալը: Եթե նախկինների օրոք խոսում էին «օլիգարխ կռիշ»-ի մասին, հիմա էլ ինչ-որ նման բան են մոգոնել «տղուՀընԳեր» վերնագրով: Նույն անիմաստ դատարկաբանությունը, նույն սուտ գողական սկզբունքները: Եթե հիշում եք, ձեր թերթում հոդվածների շարք էի տպագրում՝ «Պարոն վարչապետ, ձեզ խաբել են» վերնագրով՝ ուղղված սկզբում Տիգրան Սարգսյանին, հետո Հովիկ Աբրահամյանին: Ինչ-որ բան փոխվե՞ց:
– Այն ժամանակ, ինչպես դուք էիք գրել ձեր հոդվածներից մեկում՝ ձեզ «խուլիգանության հոդվածով» հեռացրին:
Կարդացեք նաև
– Նման մի պատասխան էլ հիմա ստացա՝ նորից նույն մարդիկ, նույն պարզունակ ոճով: Եթե նախկինում հեռացրեցին եւ տեղափոխեցին «արտահաստիքային աշխատակից» պատվավոր պաշտոնի՝ հիմա որոշել են դրանից էլ զրկել: Առաջին հայացքից ծիծաղելի կարող է թվալ, բայց հասկանալով՝ լավ էլ վատություն են անում: Ես այստեղ Թայվանում աշխատում եմ որպես հրավիրված փորձագետ: Դրա համար իմ երկրում պետք է որեւէ տեղ «աշխատեմ», նույնիսկ ֆորմալ: Լավ հասկանալով այդքանը, արդեն ինֆորմացիան հասցրել են այստեղի գործատուներին: Փակել են իմ երեւանյան ինստիտուտի էլփոստը, որն օգտագործում էի օֆիցիալ գրագրության համար: Երբ պահանջեցի, որ ինձ ուղարկեն այն հրամանները, որոնց հիման վրա արել են այդ քայլերը՝ էլփոստը նորից բացեցին, բայց դեռ ոչ մի հրաման չեմ ստացել: Բայց փոստից անհասկանալի պատճառով «պատահաբար» հեռացվել են ԿԳՄՍ, ԲՈԿ եւ ԱԺ գիտության հանձնաժողովին ուղարկված դիմում-նամակները: Ինձ տեղեկացրին, որ հիմա էլ իմ փորձարարական սարքերի «չորս բոլորն են ֆռֆռում»: Եթե համարձակվեն ձեռք տալ՝ ստիպված «հերոսամարտ» եմ սկսելու: Եթե իրենք Գանդիի հետեւորդներն են, ես էլ Չէ Գեւարայի:
– Այդքան ելույթներ եք ունենում գիտության ղեկավարների դեմ՝ ուրիշ ի՞նչ էիք սպասում:
– Գիտեմ, որ ինձ չեն սիրում: Բայց պատճառը բացարձակապես իմ ելույթները չեն, պատճառն ավելի «նյութական» է: Մոտ 10 տարվա ընդմիջումից հետո, երբ 2000թ.-ին ես նորից վերադարձա Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտ, մի խնդիր դրեցի իմ առաջ՝ ապացուցել, որ հնարավոր է բարձրորակ աշխատանք անել այդ պայմաններում եւ տպագրել ամենաբարձր վարկանիշ ունեցող ամսագրում: Չնայած ինձ անհամեստ մարդ են համարում, բայց չեք գտնի իմ 5-6 տասնյակ թերթային հոդվածներիցս մեկը, որտեղ ես ինձ գովել եմ: Բայց հիմա ստիպված եմ: Հայաստանյան կենսաֆիզիկայի պատմության մեջ միակ փորձարարական գիտական հոդվածը, որը տպագրվել է ամենաբարձր վարկանիշ ունեցող Physical Review Letters ամսագրում՝ արել եմ ես՝ իմ երիտասարդ, բայց շատ տաղանդավոր կոլեգաների հետ: Փորձերն արել եմ իմ ստեղծած սարքավորումներով, սոսկալի պայմաններում՝ երբ ոչ միայն ոչ մի կոպեկ չէի ստանում պետությունից՝ մի բան էլ արդեն ընկած էին ետեւիցս: Արդեն ձանձրալիության աստիճանի էր հասել «փող չկա, բա ո՞նց աշխատենք» տնքոցը: Գիտության ղեկավարները զառանցանք հիշեցնող մեգածրագրերից էին խոսում, մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ արագացուցիչ սարքելուց… Բայց միայն իրենց ու մի քանի յուրայինի հարց էին «կարգավորում», որպես կամուֆլաժ օգտագործելով փող չլինելու լացը: Այդ աբսուրդի թատրոնում իմ արած գործը նրանց խանգարում էր՝ ոնց թե կարելի է գործ անել: Սա է եղել հիմնական հակամարտության պատճառը: Մնացածը ընդամենը ավելացրել է՝ հասցնելով ատելության աստիճան: Նախկին ընկերներս, որոնք ղեկավարում են առ այսօր գիտությունը, չեն խորշում ոչ միայն ինձ վնաս տալուց, այլ նաեւ իմ յուրայիններին:
– Գիտության թերֆինանսավորումից դժգոհում են մինչեւ հիմա՝ ԱԺ քննարկումները չե՞ք նայել:
– Նայել եմ իհարկե՝ չնայած արդեն ձանձրացել եմ նույն անիմաստ լացից: Ինչ էլ բառ են մոգոնել՝ թերֆինանսավորում: Ինչի՞ համեմատ «թեր»: Ասում են՝ այսքան փող ունենք ձեր արածի համար, էլ դրա թերը ո՞րն է: Գնացեք 6000 հոգու փոխարեն 600 հոգով արեք՝ միջին աշխատավարձ կարող եք նշանակել 1000 դոլար, սարքերին էլ մի քանի միլիոն դոլար տարեկան կմնա: Ու սկսվում է անիմաստ լացը՝ առանց գիտության ապագա չկա, բա մարդկային մտքի ելեւէջները… Առանց կրթության ապագա չկա, առանց ձեր «Ճ» դասի գիտության կդիմանանք: Նայում ես, թե ովքեր են խոսում գիտությունից՝ տպավորություն է, թե դեժավյու է մոտդ: ԱԺ-ում էդ փող պահանջողների շարժման հոգեւոր առաջնորդի «հերոսամարտն» էր ամենազզվելին: Սկսեց նրանից, որ համ ակադեմիան է շատ լավը, համ գիտության կոմիտեն է հոյակապ աշխատել՝ բայց իրենց, գիտնականներին նրանք համարում են «դիմացի կողմ»: Հետո մտավ ինքնագեներացիայի ռեժիմ, հերոսացավ ու հայտարարեց, որ այո, ես պահանջում եմ: Պահանջածն էլ ինչ էր՝ մի հատ օգտագործած «Օլիմպուս» օպտիկական մանրադիտակի գնին հավասար փող: Այ քեզ սխրանք, այ խորքային քննարկում: Հնարավոր բոլոր ձեւերով գիտության կոմիտեից փող ստացողի ելույթն էլ սա պետք է լիներ՝ ուրիշ ի՞նչ սպասեի: Գիտեն, թե ում են հրավիրում ԱԺ քննարկումներին: Օրինակ ինձ, ԿԳՄՍ նախարարի աշխատակազմից հրավիրել էին Կասկադի «փիլաքյանների» վրա կայացած մանկամիտ քննարկումներին: Հայրենական գիտության այսօրվա ողբալի վաճակի հիմնական պատճառը «թերֆինանսավորումը» չէ: Նորից եմ կրկնում, առանց փողի ամենաառաջնակարգ աշխատանքն արեցինք: Տեսնել էր պետք, թե գիտության կոմիտեի նախագահը ոնց իրեն «պատեպատ խփեց», նույնիսկ ստիպեց, որ իմ աշխատանքի վրա գրված գրախոսականները փոխեն՝ ինչ է, թե այդ «թերֆինանսավորումն» էլ չստանամ: Էնքան ողորմելի են իրենց մեթոդներով ու մտածելակերպով, որ մարդ արդեն չի էլ կարողանում տղամարդավարի զայրանա:
– Ձեր կարծիքով՝ ներկայիս իշխանությունները դեպի լավ չե՞ն փոխել գիտության հանդեպ պետության վերաբերմունքը:
– Եթե վերաբերմունքի չափման ուրիշ միավոր գիտեք՝ ասեք: Եթե փողով չափենք՝ ոչ, չի փոխվել: Եթե գիտաշխատողի հանդեպ ունեցած վերաբերմունքով՝ ոչ, չի փոխել: Եթե ղեկավարման մեջ կադրային քաղաքականությամբ՝ ոչ, չի փոխվել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, նախկիններին ավելացել են գիտության խնդիրներից բացարձակապես ոչինչ չհասկացող ԿԳՄՍ նախարարը, ԱԺ գիտության հանձնաժողովի նախագահն ու իր տեղակալը: Էլ ուրիշ չափելու ձեւ չգիտեմ: Գիտության ու կրթության մասին օրենքին մի քանի հոդվածով անդրադարձել եմ՝ պարզապես կրկնեմ- վնասակար դատարկաբանություն է: Ամեն ինչի «պսակը» «կոֆե խմողների» մասին ակնհայտ պրովոկացիոն հայտարարությունն էր, որպեսզի հաջորդած դատարկաբանությունների հոսանքի մեջ խեղդվեն գիտության խնդիրների մասին իրական քննարկումները: «Կոֆե խմող» պիտակավորումով նախկինում մեզ փորձում էին վիրավորել տզրուկի պես գիտությանը կպած բազում անիմաստ պաշտոնյաներ՝ սկսած անցակետի պահակներից մինչեւ կադրերի բաժնի ու հաշվապահության հաստամարմին «տոտաները»: Սպանում է ոչ թե թեման, որը կարելի էր անվանել գործունեության արդյունավետության քննարկում: Այդ խնդիրը իսկապես կա եւ նախորդում է ֆինանսավորման սուղ լինելուն: Սպանում է քննարկման մակարդակն ու տերմինաբանությունը: «Կոֆե խմող» խաղացնելով եւ անիմաստ կադրային քաղաքականությամբ հազիվ էլ այսքանը, դժվար թե ինչ-որ բան կարողանան փոխել:
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.11.2019