Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվե՞լ է Իլհամ Ալիեւը եւ նրա դաստիարակած հասարակությունը

Նոյեմբեր 28,2019 12:00

Ինչո՞ւ չեն Ադրբեջանում «անվտանգության նկատառումներից ելնելով» թույլ տվել հայ լրագրողներին շփվել շարքային ադրբեջանցիների հետ

Նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցավ լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի եւ Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելեցին Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան եւ Արցախ: Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այս առիթով նշել էր. «Ծրագիրը նախապատրաստվել եւ կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ եւ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»:

Հայաստանից Ադրբեջան էին այցելել՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն ու «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը, իսկ Արցախից՝ Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանը: Ադրբեջանից Հայաստան են եկել Trend լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիեւը, 1news.az–ի լրագրող Էլշան Ռուստամովը եւ Vestnik Kafkaza in Azerbaijan–ի թղթակից Օրհան Յոլչուեւը։

Դավիթ Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Ադրբեջան կատարած այցի, իր տպավորությունների մասին։ Նա տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց թույլ չեն տվել շփվել շարքային ադրբեջանցիների հետ, խանութներ մտնել, գնել հուշանվերներ։ «Պաշտոնյաների հետ չենք հանդիպել, սակայն եղել են հրապարակման ոչ ենթակա հանդիպումներ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ։ Իսկ մեր ադրբեջանցի գործընկերների աչքերում տեսա, որ նրանք արդեն հասկացել են, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,-ասել է Ալավերդյանը։ Նա նաեւ պատմել է, որ Հայաստան վերադառնալիս Վրաստանի սահմանին հանդիպել են Հայաստան եւ Արցախ այցելած ադրբեջանցի լրագրողներին. «Նրանք շատ էին հավանել թե՛ Երեւանը, թե՛ Արցախն ու արցախցիներին, նրանց շատ էր դուր եկել նաեւ Շուշին»։

Ադրբեջանցի լրագրողների արցախյան այցի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում իր տպավորություններն է ներկայացրել Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, որն ադրբեջանցի գործընկերներին ուղեկցող խմբի կազմում է եղել: «Միմյանց հետ կես օր ենք շփվել` նախապես մշակված երթուղային ծրագրով։ Տպավորություն կար, որ նրանք մեր երկու ժողովուրդների միջեւ առկա խնդիրներին ավելի խորահայաց են նայում, քան մենք սովորաբար տեսնում ենք ադրբեջանական մամուլում»,-նշել է Գաբրիելյանը՝ հավելելով. «Ես չեմ զարմանա, եթե նրանց հետագա հրապարակումներն այդ ամենի մասին ուրիշ երանգ ունենան։ Բայց զուտ մարդկային առումով` տպավորած էին»։ Նրա խոսքով` ադրբեջանցի լրագրողները չէին խորշում քաղաքը Ստեփանակերտ անվանել, ոչ էլ որեւէ դժգոհություն էին արտահայտում, երբ արցախցիները գործածում էին Արցախի Հանրապետություն եզրույթը։ Նրանք նաեւ համաձայնում էին արցախցի գործընկերների հետ, երբ վերջիններս ասում էին` ադրբեջանական մեդիայում հայերի մասին նյութերում հաճախ են «թշնամի» բառը գործածում, իսկ հայկական տիրույթում` Ադրբեջանի մասին կա՛մ որպես «հակառակորդ» երկիր են գրում, կա՛մ «հարեւան»։

Հանդիպման ընթացքում երկուստեք առաջարկներ են հնչել։ Կիմ Գաբրիելյանն առաջարկել է ադրբեջանցի գործընկերներին Ստեփանակերտում եւ Բաքվում թղթակցային կետեր ստեղծել` փոխադարձ տեղեկություններ հաղորդելու համար։ Ադրբեջանցի լրագրողներն էլ կարծիք են հայտնել, որ լավ կլիներ` ոչ միայն երկու երկրների լրագրողները հանդիպեին, այլեւ բժիշկները, մտավորականները, տնտեսագետներն ու ծրագրավորողները։ Գաբրիելյանի խոսքով` հանդիպման վերջնական եզրակացությունն այն էր, որ խաղաղությունը եւ այդ խաղաղությունը խաթարող խնդիրը ճանաչելու համար պետք է միմյանց ճանաչել։ «Բայց արդյոք հարեւան երկրում պատրա՞ստ են դրան, ցույց կտա ժամանակը», -նկատել է Արցախի ժուռնալիստների միության նախագահը։

Այսպիսով, 17 տարվա մեջ առաջին անգամ ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ։ Ինչպե՞ս են ադրբեջանցի լրագրողներն իրենց այցերը ներկայացնում ադրբեջանական մամուլում: Ինչպես եւ սպասվում էր՝ այդ հրապարակումները լիովին տեղավորվում են Ադրբեջանի իշխանությունների վարած քարոզչության սահմաններում: «Հայրենի հողից» եւ Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթից արված նկարներ, եւ Երեւանում ու Հայաստանի մարզերում առավելապես բացասական երեւույթներ նշելով ու հիշեցնելով, թե՝ «Հայաստանում գեթ 1 ադրբեջանցի չի ապրում, իսկ Ադրբեջանում՝ 20-30 հազար հայ է ապրում»:

«Track II diplomacy»-ն, այսինքն՝ նախաձեռնությունները, որոնք ժողովուրդների միջեւ իրականացվող ծրագրերով կոչված են ձեւավորել այն ընկալումն ու վստահությունը, որն անհրաժեշտ է խաղաղության համար, իհարկե, խիստ կարեւոր է: Այս ճյուղի մասին խոսվել է վերջին մի քանի տարիներին: Սա նոր բան չէ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությանն ավելի վաղուց հետեւողները կհիշեն, որ հայ լրագրողները նաեւ Հեյդար Ալիեւի իշխանության տարիներին են Բաքու այցելել: Մինչեւ վերջին մի քանի տարիներին հայ-ադրբեջանական շփումներ եղել են՝ թե՛ երրորդ երկրներում՝ միջազգային կոնֆերանսների շրջանակներում, թե՛ ադրբեջանցիներն են այցելել Հայաստան, դրանք՝ լրագրողներ, իրավապաշտպաններ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են եղել:

Տարբերությունն այն է, որ նախկինում Հայաստան էին գալիս քիչ թե շատ ազատ մտածելակերպ ունեցող ադրբեջանցիներ, որոնց դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում, ի դեպ, առանձնապես շատ չէր տարբերվում Ադրբեջանի իշխանությունների ու հասարակության  տրամադրություններից, բայց այդ մարդիկ Ադրբեջանի իշխանությունների քարոզչության ուղիղ իրականացնողները չէին, նրանք հստակ քննադատում էին Ադրբեջանի իշխանություններին, Ալիեւին մեղադրում էին երկիրը թալանելու ու Ղարաբաղի հարցում իրականացրած քարոզչությամբ իշխանությունը պահելու մեջ:

Եվ ի՞նչ տեղի ունեցավ այդ մարդկանց հետ… Այդ մարդկանց Ադրբեջանում մեղադրեցին Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ, նրանք ազատազրկվեցին, այնուհետեւ, այդ մարդիկ ուղղակի լքեցին Ադրբեջանը: Խոսքը՝ օրինակ՝ Արիֆ եւ Լեյլա Յունուսների եւ «Զերկալո» պարբերականի մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովի մասին է:

Հետեւաբար, այստեղ կարեւոր է հետեւյալ հարցը՝ փոխվե՞լ է Իլհամ Ալիեւը, որի իշխանությունները ոչ վաղ անցյալում քաղաքական հետապնդումներ են իրականացրել Հայաստան տարիներ շարունակ այցելողների դեմ եւ պարզապես կտտանքների են ենթարկել այդ մարդկանց:

Փոխվե՞լ է ադրբեջանական հասարակությունը, որին 2 տասնամյակից ավելի սնել են հայատյացության քարոզով, որտեղ Ռամիլ Սաֆարովը ազգային հերոս է եւ իշխանություններից հերոսացում եւ նվիրատվություններ է ստացել՝ քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար:

Գիտեք ինչո՞ւ չեն Ադրբեջանում «անվտանգության նկատառումներից ելնելով» թույլ տվել հայ լրագրողներին փողոցներում շփվել շարքային ադրբեջանցիների հետ, խանութներ մտնել… Որովհետեւ գիտեն, թե ինչ հասարակություն են «դաստիարակել» եւ ռեակցիա կառաջանա շարքային ադրբեջանցու մոտ՝ հայ տեսնելիս:

Ի դեպ, այստեղ հարկ է նկատել: Հայաստանում շարքային քաղաքացիները տարիներ առաջ առիթներ ունեցել են Հայաստան այցելած ադրբեջանցիների տեսնել Երեւանի փողոցներում, խանութներում, սրճարաններում, այլ քաղաքների հյուրանոցներում, որտեղ անց են կացվել միջազգային կոնֆերանսներ: Թեեւ ադրբեջանցի իրավապաշտպանների, լրագրողների եւ ՀԿ ներկայացուցիչների անվտանգությունը ՀՀ ԱԱԾ աշխատակիցները մշտապես ապահովել են, բայց, կարելի է ասել, դրա կարիքն առանձնապես չի էլ եղել, որովհետեւ մեր հասարակությունը ադրբեջանցիների ներկայության նկատմամբ զրո ուշադրություն է ցուցաբերել՝ իմանալով, որ նրանք ադրբեջանցիներ են: Այսինքն՝ Հայաստանում եւ Ադրբեջանում հակառակորդ երկրի ներկայացուցիչների նկատմամբ տոլերանտության լիովին այլ մակարդակներ կան:

«Track II diplomacy»-ն ինչ-որ մի կետից պետք է սկսել: Բայց, եթե Ադրբեջանում լրագրողները շարունակելու են ուղղորդված, ադրբեջանական իշխանական քարոզչության շրջանակներում ներկայացնել Հայաստանն ու Արցախը, դա երկար կյանք չի ունենալու: Ավելին՝ եթե նույնիսկ այս գործընթացում ներգրավվեն այլ ոլորտների ներկայացուցիչներ՝ մշակույթի գործիչներ, ուսուցիչներ, բժիշկներ, գիտնականներ, բայց դրան զուգահեռ Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով երկու շաբաթը մեկ հիշեն՝ Զանգեզուրն ու Արցախը «վերադարձնելու» եւ Երեւանը «գրավելու» մասին, այդ գործընթացն ուղղակի զավեշտի կվերածվի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 27.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930