Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ բնապահպանները Տիգրան Ավինյանից հերքումից բացի նաեւ վնասի փոխհատուցում պահանջեն

Նոյեմբեր 27,2019 23:25

Բնապահպան Լեւոն Գալստյանը նախօրեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանից իր նամակի պատասխանն է ստացել: Պատասխան նամակը հակիրճ է ձեւակերպված, փոխվարչապետը չի ցանկացել լրացուցիչ մեկնաբանություն տալ իրեն հասցեագրված հարցմանը:

Լեւոն Գալստյանից բացի նույն հարցումը փոխվարչապետին ուղարկել են նաեւ մի քանի այլ բնապահպաններ: Իսկ հարցումը վերաբերում էր հոկտեմբերի 22-ին Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե «…Կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս (խմբ.՝ Ամուլսարի) արշավը կազմակերպվի»:

«Քանի որ իր խոսքում նշված չէ, թե ում նկատի ունի , ցանկացած մեկը կարող է հասկանալ՝ իրեն նկատի ունի: Մենք առնվազն 2012 թվականից զբաղվում ենք այդ հարցերով, մենք՝ մեր հայկական բնապահպանական ճակատի անդամներով, հարցում ուղարկեցինք Տիգրան Ավինյանին՝ դուք արդյոք ում նկատի ունեք ձեր հայտարարությունն անելիս, բոլորս առանձին գրել ենք: Երեկ չէ առաջին օրը ստացել ենք պատասխան, որում ասվում է, թե լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա»,- Aravot.am-ին ասաց Լեւոն Գալստյանը:

Փոխվարչապետին հարցում ուղարկած ոչ բոլոր բնապահպաններն են պատասխան ստացել: Բնապահպան Թեհմինե Ենոքյանը նույնպես դեռ չի ստացել պատասխան. «Հարցում ենք ուղղել պաշտոնյային ու ակնկալել ենք պաշտոնական պատասխան, պարոն Ավինյանը գիտի, որ այդ փաստաթուղթը կարող է նաեւ իր դեմ օգտագործվել դատարանում, հետեւաբար, ցանկացել է լռել: Ես դեռ իմ հարցման պատասխանը չեմ ստացել, մյուսների դեպքում, ենթադրում եմ, որ նույն պատասխանն են ստանալու, ինչ՝ Լեւոն Գալստյանն ու Աննա Շահնազարյանը: Անձամբ ես՝ 2011 թվականից նպաստել եմ, որ այդ խնդիրը հնչեղություն ստանա, անկախ նրանից, պարոն Ավինյանը ինձ պիտակել է ազնիվների թե անազնիվների շարքում: Նախ` թող գա դատարան պարզաբանի՝ եթե հարց ենք ուղղել, ինչու պատշաճ չի պատասխանել, հետո էլ իր հայտարարության վերաբերյալ կամ թող ապացուցի, որ ինչ-որ խմբեր կան, որոնք փող են ստանում, ես չգիտեմ, գուցե կան, եթե չկան, վերջնականապես հստակեցնի՝ ում նկատի ուներ: Ընդհանուր պայքարի վրա սա վատ ազդեցություն է թողնում: «Լիդիանի» աշխատակիցներ, տարբեր կեղծ օգտատերեր ցիտել են Ավինյանի խոսքը, եւ Լիդիանը արբիտրաժ դիմելու հիմքեր է ամրապնդում ու դրանում նպաստում է պարոն Ավինյանը»:

Թեհմինե Ենոքյանն ասաց, որ հայցադիմումով պահանջում են հերքում, իսկ դատական հայցի ընթացքում կորոշեն վնասի փոխհատուցում կպահանջեն, թե՝ ոչ: Դատական տեղեկատվական համակարգի՝ www.datalex.am կայքի համաձայն՝ գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930