Խոշտանգումների տասնյակ զոհեր, դավաճանության մեջ մեղադրվող 25 և խոշտանգումներից մահացած 9 մարդ: Այսպիսին են 2017թ. ադրբեջանական բանակում իրականացված «Հայաստանի օգտին լրտեսության» շուրջ հետաքննության արդյունքները: BBC-ի լրագրող Մագերամ Զեյնալովը զրուցել է «Տերտերի գործի» զոհերի հարազատների հետ:
Նասիրը Բաքու է եկել հարևան Խաչմազ գյուղից, որից հետո նրա որդուն ձերբակալել են պետական դավաճանության համար:
Հայրը փոքրիկ «խրուշչովկա» է վարձել արվարձանում, հաղորդակում խումբ բացել, շփվում է այլ զինվորների հարազատների հետ, փաստաթղթեր է հավաքում, հանդիպում է իրավաբանների և օտարերկրյա դիվանագետների հետ:
Ամեն անգամ հանդիպմանը նա իր հետ բերում է փաստաթղթերի մի պայուսակ: Դրանցում դատական որոշումներ են, հանձնաժողովների եզրակացություններ և այլ թղթեր այն ավելի քան 100 զինվորների մասին, որոնք խոշտանգումների զոհ են դարձել ադրբեջանական բանակում:
Կարդացեք նաև
Այս պատմության մասին գրեթե ոչինչ չեն իմացել, քանի որ զինվորների դատավարություններն ընթացել են փակ դռների ետևում:
2017թ. մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում հայտնեցին Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով զինվորների ձերբակալումների մասին:
Դա էր ամբողջ պաշտոնական տեղեկատվությունը:
2017թ. մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած զանգվածային խոշտանգումների մասին հասարակությանը հայտնի դարձավ միայն 2019թ., երբ աստիճանաբար սկսեցին բացվել գործի մանրամասները:
Իրավապաշտպանների տվյալներով՝ ավելի քան 100 զինվոր և սպա ենթարկվել են կտտանքների, 25-ը դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման, և առնվազն 9-ը մահացել են խոշտանգումներից:
Այսօր Ադրբեջանում դա անվանում են «Տերտերի գործ»՝ այն շրջանի անունով, որտեղ ընթացել է զինվորների քննությունը:
«Եթե խոստովաներ, ողջ կմնար»
Իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևայի խոսքով՝ 9 մարդ զոհվել է՝ չդիմանալով կտտանքներին: Ընդ որում, նրանցից 5-ի նկատմամբ անգամ քրեական գործ չի հարուցվել:
Զոհվածներից մեկը պրապորշչիկ Ռուսլան Օջագվերդիևն էր:
Նրա կինը՝ Ռավանան, հիշում է, որ 2017թ. հունիսի 15-ին նա գնացել է զորամաս և դրանից հետո զանգերին չի պատասխանել:
«Այդ ժամանակ ես անհանգստացա, մինչև երեկո զանգահարում էի, հետո հարևաններին պատմեցի անհանգստությանս պատճառների մասին»,- հիշում է նա:
Ավելի ուշ զինվորականները նրան հայտնել են, որ իր ամուսնուն տարել են, բայց թե ուր և ինչու՝ չեն ասել:
«Հետո՝ նույն օրը երեկոյան, զորամասում մեզ ասացին, որ նա վիրավոր է, բայց այլ մանրամասներ չկար, ասում էին, որ սպասենք մինչև հաջորդ օրը»:
«Ամբողջ գիշեր չքնեցինք, իսկ առավոտյան սկեսրայրս ինձ զանգահարեց և ասաց, որ իրեն զորամասից հայտնել են, թե ամուսինս մահացել է»,- հիշում է Ռավանան:
Որպես մահվան պատճառ նշել են մարզումների ժամանակ սրտի կանգը:
«Այդ ժամանակ ես գցեցի հեռախոսը, վազեցի փողոց, տեսա՝ բոլոր հարևաններն արդեն հավաքվել են, և հասկացա, որ նրանք արդեն գիտեն, բայց չեն կարողանում ինձ ասել»,- պատմում է կինը: Հարևանները նրան օգնել են այդ առավոտյան ստանալ ամուսնու մարմինը և հուղարկավորել (Ադրբեջանում, ըստ մուսուլմանական ավանդույթի, հուղարկավորությունը կատարվում է մահվան օրը):
Այդ օրը Ռավանային վրդովեցրել էր, որ մզկիթ եկած զինվորականները թույլ չեն տվել, որպեսզի մարմինը լվանան, ըստ մուսուլմանական ավանդույթի: Իսկ մարմինն արդեն պատանքի մեջ փաթաթված էր և ծածկված դրոշով:
Սրտի կաթվածի մասին պատմությանը, թե նա իրեն վատ է զգացել, Բաքվից բժշկական ուղղաթիռ են կանչել՝ Ռավանան չի հավատացել:
5 օրից Ռուսլանի մարմինն արտաշիրմել են և ուղարկել Բաքու՝ փորձաքննության, և պարզվել է, որ մահը վրա է հասել «կրծքին ստացած հարվածից»:
Փորձագետների այդ կարճ եզրակացության մանրամասները Ռավանան իմացել է արդեն դատավարության ժամանակ:
Ռավանան այն տասնյակ տուժածներից մեկն է, որ դատի է տվել զինվորական դատախազությանը: Մյուս զինվորների ելույթներից նա իմացել է՝ ինչպես են խոշտանգումների ենթարկել իր ամուսնուն:
«Նրա բերանը շապիկով փակել են, խեղդել, պահանջել խոստովանել, որ լրտես է, ասել են՝ ընտրիր՝ կամ մեռնել, կամ խոստովանել»,- պատմում է նա:
Դատարանում Ռավանան իմացել է, որ ամուսինը կեղծ մատնության զոհ է դարձել մեկ այլ խոշտանգված զինվորի կողմից:
«Դատարանում ես լաց եղա, հարցրի Ֆուադ Աղաևին (մարդուն, ում մեղադրում էին խոշտանգումներում-խմբ.)՝ ինչու այդպես արեցիր, իսկ նա պատասխանեց՝ «ինձ հրամայել էին. կամ ես պետք է սպանեի, կամ ինձ սպանեին»»,- պատմում է Ռավանան:
Նրա խոսքով՝ ամուսնուն ամբողջությամբ մերկացրել են, ինչ-որ դեղեր ներարկել, խեղդել ջրում: Այդ ամենը տեղի է ունեցել բժշկի ներկայությամբ, որը պետք է հետևեր, որ նա չմահանար: Այդ փաստերն ապացուցվել են ինչպես դատարանում վկաների ցուցմունքներով, այնպես էլ դատական փորձաքննության եզրակացություններով:
«Ես Ֆուադին հարցրի՝ ում հրամանով ես նրանց խոշտանգել, նա ասաց, որ դա չի կարող բացահայտել,- պատմում է Ռավանան:- Ես նրան ասում եմ՝ այ սրիկա, խոստովանե՞ց որ հայ լրտես է: Իսկ նա ասում է, թե չէ. եթե խոստովաներ, ողջ կմնար»:
Դատախազությունում նրան հայտնել են, որ իր ամուսնու դեմ որևէ մեղադրանք չի առաջադրվել: «Այդ ժամանակ ես հարցրի՝ ինչ է՝ իմ ամուսինը ձեզ համար կո՞վ է, ոչխա՞ր, թե՞ հավ: Ինչպե՞ս և ինչի՞ համար իմ Ռուսլանին սպանեցին մեկ օրում»,- հիշում է նա:
Ռուսլանն ունի երկու որդի: Նա 32 տարեկան էր:
Հուղարկավորություն՝ շրջապատված ոստիկաններով
39-ամյա պաշտոնաթող գնդապետ-լեյտենանտ Սալեհ Գաֆարովը նույնպես երկու երեխա է թողել: Նրա կինը՝ Նաթավանը պատմել է, որ ոստիկանությունը նրան տարել է հենց տնից, առանց բացատրության:
Կինը երկու շաբաթ չի իմացել՝ որտեղ է նա, մինչև որ նրան պարզապես մարմինն են փոխանցել:
Ոստիկանները գերեզմանատանը շրջափակել են դագաղը և թույլ չեն տվել բացել այն, չեն ասել՝ ինչից է մահացել, և շտապեցրել են հուղարկավորությունը:
«Միայն երբ դատավարությունը սկսվեց, ես իմացա, որ նա փաստացի մահացել է երկրորդ օրը, խոշտանգումներից»,- ասում է Նաթավանը:
«Դատարանում պարզվեց, որ նրան բռնել են մի զինվորի մատնության հիմքով, որին նույնպես խոշտանգել էին,- հիշում է Նաթավանը:- Պարզվել է, որ մայիսի 4-ին նրան բռնել են, խոշտանգել, իսկ 6-ին նա կոմայի մեջ է ընկել Բաքվի ռազմական հոսպիտալում, իսկ արդեն 13-ին այնտեղ մահացել»:
Սալեհի ձեռքերն ու ոտքերը կապել են, սուզել ջրի մեջ, հոսանքահարել, եղունգները քաշել, ծնոտը կոտրել և կապած ցած են նետել երկրորդ հարկից, հիշում է կինը դատարանում լսածը: Դրանից հետո շարունակել են խոշտանգել, մինչև կոմայի մեջ է ընկել:
Նրա խոսքերը հաստատում են նաև դատարանում հնչած վկաների ցուցմունքները, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Այստեղ մանրամասն նկարագրվում է ներքին օրգանների վնասվածքները, կոտրվածքները, ինչպես նաև նշվում է եղունգների բացակայությունը:
Հարազատների ապստամբությունը
Այժմ առնվազն 25 մարդ բանտում պատիժ է կրում պետական դավաճանության, կոչումով բարձր զինվորականների վրա հարձակումների և բազմաթիվ այլ ուղեցկող հոդվածներով:
Նրանց հարազատները դատարանում են, պատմում են կտտանքների մասին և բողոքի ցույցեր են անցկացնում Բաքվում:
Նրանցից մեկը՝ Էլբրուսը, ժամկետային զինծառայող Նաթիկ Գուլուզադեի հայրն է: 2017թ. մայիսին նրա որդին արձակուրդ չի եկել: Ծնողներն անհանգստացել են և գնացել զորամաս:
Այնտեղ նրանք իմացել են, որ որդին հոսպիտալում է: Նրանք հանդիպել են մյուսների ծնողների հետ, որոնց որդիները նույնպես կորել էին: Հոսպիտալում նույնպես Նաթիկին չեն գտել:
Մի քանի ծնողներ հավաքվել են և դիմել շրջանի զինվորական ղեկավարությանը:
«Մեզ վրա տվեց 50 սպա, մեզ հետ խոսում էին՝ ինչպես թշնամու հետ, և մեզ վռնդեցին,- հիշում է Էլբրուսը: -Մենք սկսեցինք սպառնալ, որ ինքնասպանություն կգործենք, և միայն դրանից հետո մեզ խոստացան լսել: Գրանցեցին անուններն ու ազգանունները և խոստացան երեք օրից ասել՝ որտեղ են մեր որդիները»:
Երեք օրից Էլբրուսին իսկապես հաջողվել է հեռախոսով խոսել որդու հետ. «Ես նրան ասում եմ՝ Նաթիկ, հաստա՞տ դու ես: Դե ասա՛՝ որտեղ խալ ունես: Նա ասաց, և ես հասկացա, որ դա նա է, նա ողջ է»:
Հինգ օրից Նաթիկը և ես մի տղա հարևան գյուղից տուն են վերադարձել: Հենց այդ ժամանակ Նաթիկը բարեկամներին պատմել է՝ ինչի միջով է անցել: Հոր խոսքով՝ նրա մեջքին հարվածներ են հասցրել, սեռական օրգանները հոսանքահարել են, որից հետո նա 5 օր կոմայի մեջ է եղել: Չնայած այդ գործով բժշկական փորձաքննություն չկա, BBC-ի տրամադրության տակ է հայտնվել հարվածների հետքերը ցույց տվող լուսանկարներ, որն արել է Նաթիկի հայրը:
Էլբրուսը պատմում է, որ հաջորդ օրը Նաթիկը վերադարձել է զորամաս և ծառայել մինչև ժամկետի ավարտը:
Սեպտեմբերին Էլբրուսին զանգահարել են զինվորական դատախազությունից. «Հարցրին՝ Գուլուզադե Նաթիկի հա՞յրն եք: Ասում եմ՝ այո: Ասում են՝ թող գա, ինչ-որ բացատրագիր գրի և վերադառնա տուն՝ գյուղ»:
Նաթիկը եղբոր՝ Նահիդի հետ գնացել է Բաքու՝ զինվորական դատախազություն:
«Կեսգիշերին մոտ եղբայրը զանգում է ու ասում, որ Նաթիկին բռնել են, իսկ ինքը մնացել է դրսում՝ դատախազության դիմաց»,- հիշում է հայրը:
Էլբրուսը փորձել է դատախազությունում հանդիպել որդու հետո: Սկզբում նա ընդհանրապես գաղափար չուներ, որ որդուն ձերբակալել են:
Երբ նրանք հանդիպել են, Նաթիկը պատմել է՝ իրեն ասել են, որ խոստովանի հայկական հետախուզության հետ իր կապերը:
«Ասաց, որ իրեն ասել են՝ իբր մեզ ձերբակալել են թմրավաճառության համար, և նա պատրաստ է եղել իր վրա վերցնել մեղքը, որպեսզի մեզ ազատ արձակեն, բայց հիմա տեսնում է, որ մենք ազատության մեջ ենք, և մեզ հետ ամեն ինչ կարգին է»:
Այժմ Նաթիկը 18 տարվա ազատազրկման է դատապարտված պետական դավաճանության մեղադրանքով: Նաթիկի ընտանիքը, ինչպես և մյուս դատապարտված զինվորների ընտանիքները, փորձում են բողոքարկել վճիռը:
Նրանց գործն անցել է տեղի բոլոր դատական ատյաններով, այդ թվում Ադրբեջանի Գերագույն դատարանով, որի միակ նիստը, ըստ Էլբրուսի տևել է 20 րոպե: Այժմ հայրը պատրաստ է բողոքել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ տեղի դատարանն անգամ չի քննել խոշտանգումների վերաբերյալ գործը:
Կտտանքների մասին խոսել է նաև զինվոր Ֆայիկ Ահմեդովի հայրը՝ Ալիբեյը: Նրա որդին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:
Նրա խոսքով՝ ինքը դատարանում չի կարողացել ապացուցել, որ որդուն խոշտանգել են: Իսկ դատարանը, նրա խոսքով, չի քննել խոշտանգումների փաստերը:
Ողջ մնացածներն ազատության մեջ
Կտտանքների զոհերից շատերին հաջողվել է խուսափել բանտից: Ոմանք ուրախ են միայն նրանով, որ ողջ են մնացել և ազատության մեջ են: Դատարանը նաև ազատազրկման է ենթարկվել խոշտանգումներով հարցաքննություն իրականացրածներին:
Վերը հիշատակված մայոր Ֆուադ Աղաևը զանգվածային խոշտանգումների համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, ևս 7 մարդ՝ ավելի քիչ ժամկետով:
Զինվորական դատախազության մամուլի ծառայությունից BBC-ին ասել են. «Բոլորը, ովքեր կապ են ունեցել այդ գործին, ազատազրկվել են, ոչ մեկ չի խուսափել պատասխանատվությունից»:
Սակայն Վագիֆ Աբդուլլաևը, կապիտանի կոչումով վաշտի նախկին հրամանատար, գոհ չէ դատական գործընթացի արդյունքներից:
Նրա խոսքով՝ իրեն սովամահ են արել, մերկացրել են և վրան սառը ջուր լցրել, ծեծել են երկաթե ձողերով, տանջել էլեկտրաշոկով:
Իսկ հետո հեռացրել են բանակից: Դատարանում նա ներկայացել է տուժածի կարգավիճակով: BBC-ի տրամադրության տակ կան դատարանից փաստաթղթեր, որտեղ նա նշված է որպես տուժող, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքներ, որոնցում գրանցված են նրա մարմնին հարվածների հետքերը և այրվածքները:
«Իմ դեմ որևէ մեղադրանք չի առաջադրվել, պարզապես 2 ամիս կտտանքների են ենթարկվել,- հիշում է նա: – Հետո մեզ ստիպել են այդ վիճակում մարզական պատրաստվածության քննություն հանձնել, և մենք, բնականաբար, դա չկարողացանք հանձնել: Հենց դա էլ դարձել է մեզ հեռացնելու պաշտոնական պատճառը»:
Վագիֆը պատմում է, որ զինվորական ուսումնարան է գնացել 13 տարեկանում, ողջ կյանքը նվիրել է բանակին: Այսօր նա գործազուրկ է, գնում է բողոքի պիկետների, դատի է տվել ՊՆ-ին՝ պահանջելով վերականգնել իրեն ծառայության և պատժել բոլոր մեղավորներին, քանի որ ոմանք, նրա խոսքով, բարձր օղակներում կապերի շնորհիվ խուսափել են պատասխանատվությունից:
«Անգամ եթե ինձ վաղը վերականգնեն ծառայության, ես նրանցից ձեռ չեմ քաշի, մինչև որ նրանք բոլորը չդատվեն»,- ասում է նախկին սպան:
«Մարդիկ այլևս չեն վախենում խոսել»
Իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևը պատմել է, որ զանգվածային ձերբակալությունների առաջին օրերին ո՛չ հանրությունը, ո՛չ իրավապաշտպանները ոչինչ չգիտեին կատարվածի մասին:
Հետո սկսեցին խոսակցություններ պտտվել սպանությունների ու խոշտանգումների մասին:
«Սկզբում ծնողների կողմից բողոք էլ չկար, մարդիկ ապրում էին վախի մեջ, դրա համար տեղեկություն տարածվեց, որ բոլոր ձերբակալվածները դավաճաններ են, համագործակցել են հայերի հետ,- պատմում է իրավապաշտպանը:- Մենք սկսեցինք քննել գործը, և սկսած անցյալ տարվանից, փորձեցինք կապվել խոշտանգվածների հարազատների հետ»:
Արդյունքում, Գյուլալիևի խոսքով, պարզվել է, որ կա միայն դատարանի կողմից հաստատված կտտանքների առնվազն 101 դեպք, որից 9-ը ավարվել է մահով: BBC-ի տրամադրության տակ կան երեք տարբեր ռազմական դատարանների որոշումների կրկնօրինակներ՝ տուժածների ընդլայնված ցուցակով. չնայած դրանում որոշ անուններ և ազգանուններ խաչվում են, բայց իսկապես կարելի է պնդել, որ խոսքը մի քանի տասնյակ մարդկանց մասին է:
Գյուլալիևը պատմել է, որ կտտանքների ենթարկված և հետո դավաճանության համար դատապարտվածները առնվազն 25-ն են: ««Տերտերի գործում» ես միշտ ասում եմ «առնվազն», քանի որ դրանք միայն այն մարդիկ են, որոնց մասին մենք կարողացել ենք իմանալ»,- նշում է իրավապաշտպանը:
«Մենք տեսել ենք օրենքի զանգվածային խախտումներ, որ հարազատներին և փաստաբաններին ներս չեն թողել, և պարզել ենք, որ ՊՆ բարձրաստիճան մարդիկ գործնականում ինքնադատաստանի մարմին են ստեղծել»,- ասում է Գյուլալիևը:
Գյուլալիևը հանդիպել է մի խումբ ծառայությունից հեռացված զինվորականների հետ: Նրանք, նրա խոսքով, մինչ այժմ տառապում են ֆիզիկական և բարոյական վնասվածքներից, որ ստացել են ավելի քան երկու տարի առաջ «Տերտերի գործով» հարցաքննությունների ժամանակ:
2019թ. հոկտեմբերի 29-ին Օքթայ Գյուլալիևի մեքենան Բաքվի կենտրոնում վթարի է ենթարկվել հետիոտնային անցումի վրա: Վթարի հետևանքով նա ստացել է ծանր վնասվածներ, հայտնվել կոմայի մեջ, նրան մի քանի անգամ վիրահատել են: Հոդվածը հրապարակելու պահին նա դեռ գտնվում էր ծանր վիճակում և բուժում էր ստանում արտասահմանում:
«Ոչ մարտական կորուստներ»
2013թ. Բաքվի կենտրոնում ցույցեր էին ընթանում ադրբեջանական բանակում ոչ մարտական կորուստների դեմ, և այդ ակցիաների մասնակիցները ազատազրկման ենթարկվեցին անկարգություններ կազմակերպելու համար: Այդ գործով վերջին դատապարտյալը՝ Իլկին Ռուստամզադեն, ազատ է արձակվել միայն այս տարի:
Իսկ բանակում կոռուպցիայի մասին բարձրաձայնած լրագրող Աֆղան Մուխթարլին դեռևս գտնվում է բանտում. Նա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել սահմանն անօրինական կերպով հատելու և մաքսանենգության համար: Իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ այդ մեղադրանքում քաղաքական ենթատեքստ կա:
Հարավային Կովկասի հարևանների համեմատությամբ ադրբեջանական բանակն ամենալավ զինվածն է, կարծում են փորձագետները. Global Firepower Index-ի վերջին վարկանիշը ցույց է տալիս, որ 137 երկրների շարքում Ադրբեջանը 52-րդն է: Մյուս կողմից, նրա թույլ տեղը համարվում է անարդյունավետությունն ու կոռուպցիան:
Ադրբեջանի իշխանությունները և իշխանամետ լրատվամիջոցները հերքում են, որ բանակում նման խնդիր կա:
Ադրբեջանական բանակը քննադատության է ենթարկվել նաև 2016թ. ապրիլին «քառօրյա պատերազմից» հետո, երբ ադրբեջանական և հայկական կողմերի միջև դաժան մարտերից հետո զոհվեցին տասնյակ մարդիկ: Ռազմական փորձագետ, թոշակառու գնդապետ Իսա Սադիգովն ասում է, որ 4 օրում կրած ռազմական կորուստները ցույց տվեցին, որ «երկիրը պատրաստ չէ և ի վիճակի չէ մարտական գործողություններ վարել»:
Նրա խոսքով՝ բանակում կոռուպցիան և բարեփոխումների բացակայությունն ազդում են նրա մարտունակության վրա:
Տերտերի շրջանը (որտեղ մեկ տարի հետո տեղի ունեցան զանգվածային խոշտանգումները) գտնվում է հենց հակամարտող կողմերի շփման գծի հարևանությամբ: Փորձագետը կարծում է, որ «Տերտերի գործը» առաջ է եկել հենց 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ թույլ տված «բացթողումները թաքցնելու» հրամանատարության ցանկության պատճառով: Հայաստանում էլ այդ օրերին բանակը քննադատության էր ենթարկվում, սակայն այնտեղ գործն ավարտվեց ապրիլյան բախումներից արդեն մեկ ամիս անց բարձրաստիճան զինվորականների հրաժարականով, գրում է BBC-ն:
Խոշտանգումները սովորական են դարձել
Ադրբեջանում իրավապաշտպանները կազմում են 1990-ականների կեսերից քաղբանտարկյալների ցանկը, այսինքն` այն պահից, երբ նախագահ դարձավ գործող նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը:
Իսկ Գյուլալիևն ասում է, որ «Տերտերի գործով» բանտերում հայտնվածներն ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կհայտնվեն այդ ցանկում:
Տեղի իրավապաշտպանները բազմիցս ասել են, որ Ադրբեջանում խոշտանգումներն ընդունված փորձ է:
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները 2004թ-ից Ադրբեջան են այցելել 6 անգամ:
Հանձնաժողովն անցյալ տարի եկավ եզրակացության, որ «խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի մյուս ձևերը ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից… ունեն պարբերական բնույթ, լայնորեն տարածված են և արմատախիլ չեն արվում»:
Բացի այդ, ըստ հանձնաժողովի, խոշտանգումների դեպքերը հաճախ չեն քննվում, իսկ դատապարտյալների մոտ հաճախ չեն թողնում փաստաբանների և բժիշկների:
Ադրբեջանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են իրավապաշտպանները, լրագրողները, քաղաքական ակտիվիստները և իրենք՝ բանտարկյալները:
Օրինակ, 2019թ. փետրվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց այն մասին, որ 10 տարի առաջ բանտում մահացած լրագրող Նովրուզալի Մամեդովը զրկվել էր կյանքի և ազատության իրավունքից, նրան ժամանակին չեն տրամադրել բժշկական օգնություն և նա ենթարկվել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի:
«Տերտերի գործով» Ադրբեջանի զինվորական դատախազությունից խորհուրդ են տվել կապվել տեղի դատարանների հետ, որոնցում տեղի են ունեցել խոշտանգումները: Տերտերի զինվորական դատարանը չի պատասխանել ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ գրավոր եղանակով ուղարկված հարցմանը:
Լրագրողի հարցերին չեն պատասխանել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: 2019թ. հոկտեմբերին մի շարք հարցեր պարունակող հարցումը ՊՆ և զինվորական դատախազություն նույնպես անպատասխան է մնացել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ