Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ որոշեց մերժել Դավիթ Սանասարյանի մասով քրեական գործի վարույթը կասեցնելու եւ գործը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը: Հիշեցնենք՝ Պետրոսյանն իր միջնորդության հիմքում վիճարկել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի սահմանադրականության հարցը: Սանասարյանի պաշտպանը գտնում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրավասություն չուներ հարուցելու այս քրեական գործը:
Դավիթ Բալայանը պարզաբանեց՝ դատարանը նախ գտնում է, որ քննիչի լիազորություններն ու քննչական մարմնի կարգավիճակը սահմանված են Քրեական դատավարության օրենսգրքով, իսկ «Ազգային անվտանգության մարմինների» մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ ազգային անվտանգության մարմնի կազմում գործում են, այդ թվում հետախուզական եւ քննչական մարմիններ, ինչը սահմանված է օրենքով. «Օրենքը լիազորել է վարչապետին՝ հաստատելու ԱԱԾ կազմի կառուցվածքը: Այս դեպքում դատարանը չի հանգել հետեւության, թե կա հակասություն»:
Հիշեցնենք, որ հեմոդիալիզի գնումների գործով ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, եւ իր ծառայողական պարտականությունների չկատարման համար: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2020թ.-ի փետրվարին. դատավորի վարույթում 70-ից ավելի քրեական գործ կա, իսկ այս գործով բոլոր մեղադրյալներն ազատության մեջ են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև