Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում և միջազգային հարթակներում անդամ-պետությունների փոխգործակցությանը, արտաքին քաղաքականության համադրմանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին ու մարտահրավերների հակազդմանն առնչվող հարցեր։ Հանգամանալից անդրադարձ կատարվեց Սիրիայում ստեղծված իրավիճակին։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ղրղզստանի իր գործընկերոջը՝ ՀԱՊԿ-ում հաջող նախագահության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար և հայտնեց Հայաստանի աջակցությունը Կազմակերպությունում Ռուսաստանի առաջիկա նախագահության առաջնահերթություններին: «Հայաստանը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ հետագա բարելավման և ամրապնդման, ինչպես նաև կառույցի միջազգային հեղինակության բարձրացման և արդի իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
Անդրադառնալով կառույցի շրջանակներում անդամ-պետությունների համագործակցության հայկական կողմի տեսլականին՝ նախարար Մնացականյանը առանձնահատուկ ընդգծեց արտաքին քաղաքականության համակարգմանն առնչվող հարցերի շուրջ միջազգային հարթակներում դաշնակցային համագործակցության զարգացումը:
Կարդացեք նաև
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների առկայության պայմաններում առավել քան արդիական է մնում ռազմատենչ և ատելության հռետորաբանությունից, անվերահսկելի սպառազինությունների մրցավազքից հրաժարվելու, ինչպես նաև հակամարտության շփման գծում լարվածության թուլացման համար հավելյալ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը։
Նախարար Մնացականյանը կարևորեց միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից ԼՂ հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը:
ԱԳ նախարարը նաև անդրադարձավ Սիրիայի հյուսիս-արևելք Թուրքիայի ներխուժմամբ ստեղծված իրադրությանը՝ առանձին մտահոգություն հայտնելով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վերաբերյալ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է հումանիտար օգնություն ցուցաբերել բարեկամ սիրիական ժողովրդին՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հաստատման: Հարկ է նշել, որ նախարարների կողմից նիստի արդյունքում ընդունված «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի մասին» ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ նախարարները անդրադարձ կատարեցին Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը։
Մասնակիցները նաև հավանության արժանացրեցին ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին, ՀԱՊԿ ՀԱԽ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին և ՀԱՊԿ մարմինների ընթացակարգի կանոններում փոփոխություններ կատարելու մասին ՀԱՊԿ ՀԱԽ որոշումները: ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին ՀԱԽ որոշումը, մասնավորապես, վերաբերում է ՀԱՊԿ ԳՔ նշանակման, վերջինիս լիազորությունների վաղաժամ դադերացման ընթացակարգերի հստակեցմանը։
ՀՀ ԱԳՆ