Լրահոս
Օրվա լրահոսը

3 հերքված առասպել հակածխախոտային օրենքի մասին

Նոյեմբեր 27,2019 18:12

Հայաստանում հակածխախոտային օրենքի նոր նախագիծը ներկայացնելիս մի շարք պնդումներ են արվում։ Փորձեցինք հասկանալ՝ ճի՞շտ են արդյոք այդ պնդումները։ Արդյունքում, հերքեցինք երեք հիմնական պնդում․ հակածխախոտային նոր նախագիծը իրականում էապես կազդի տնտեսության վրա, առանց ծուխ արտադրատեսակները ավելի քիչ վնասակար նյութեր են արտազատում, ինչն ապացուցվել է առաջատար երկրների գիտահետազոտական կենտրոնների կողմից, ու, վերջապես, նոր արտադրանքն ու սիգարետը տարբեր կարգավորում ունեն Եվրոպայում։
Մանրամասները՝ հոդվածում։

Թերևս, Հայաստանում չկա մի մարդ, ով չի լսել հակածխախոտային օրենքի նոր նախագծի մասին։ Տեղեկատվության հեղեղ սոցիալական ցանցերում, գովազդ հեռուստատեսությամբ, մամլո ասուլիսներ, հարցազրույցներ ու փորձագիտական վերլուծություն։ Նպատակն ազնիվ է․ օրենքի նոր նախագիծը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, պետք է օգնի, որ ծխողները դադարեն ծխել, չծխողները՝ երբեք չսկսեն ու չենթարկվեն երկրորդային ծխի ազդեցությանը։ Սակայն, ինչպես պարզվեց, հռետորական թվացող «արդյո՞ք նպատակն արդարացնում է միջոցները» հարցն այս դեպքում տեղին է առավել քան երբևէ։ Հնչում են կարծիքներ, ընդ որում միանգամայն տարբեր ոլորտներից՝ առողջապահական, իրավական, տնտեսական, որ նախագիծը բարի նպատակին անարդյունավետ է ծառայելու։ Այլ կերպ ասած՝ այն, որ ծխելու դեմ պետք է պայքարել, փաստ է։ Փաստ է նաև այն, որ նման կարևոր հարցում ծայրահեղ կարևորություն է ստանում պայքարի գործիքակազմը, ասել է թե գրագետ ու գիտական ապացույցների հիման վրա կազմված հակածխախոտային օրենքը։ Վերլուծելով առաջարկվող նախագիծն ու պարզապես google որոնում կատարելով՝ բացահայտեցինք մի քանի պնդում, որոնք, ինչպես պարզեցինք, առասպելի ժանրից են։

Պնդում 1. Հակածխախոտային նախագծի ընդունումը բացասական տնտեսական հետևանքներ չի ունենալու․ հերքված։

Հակածխախոտային նախագծի հեղինակները համոզված են․ նոր օրենքը ոչ միայն բացասաբար չի անդրադառնա տնտեսության վրա, այլ նաև շոշափելի ֆինանսական հոսքեր կապահովի երկարաժամկետ կտրվածքով։ Մի կողմ դնելով «մարդու կյանքն անգին է» անվիճելի, բայց ոչ տեղին շահարկվող փաստարկը, փորձեցինք վերլուծել։ Ինչպես պարզվեց, վերլուծական նյութ չկա․ հակածխախոտային ամբողջ աժիոտաժի մեջ չկարողացանք գտնել կոնկրետ հաշվարկով հիմնավորված և ոչ մի վերլուծություն։ Փաստացի, չկա հաշվարկ՝ որքան կլինեն օրենքն ընդունելով պայմանավորված հարակից ծախսերը․ վարչարարության կազմակերպում, պետ․ բյուջեի եկամուտների անկում, օրենքի ազդեցություն ռեստորանային բիզնեսի վրա։ Ավելին, քրքրելով համացանցը, նկատեցինք, որ, օրինակ, Ֆրանսիայում, որտեղ ընդունվել է տիպային հակածխախոտային օրենք, սրընթաց աճել է ստվերային առևտուրը՝ 2018 թվականին հասնելով 25%-ի (աղբյուրը՝ www.illicit-trade.com)։ Ներկայումս Ֆրանսիան այդ ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպայում։ Բանն այն է, որ ծխողների թվի հաշվարկ անելու համար օգտագործում են վաճառված սիգարետի ծավալը, իսկ Ֆրանսիայի դեպքում ստացվում է, որ չորս ծխողից մեկը «ստվերային է», այսինքն՝ չի երևում վիճակագրական բազայում։ Մեկ այլ օրինակ է Ավստրալիան, որտեղ հակածխախոտային խիստ օրենսդրություն ընդունելուց հետո ստվերային շուկայի աճին զուգահեռ ծխողների թիվը սկսեց աճել այն դեպքում, երբ մինչև օրենքի ընդունումը այն նվազում էր (աղբյուրը՝ Forbes)։ Հաշվի առնելով, որ Հայաստանի խոշորագույն տասը հարկատուներից չորսը ծխախոտային ընկերություն են՝ ներառյալ ազգային արտադրողին, հակածխախոտային օրենքի մեր նախագիծը պարտադիր պետք է հիմնված լինի հստակ տնտեսական հաշվարկի վրա։

Պնդում 2. Առանց ծուխ արտադրատեսակները նույնքան վնասակար են, որքան սիգարետը․ հերքված։

Նախագիծը նույն կարգավորումն ու սահմանափակումներն է տարածում ինչպես սիգարետի, այնպես էլ նոր սարքերի՝ էլեկտրոնային սիգարետի ու ծխախոտի տաքացման համակարգի նկատմամբ։ Քանի որ սարքերը նոր են շուկայում, հետաքրքիր էր ուսումնասիրել ու վերլուծել՝ արդյո՞ք կան գիտական փաստեր, որ նիկոտին ու թութուն պարունակելը խոսում է սիգարետի համեմատ նույն ռիսկի մասին։ Ինչպես պարզվեց, բոլորովին հակառակը։ Տասնյակ տարիներ է, ինչ առաջատար երկրների գիտական կենտրոնները պարզել են․ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների պատճառը ոչ թե նիկոտինն է ու ծխախոտը, այլ այրումը։ Փաստորեն, հենց այրման արդյունքում են ձևավորվում թունավոր այն նյութերը, որոնք, հայտնվելով մարդու օրգանիզմում, բերում են անդառնալի հետևանքների։ Քանի որ նոր սարքերն աշխատում են առանց այրման, չի արտազատվում ծուխ, ինչն էլ զգալիորեն նվազեցնում է ռիսկը։ Սիգարետի ծխի համեմատ գոլորշու մեջ առկա նյութերի նվազեցումը հաստատել է Գերմանիայի Ռիսկերի գնահատման դաշնային ինստիտուտը, Ռուսաստանի Կազանի դաշնային ինստիտուտը, Մեծ Բրիտանիայի Պառլամենտին կից Գիտության ու տեխնոլոգիաների մշտական կոմիտեն, ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը ու մի շարք այլ երկրների անկախ հետազոտական ինստիտուտներ։

Պնդում 3. Եվրոպայում այլընտրանքը կարգավորված է նույն կերպ, ինչ սիգարետը․ հերքված։

Նոր սերնդի սարքերը սիգարետի նման կարգավորելու փաստարկներից մեկն այն է, որ զարգացած եվրոպական երկրներում հենց այդպես էլ անում են։ Փորձելով հասկանալ կարգավորման մանրամասները, պարզեցինք, որ այլընտրանքն ունի այլ կարգավորում։ Այսպես, Իտալիայում և Ֆրանսիայում սիգարետի տուփերի վրա կան զարհուրելի նկարներ, մինչդեռ ծխախոտային գլանակների տուփը շատ նման է այն տուփին, որ կարելի է հանդիպել Հայաստանում։

Փաստորեն, տուփից սկսած կարգավորումը եվրոպական երկրներում ուրիշ է,  մինչդեռ բազմիցս հանդիպել ենք պնդումների, որ նորարարական արտադրանքը ունի նույն կարգավորումը, քանի որ նույնքան վնասակար է ճանաչվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930