Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, լսելով վարչապետի խոսքերը, որ Մել Դալուզյանը գտնվում է անձամբ իր պաշտպանության ներքո, հայտարարել էր, որ ինքը ամաչում է, չի կանգնելու Մելի թիկունքին ու գնալու է Հայաստանից:
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս է արձագանքում ֆեդերեցիայի կողմից նման գնահատականներին ու սպորտը չի՞ տուժելու դրանից:Նա պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը պարոն Փաշինյանը խորհրդարանում շատ համապարփակ եւ ամբողջական տվել է: Ես կարծում եմ, դա պարոն Փաշինյանի լավագույն ելույթներից մեկն էր, որովհետեւ արժեքային ելույթ էր, եւ դրա մասին պետք է մարդիկ մտածեն: Ինչ վերաբերում է կոնկրետ դոպինգային սկանդալին, ապա ես տեղյակ եմ, որ միայն մեկ անձով դա չի պայմանավորված եղել, այսինքն, ծանրամարտի հավաքականի այլ անդամներ եւս ներգրաված են եղել դոպինգ սկանդալի մեջ, բայց հասկանալի պատճառներով ընդամենը շրջանառվում է մեկ մարդու անուն»:
Հարցին՝ սպորտին Մել Դալուզյանը վնաս հասցրե՞լ է, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Երբ նման սկանդալ է լինում, ես չեմ ուզենա առանձնացնել: Ես նշեցի, որ մեկ հոգի չի: Ով հակասպորտային արարք է անում, արգելված դոպինգ, բնականաբար, դա վնաս է հայկական սպորտին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ