Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոներկրողները պահանջում են Նորագավիթի ավտոմաքսատունը չփակել, աջ ղեկով մեքենաները մեր երկրում վերասարքավորել, ոչ թե ադրբեջանցիներին հարստացնել

Նոյեմբեր 27,2019 17:58

Ավտոներկրողները պահանջում են Նորագավիթի ավտոմաքսատունը չփակել, իրենց էլ թույլ տալ աջ ղեկով մեքենաները ներմուծել Հայաստան եւ վերասարքավորել դրանք այստեղ: Այսօր այս պահանջով նրանք բողոքի ցույց էին կազմակերպել Պետական եկամուտների կոմիտեի շենքի առաջ:

Ցույցի մասնակիցները փակեցին Խորենացի երթեւեկելի հատվածի մի մասը, ինչի պատճառով ցուցարարների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ սկսվեց: Ոստիկանները փորձում էին փողոցը բացել:

Ավտոներկրողների խոսքով, այս ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը տնտեսվարողներին վնասներ է պատճառում՝ սկսած ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելուց, վերջացրած՝ ավտոմեքենաների աջ ղեկը Վրաստանի տարածքում վերասարքավորելուց: Ցույցի մասնակիցների խոսքով, մաքսատունն արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետեւանքով ավտոմեքենաները վնասվում են:

«Մենք ասում էինք՝ օգտագործեք «Զվարթնոցի» կարգոյի հնարավորությունները եւ Նորագավիթի մաքսատան գործը կթեթեւանար: Հիմա տնտեսվարողները հսկայական ծախսեր են անում Գյումրի հասնելու համար: Ամբողջ ճանապարհին երկու-երեք ավտոսպասարկման կետեր կան, զուգարաններ չկան: Այսինքն՝ ենթակառուցվածքները պատրաստ չեն, բայց մեզ ստիպում են գնալ Գյումրի»:

Ավտոներկրողները գտնում են, որ իշխանությունները զբաղվածության եւ գործարարության խթանման համար քայլեր չեն ձեռնարկում, այլ ճիշտ հակառակը. «Երկրորդական շուկայի ձեւավորման գործում պետությունը որեւէ անգամ մատը մատին չի տվել, այս շուկան դարձել է ինքնակառավարվող, ինքնաֆինասավորվող մի տնտեսական միավոր եւ փոխարենը աջակցեն, որպեսզի բիզնեսը նորմալ իրականացվի, խոչընդոտներ են ստեղծում»:
«Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանի խոսքով, ՊԵԿ-ի քաղաքականության եւ վարչարարության հետեւանքով ադրբեջանական գործարար հատվածը ֆինանսավորում է ստանում, մինչդեռ այդ նույն ծառայությունը կարող էին Հայաստանում մատուցել եւ գումարները կմնային մեր երկրում, այլ ոչ թե ներկրողները գումարներ կվճարեին Վրաստանի սահմանին բիզնես դրած ազգությամբ ադրբեջանցիներին, որոնք ղեկը փոխելու ծառայություններ են մատուցում, քանի որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելված է մեր երկիր:
Ցույցի մասնակիցների բողոքը լսեց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը, որը ավտոներկրողների պահանջները գրավոր տարբերակով կփոխանցի ղեկավարությանը:

Ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները նաեւ բողոքում էին, որ Հայաստանից մեքենաներ ձեռք բերող ազգությամբ ղազախները արտոնյալ պայմաններում են իրենց նկատմամբ, մասնավորապես՝ խոսքը պահանջվող փաստաթղթերի մասին է. «Ղազախները ՀՀ սահմանը չանացած ստանում են ՀՀ գրանցում, Վրաստանից միանգամից գնում են Դուբայ՝ մեքենա գնելու՝ որպես ՀՀ քաղաքացիներ, եւ շրջանցում են մեր տնտեսավարողներին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930