Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց պատկերացմամբ՝ ՀՀ-ում և Արցախում մարդիկ կիսասոված են և մի կտոր հացի համար պատրաստ են հրաժարվել ոչ միայն Արցախից, այլև մնացածից ևս». Դավիթ Ալավերդյանը՝ Բաքու այցի մասին

Նոյեմբեր 27,2019 17:28

«Ուրախ եմ, որ կստանանք ազնիվ, արդար տեղեկատվություն մեր լրագրողների աչքերով, որոնք կներկայացնեն՝ ինչ է Ադրբեջանն այսօր»,-«Մեդիա կենտրոնում» «Հայաստան-Արցախ-Ադրբեջան. վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. հայաստանցի և ադրբեջանցի լրագրողների տպավորությունները» թեմայով քննարկմանը հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Նա պատմեց, որ ՀՀ այցելած ադրբեջանցի լրագրողներն այցելել են Դիլիջան, Արցախի Հանրապետություն՝ Շուշի, Քարվաճառ: Ըստ Թևան Պողոսյանի՝ լավ է, որ իրենք իրենց աչքերով էլ են տեսել Արցախը: Սակայն Թևան Պողոսյանը չի հավատում, որ նրանք կպատմեն այն, ինչ տեսել են: Ըստ նրա՝ նախապես պատրաստված տեքստ է եղել: Ըստ Թևան Պողոսյանի՝ ժողովրդական դիվանագիտության իմաստն այն է, որ փոփոխություն բերեն ժողովրդական ընկալումներում: Այս այցի ուրախալին այն է, որ կազմակերպվել է բուն կողմերի միջև՝ Արցախի, ՀՀ-ի և Ադրբեջանի՝ ավելի շատ նախագահական ինստիտուտի հետ: Բայց առնվազն երեք պետական միավորների ինստիտուտներ են կազմակերպել առանց միջնորդների: Իմ պատկերացմամբ՝ ամեն ինչ ավելի պարզ կդառնա Բրատիսլավայում սպասվող նախարարների հանդիպմանը և դրան հաջորդող հայտարարությունների կհասկանանք՝ արդյոք պատրա՞ստ են շարունակել»:

Բաքու այցելած «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն ասաց, որ այցը եղել է հայելային. «Զուգահեռաբար մենք երեքով հատեցինք ՀՀ սահմանը՝ Վրաստանի հետ և հետո իրենք մի փոքր ավելի շուտ մտան Հայաստան: Մենք գիշերվա ժամին Թբիլիսիից մտանք Բաքու, և մեզ անմիջապես տարան հյուրանոց: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ բոլոր այն անձինք, ում հետ հանդիպեցինք, նախապես պատրաստվել էին նաև քարոզչական տեսակետից և լիովին տիրապետում էին բոլոր այն պատասխաններին, որոնք պիտի տային իրենք: Փորձեցինք այնպիսի հարցեր բարձրացնել, որոնց պատասխանները երևի չունեին: Դրանցից մեկն այն էր՝ արդյոք ԶԼՄ-ները և ՀԿ-ները պատրաստո՞ւմ են իրենց հասարակության խաղաղությանը թե՞ ոչ: Հնչեցին կարծիքներ, որ իրենք առայժմ որևէ հրահանգ չեն ստացել հասարակությանը խաղաղության պատրաստել, բայց եթե նման որոշում, առաջադրանք լինի, ապա իրենք դա կանեն»:

Դավիթ Ալավերդյանն ասաց, որ ինքն իր նկատմամբ ատելություն չի նկատել, բայց զգացել է թշնամանք. «Շատերը քանի որ հայ առաջին անգամ էին տեսնում, ասում էին բարձրաձայն, որ կենդանի հայ չեն տեսել… 18 տարի հայ լրագրողներ չեն եղել Ադրբեջանում (հիշեցնենք, որ 2009-ի հուլիսին հայ մտավորականների խումբ, որի կազմում նաեւ լրագրողներ կային, այցելել էր նաեւ Բաքու.-խմբ): Հենց այն հանգամանքը, որ սառույցը կոտրվեց, կարելի է մեծ նվաճում համարել: Երկրորդ դրական հանգամանքն այն է, որ արցախցի լրագրողը կարողացավ Արցախի անունից մեկնել Բաքու և որքան էլ զարմանալի է, ողջ, առողջ վերադառնալ: Նախկինում ադրբեջանցի լրագրողները միշտ հրաժարվում էին գնալ Արցախ. սա բացառիկ դեպք է: Կարծում եմ, որ արդարացումը կարող էր լինել այն ՝չէ՞ որ Արցախն էլ է մեր հողը, ինչո՞ւ պիտի ադրբեջանցի լրագրողը ոտք չդնի ադրբեջանական հող»:

Դավիթ Ալավերդյանի տպավորությամբ՝ Բաքուն զարգացող, տպավորիչ, եվրոպական քաղաք է: Բայց ըստ նրա՝ մյուս քաղաքներում վիճակն այնքան էլ լավ չէ: Ասաց, որ մեքենաների վիճակը հիմնականում մեր պես. կիսամաշ մեքենաներ էին: Նա նաև պատմեց. «Մենք եղանք կիսահրեական գյուղում, որտեղ այցելեցինք լեռնային հրեաների սինագոգ: Տների դարպասներին վարդագույն քողեր տեսանք, ասացին, որ այս տներում ապրում են հարսնացուներ, որպեսզի փեսացուներն իմանան իրենց մասին, դրա համար վարդագույն քողերով իրենց դարպասներն են զարդարում»:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է զիջումների, Դավիթ Ալավերդյանը պատասխանեց. «Նրանք զիջումներ գաղափարին պատրաստ են, բայց ընդհանրապես պատրաստ չեն, նույնիսկ ֆիզիկական ցավ է նրանց պատճառում Արցախի անկախության մասին ցանկացած հիշատակում: Իրենք ասում են, թե ամենալայն ինքնավարությունը իրենք թույլ կտան Արցախին ունենալ՝ սեփական անվտանգության ուժեր, ոստիկանություն, ներդրումներ, դպրոցներ կկառուցեն և այլն: Եվ երբ ժպտում էինք, զարմանում էին, ասում էինք՝ ժպտում ենք, քանի որ այդ ամենն արդեն այնտեղ արվում է»:

Դավիթ Ալավերդյանի կարծիքով՝ հայերի դեմ ատելությունը ադրբեջանցիներին միավորող գաղափարախոսություն է: Անդրադառնալով ադրբեջանցի գործընկերների՝ ՀՀ այցին, Դավիթ Ալավերդյանն ասաց. «Ես ինքս տեսել եմ նրանց աչքերի մեջ. իրենք հասկացել են՝ այն միֆերը, որ կան ՀՀ-ի և Արցախի վերաբերյալ, դրանք սին են՝ հենց իրենց իսկ քարոզչության կողմից ստեղծված միֆեր, որոնց նպատակը իրենց հասարակությանը որոշակի ուղերձներ հասցնելն է: Դրանից ամենակարևորն այն է, որ իրենց պատկերացմամբ՝ ՀՀ-ում և Արցախում մարդիկ կիսասոված են և մի կտոր հացի համար պատրաստ են հրաժարվել ոչ միայն Արցախից, այլև մնացածից ևս: Իրենք համոզված են, որ մի քանի տարի հետո մենք ինքներս ենք նրանց դիմելու, որ օգնեն մեզ»:

Արցախի անկախության հետ կապված ադրբեջանական հասարակության մոտեցումների մասին հարցին ի պատասխան Դավիթ Ալավերդյանն ասաց. «Մեր դիտարկմանը, թե իրենց նկարագրածը իրատեսական մոտեցում չէ, նրանք պատասխանում են բավականին լարված ձևով, որ Արցախի որևէ անկախության մասին իրենց հասարակությունն ու ժողովուրդը պատրաստ չէ նույնիսկ լսել: Նման պատասխանից հետո մնացած բոլոր խոսակցությունները, երկխոսությունները կարող են փարիսեցիություն թվալ»:

Թևան Պողոսյանը հիշեցրեց՝ մեկ տարի է լսում ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է` պայմանավորվել ենք սինքրոն աշխատել: Ամեն հանդիպումից հետո տեսնում եմ անսինքրոն ադրբեջանական տեղեկատվական լցոնումները: Վերադարձից հետո Թբիլիսում հանդիպել են Կասպրչիկը, երեք հայ լրագրողներ և երեք ադրբեջանցի լրագրողները: Իրենք էլ էին զարմացած. նույնիսկ տեքստ է պայմանավորվել, որ պետք է Կասպրչիկը հայտարարեր, բայց այդ տեքստը չկա: Վստահ եմ՝ ոչ ՀՀ ԱԳՆ-ն, ոչ Արցախի ԱԳՆ-ն է դրա դեմն առել: Ուրեմն ադրբեջանական կողմից է դա եղել, ինչը նշանակում է իրենք ունեն այլ նպատակներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930