«Դատավոր Դավիթ Բալայանը երեկ իր հոգին վաճառեց սատանային»,-այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց Գայանե Աղաջանյանը: Նրա 30-ամյա որդին՝ Արմեն Աղաջանյանը, կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, ապա ամիսներ հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։
Այս գործով մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ, արդարադատության մայոր Արմեն Հովհաննիսյանին, որը սակայն, երեկ դատարանի (դատավոր Դավիթ Բալայան) որոշմամբ ազատ է արձակել: Ասուլիսի մասնակից, գործով տուժողի իրավահաջորդի՝ Գայանե Աղաջանյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց. «Խոշտանգման հոդվածը վերաորակվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով եւ համաներմամբ ազատել Արմեն Հովհաննիսյանին:
Մինչդեռ, հիշեցնենք, դատարանում Հովհաննիսյանի համար դատախազը պահանջում էր 8 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկում:
Ղարագյոզյանի խոսքերով՝ խոշտանգման փաստերն ակնհայտ էին. «Աղաջանյանի հաստ աղին դուրս եկած է եղել, ինչպե՞ս կարող էին կեղծ փաստաթուղթ կազմեին, խոշտանգման հանգամանքը թաքցնեին: Ընդ որում, Արմեն Աղաջանյանի խոշտանգումը շարունակական է եղել: Դատավոր Բալայանի գործողություններին ԲԴԽ-ն պետք է իրավական գնահատական տա: Նման դաժանությամբ անձին խոշտանգեն ու ամբաստանյալը փաստաթղթերի կեղծման, լիազորությունների անցման համար մեղավոր ճանաչվեր ու ազատ արձակվի՞: Նման դատական ակտեր 10-20 տարի առաջ էին կայացվում»:
Գայանե Աղաջանյանն էլ ասաց՝ ինքը դատարանի վճռից 10 օր առաջ հրապարակային հայտարարել է, որ լուրեր ունի՝ Արմեն Հովհաննիսյանն արդարացվելու է. «Եվ երեկ վճիռն եղավ: Դատավոր Բալայանը թիկունք դարձավ այն մարդկանց, ովքեր կարող են մարդկանց ծեծել, խոշտանգել եւ արդարացվել: Նա բազմաթիվ ապացույցները չընդունեց: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ»:
Կարդացեք նաև
Տիկին Աղաջանյանը պատմեց. «Ես, պաշտպանը, քննիչը վկա ենք եղել, ծեծված ենք տեսել տղայիս: Նա սարսափելի վիճակում է եղել, երբեք որեւէ մորը չեմ ցանկանա այդ վիճակում իր երեխային տեսնի, ու չկարողանա ոչնչով օգնել, հասկանո՞ւմ եք, սարսափելի ծեծված էր: Այտերը, շրթունքը, ամբողջ դեմքն այտուցված, ամբողջ գլուխը բուրգերի էր վերածվել, չհաշված որովայնը, սրունքները: Մարդ ինչքա՞ն գազան պիտի լինի, որ դիմացը հիվանդ մարդ լինի, խնդրի չհարվածել, ասի՝ հանկարծ չխաբնվես դուրս եկած աղիքիդ: Տեսանյութում ամեն ինչ կա, պարզ երեւում է Արմեն Հովհաննիսյանը տղայիս ծեծելուց հետո դուրս է գալիս ու իր ցավացած բռունցքը տրորում: Այս ամենը Բալայանն անտեսեց»:
Արա Ղարագյոզյանն էլ հավելեց. «Տպավորություն է, որ դատարանները վախենում են եւ չեն ուզում խոշտանգման հոդվածով վճիռ կայացնել: Ամբաստանյալի մոտ զղջում չկար առաջին իսկ պահից, երջանկության մեջ էր, ծիծաղում էր ու ծիծաղով գործը կոծկվեց: Նրա հիմնավորումները իբր ձեռնամարտի հնարք են կիրառել ու Աղաջանյանը չի ենթարկվել խուզարկության օրինական պահանջին, բայց ապացուցվել է՝ խուզարկության օրինական պահանջ չի ներկայացվել: Արմենին ասել են՝ դավայ հանվի: Նրան ուղեկցող ոստիկանն էլ ցուցմունք է տվել՝ ոտքերով են նաեւ հարվածել, որից հետո այս ոստիկանը ճնշումների է ենթարկվել: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք, դիմելու ենք միջազգային կառույցներին ու ցույց ենք տալու՝ ինչպես են դատարանները խոշտանգման գործը կոծկում»:
Ասուլիսին ներկա «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով էլ՝ բոլոր այն անձինք, ովքեր կոծկել են այս գործը՝ սկսած հոգեբույժից, վերջացրած դատախազից ու դատավորներից, որոնք անտեսել են խոշտանգման փաստերը, նրանք հանցագործներ են. «Եվ այն թավիշը, որը կա այսօր, բոլորովին տեղին չէ: Պարոն Փաշինյանը պետք է հասկանա՝ իր թավիշը, իշխող կուսակցության, գործադիրի, օրենսդիրի թավիշը՝ ամեն հաջորդ մահացած մարդու համար պատասխանատվությունը լինելու է իրենց խղճի վրա: Աղաջանյանի ծնողը միանձնյա ավելի շատ գործ է արել, քան իրավապահները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի