Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը «Ջերմուկ գրուպին» արտոնյալ վիճակում է դրել. Սերգեյ Բագրատյան

Նոյեմբեր 27,2019 16:26

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համաձայն չէ, որ պետական օժանդակություն տրամադրվի մասնավոր ընկերություններին: Դրա արդյունքում, ըստ նրա, մրցակցային դաշտն է խաթարվում: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորն օրինակ բերեց. «Կառավարությունը արտոնություն է տվել  «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանին: Խցանի համար արտոնություն են տվել, 40 տարվա արտոնություն է: Տարեկան օգտագործում են մեկ միլիոն դոլարի, այսինքն` իրեն տվել են 40 միլիոն դոլարի ԱԱՀ-ի արտոնություն»: Նա կարծում է, որ հարցը նախ պետք է ՏՄՊՊՀ-ում քննարկվեր եւ վստահ է, որ արդյունքում կհայտարարվեր, որ դա հակամրցակցային արտոնություն է:

Օրինակը նա բերեց ՏՄՊՊՀ-ի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ: Նախագծով նախատեսվում է պետական օժանդակություն ստացած ընկերությունների, մարմինների միասնական ռեեստր ստեղծել, ինչի համար ԵՄ-ից եւ Համաշխարհային բանկից ֆինանսական աջակցություն է ստանալու մեր երկիրը: Ի դեպ, նախագծով նախատեսված է, որ ԿԲ-ն հանձնաժողովին տեղեկատվություն չի տրամադրում:

Նախագծում վիճելի կետեր կային, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչն առաջարկեց`այս փուլում ձեռնպահ քվեարկել: «Բա CEPA-ն, բա ՀԲ-ն, բա մեր պարտավորությունները…»,- տարակուսեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Օրենքի տրամաբանությունը փոխեք, որ մասնավոր ընկերություններին արտոնություն չտրվի առանց ՏՄՊՊՀ-ի»,- նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին հորդորեց Սերգեյ Բագրատյանը:

Փոխնախարարը տեղյակ չէր օրինակից, նա ներկայացրեց արտոնության տրամադրման կարգը` ներդրումային նախագծի հիման վրա երեք տարով ԱԱՀ-ից ազատվում են քաղաքային ջուր կամ ջրեր արտադրող ընկերությունները. «Այսինքն, արտոնությունը լինում է ժամկետի երկարացում, ինքը հնարավորություն է ունենում երեք տարի հետո վճարի այդ գումարները: Եթե փուլային ձեւով ներդրումներ են կատարվում`այդ տրամաբանությունից ելնելով է արտոնությունը տրվում»:

«Մենք իրար ճիշտ չենք հասկանում, պարոն Սիմոնյան. ես ասում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունը մոլորության մեջ է գցել, ճիշտ չեք գնահատել հայտը, կառավարությանը ճիշտ իրավիճակ չեք ներկայացրել: Դուք ընկերության վերլուծությունը չեք արել: Այս մարդիկ էլ օգտվել են ձեր չիմացությունից եւ միանգամից 40 տարվա ներդրումային ծրագիր են ներկայացրել եւ արտոնություն ստացել, որը ԱԱՀ չվճարելու մասին է, ոչ թե երեք տարի հետո վճարելու»,- հստակեցրեց պատգամավորը:

Փոխնախարարը պնդեց, որ նման արտոնություն չկա: «Կնայեք, կառավարության այդ որոշումը կնայեք»,- շարունակեց պատգամավորը: Փոխնախարարը պնդեց իր տեսակետը`հակամրցակցային ոչինչ չկա, մենք բավարարել ենք իր ներդրումային նախագիծը, քանի որ համանման այլ ընկերություն չկա, որ դիմել է եւ արտոնություն չի ստացել:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ տարակուսեց`այդ ընկերությանը ձեռնտո՞ւ է այդքան հումք բերել`40 տարվա պաշարի համար`իր շրջանառու միջոցների հաշվին եւ հորդորեց, որ այս հարցի շուրջ առանձին խոսեն:

Նիստն ներկա ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչն էլ ասաց, որ կոնկրետ այդ դեպքի հետ կապված ուսումնասիրություն չեն արել, պատրաստ են, իսկ նախագծի մասին պատգամավորի առաջարկի մասով էլ ասաց`ի սկզբանե հենց այդպես էլ որոշվել էր անել, ապա նպատակահարմար գտան դրան հասնել փուլ առ փուլ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930