Խորհրդարանում իշխող ուժը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցությունում տեղյակ չեն եղել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Էդգար Շաթիրյանը հրաժարական է ներկայացնելու։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, Էդգար Շաթիրյանի թեկնածությունը հանձնաժողովի անդամի համար առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Երեկ հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց, ապա չընտրվելուց հետո, Էդգար Շաթիրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ նպատակահարմար չի համարում հետագա պաշտոնավարումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
Լիլիթ Մակունցը Շաթիրյանի հրաժարականի տեքստից եզրակացրել է, որ նա կաշկանդող հանգամանքներ է ունեցել աշխատանքային պարտականությունները իրացնելու հարցում, ինչը չպետք է լիներ. «Ես ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին եղել են կաշկանդող հանգամանքներ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր մասնագիտական որակները իրացնելու եւ կոռուպցիայի կանխարգելմանն ուղված քայլեր ձեռնարկելու համար։ Կարծում եմ, որ խորհրդարանի կողմից տված այն մանդատը, որով նա ընդգրկվեց հանձնաժողովում՝ պետք է, որ բավարար վստահություն եւ անկաշկանդվածություն հաղորդեր պարոն Շաթիրյանին`աշխատելու համար»:
Լիլիթ Մակունցն ասաց նաեւ, որ իրենք Էդգար Շաթիրյանի հետ կապ չեն հաստատել`հասկանալու համար հրաժարականի պատճառները. «Այլ պատճառների կամ լրացուցիչ տեղեկատվություն փոխանցել ցանկանալու դեպքում պարոն Շաթիրյանն ինքը կապ կհաստատեր»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ