ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր մերժեց ԲՀԿ-ական պատգամավորների նախագիծը` փոփոխություն անել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին ՀՀ օրենքում: Խնդիրը վերաբերում է Երեւանի կենտրոնի բնակիչներին, որոնց բնակարանները գերակա շահ համարվող տարածքներ են: Նախագծի հեղինակներն առաջարկում էին փոփոխություն մտցնել հատուցումների սանդղակում, մասնավորապես, օրենքում նախատեսված հատուցման 15 տոկոսը փոխարինել 25 տոկոսով:
Հարցի հիմնական զեկուցող Վահե Էնֆաջյանն ասաց, որ հարցով տասը տարի է զբաղվում է եւ վստահ է, որ բազմաթիվ ապօրինություններ են կատարվել հանուն պետական գերակա շահի իրացված տարածքներում: Խնդիրը, ըստ նրա, երկու մասից է բաղկացած`բնակիչներ, ովքեր սեփականության իրավունքը զիջել են կառուցապատողին եւ դուրս են եկել տարածքից ու բնակիչներ, ովքեր չեն զիջել սեփականության իրավունքը եւ մնացել են վիճելի տարածքում:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մտահոգությունը հասկանալով` ուզում էր նաեւ հասկանալ`ինչո՞ւ փոխհատուցել 25 տոկոս, այդ փոխհատուցմամբ հարցը կլուծվի՞, քանզի խնդիրը գալիս է գույքի փոխհատուցման ցածր արժեքից:
25 տոկոսը, ըստ Վահե Էնֆիաջյանի ավելի հստակ ձեւակերպում է. «Ինչո՞ւ 25 եւ ոչ թե 50 տոկոս, որովհետեւ ուզում ենք տնտեսական գրավչությունը չկորցնել` հնարավոր ներդրողների, կառուցապատողների համար»:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանն էլ շարունակեց Բաբկեն Թունյանի թեզը` նկատելով, որ դժվար թե կա մեկ բնակիչ, որը ասի, որ գոհ է, որ իր գույքը շուկայական գնով է գնահատված, բայց դժգոհ է, որ 15 տոկոս են ավել տալիս, ոչ թե 25: Նա ևս վստահ է, որ մարդիկ բողոքում են շուկայական ցածր գնից:
Նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ շարունակելով Բաբկեն Թունյանի հարցի տրամաբանությունը եւ հղում անելով վարչապետի հայտարարություններին, ասաց, որ նոր Հայաստանում 2000-ականների պատմություննեը չեն կարող կրկնվել եւ եթե ապահովվում է արդարադատական նորմալ համակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, ապա կառուցապատողի եւ բնակչի միջև հնարավոր է հանգել հիմնական խնդրի`գույքի արժեքի փոխշահավետ լուծմանը:
Վահե Էնֆիաջյանը գործընկերոջը հորդորեց` եթե հարցով հետաքրքրված եք, Պուշկին -Բելյակով հատվածի բնակիչների հետ կարող եք հանդիպել, որոնք ուղիղ մեկ շաբաթ առաջ խնդիր են ունեցել օրենքի բացի հետ կապված: Եթե ուզում ենք հարցը լուծել, պատգամավորը հորդորում է`օրենքի գերակայություն ապահովել:
Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության փոխնախարարն էլ` ներկայացնելով նախարարության բացասական եզրակացությունը, ասաց, որ վերջերս ՄԻԵԴ-ում նմանատիպ հարցով վճիռ է եղել եւ ՄԻԵԴ-ը 15 տոկոս փոխհատուցումը չի կիրառել: Այսինքն, խնդիրն այդ հարթությունում չէ: Իրենք գիտեն, որ կան խնդիրներ`գերակա շահի, փորձաքննությունների եւ այլնի հետ կապված, բայց ոչ 15 տոկոս փոխհատուցման:
Վահե Էնֆիաջյանը պնդեց` իրենց առաջարկը հատուցման մասին չէ, այլ բարելավման. «Պետք է հատուցման մասով էլ պետական մակարդակով վերաբերմունք ունենալ»:
«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասաց, որ պետք է հստակեցնել հանրային գերակա շահ, պետական գերակա շահ, բիզնես շահ տերմինները: Ինքը մի քանի գործերով փաստաբան է եղել եւ հասկացել է, որ խնդիրն այդտեղ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ