ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դուրս գալով աշխատասենյակից հանդիպեց ուսանողներին: «Ուզում ենք հանդիպել Ձեզ հետ»,-ասացին ուսանողները: «Ես ձեր նամակին պատասխանել եմ, ճիշտ կլինի նամակի պատասխանը հրապարակեք, հիմա ի՞նչ եք ուզում»,-ասաց Գեւորգյանը:
Ուսանողները պնդեցին, որ նամակի բովանդակությունը չի բավարարել իրենց:
«Նամակի բովանդակությունը չի բավարարել, ու դուք ուզում եք էլի հանդիպել, այսինքն՝ ուզում եք այնքան հանդիպել, մինչեւ ստանաք ձեր ուզած պատասխա՞նը, հստակ գրված է այն ամենը, ինչ պետք է գրվեր, գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու ձեւաչափ կա, թե որ դեպքում կարելի է հրավիրել գիտխորհրդի նիստ, խնդրում եմ կարդացեք համալսարանի կանոնադրությունը եւ շարժվեք կանոնադրությամբ»,-ասաց Գեղամ Գեւորգյանը:
Պատասխանելով ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գեւորգ Գյուլումյանի հարցին, ռեկտորի պաշտոնակատարն ասաց. «Եղել է որոշում, որ ամեն մեկն ազատ է, նաեւ դուք եք ազատ ձեր կարծիքը արտահայտելու, երեկ ձեր ներկայությամբ էլ եմ կրկնել… Խնդրել եմ, որ երբ դասախոսները կարծիք են հայտնում` չասեն ես միանում եմ ուսանողների առաջարկին, գիտակից, բավական մեծ վաստակ ունեցող մարդիկ են, արժի, որ իրենց կարծիքն անվանական գրեն: Չի բացառվում, որ մեկի փաստարկը տարբերվի մյուսի փաստարկից, չի բացառվում, որ մեկի փաստարկը լինի այնքան ուժեղ, որ ձեր ուզածն անցնի… Դասադուլը կամ գործադուլը պետք է ուղղված լիներ ձեր աշխատանքային կամ ուսման պայմանների բարելավմանը, ձեր պահանջը քաղաքական է, ձեր պահանջն ուղղված է ԱԺ-ին, դուք օրենքով ուզում եք ինչ-որ բան ամրագրել»,-ասաց Գեւորգյանը:
Կարդացեք նաև
«Մենք ուզում ենք, որ օրենքի նախագծի կետերը համալսարանում քննարկվեն»,-ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանը: «Քննարկվել են»,-պատասխանեց ռեկտորի պաշտոնակատարը:
«Իսկ նախարարը դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ կոնկրետ օրենքի նախագծի Հայոց լեզու եւ հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաներին վերաբերող կետերի վերաբերյալ բուհերի կողմից առաջարկություններ եւ հակառակ կարծիքներ չեն եղել: Մենք չենք ասում, որ պարտադիր է, որ ԵՊՀ-ն հակառակ կարծիք հայտնի, ամենեւին, մենք խնդրում ենք ԵՊՀ գիտական խորհրդի նիստի միջոցով հնչեցվեն առանձին այդ հարցերը օրենքի նախագծի վերաբերյալ, նախագծի կոնկրետ այդ երկու կետերը առանձին քննարկման դնեն, որպեսզի երիտասարդները, որոնք դժգոհ են այդ երկու կետերից, իմանան մեր բուհի դիրքորոշումը: Ամենայն հարգանքով ձեր նկատմամբ, ակցիան ուղղված չէ ո՛չ ձեր անձի, ո՛չ ինչ-որ մեկի դեմ, ոչ էլ նույնիսկ Արայիկ Հարությունյանի դեմ, ոչ էլ ԱԺ ինչ-որ խմբակցության, ակցիայի նպատակն է թեման համալսարանում քննարկման առարկա դարձնել…»,-ասաց Էդուարդ Գալստյանը:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն էլ նշեց. «Ես, որ ասում եմ ձեր խնդիրն ԱԺ-ում է, նկատի ունեմ, որ օրենք ընդունում կամ չի ընդունում Ազգային ժողովը, համալսարանում օրենքի աշխատանքային տարբերակի քննարկում եղել է եւ հնչել են բազմաթիվ առաջարկություններ, դժգոհություններ, երբ գործը հասավ այդ երկու առարկաների պարտադիր լինելը ամրագրել –չամրագրելուն, գիտխորհրդի կողմից եղավ առաջարկություն հարցը չքննարկել, որովհետեւ այդ հարցով գիտխորհրդում համաձայնության չենք գա եւ կշեղվենք մնացած հարցերի քննարկումից: Այնուհետեւ բոլորին հնարավորություն է տրվել, այդ թվում ձեզ եւ ձեր դասախոսներին, արտահայտելու իրենց կարծիքը, հիմա դուք մի հիսուն հոգով, մի խումբ մարդկանցով ասում եք՝ եկեք հրավիրեք գիտխորհրդի նիստ, վաղը գալիս է մի ուրիշ խումբ, ասում է` մեկ այլ հարց քննարկեք, էն մյուս խումբն ասում է՝ այն հարցը, որ քննարկեցիք, մեր սրտով չէր…
Գիտական խորհուրդը համալսարանի կոլեգիալ կառավարման մարմիններից մեկն է, որն ունի իր աշխատակարգը, խնդրում եմ ծանոթացեք աշխատակարգին եւ շարժվեք դրանով: Դուք եկել եք խորհրդի նախագահին` ինձ, պարտադրում եք… Ղեկավարը ցանկացած քայլ պետք է պատճառաբանի, որ բոլորին լինի հասկանալի… Ես գործում եմ օրենքի շրջանակներում»:
Գեղամ Գեւորգյանը պատասխանելով իր դիրքորոշման վերաբերյալ լրագրողի հարցին, ասաց. «Իմ դիրքորոշումը հետեւյալն է, բուհում չի կարելի որեւէ առարկա, կապ չունի, թե ինչ առարկա, օրենքի ուժով պարտադրվել մեկին»: Նա ասաց, որ համոզված է` անկախ օրենքի ընդունումից, ԵՊՀ-ում Հայոց լեզու, Գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները մեծամասնությունը կուզենա անցնել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ