«Պարոն Գեւորգյան, դուք ակադեմիկոս մարդ եք, ինչպե՞ս եք նայում նրան, որ այն համալսարանում, որը դուք եք ղեկավարում, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայությամբ, ակադեմիան, որի անդամ եք Դուք, նստած, մի նախարար, որ կյանքում ընդամենը 6 հոդված է գրել, ես չեմ վիրավորում, այդ մարդկանցից շատերն ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը կյանքի տեւողություն, ինքը գրիչը թափահարելով խոսում է»,- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին հարցրեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գեւորգ Գյուլումյանը:
«Հակադարձեմ ձեզ, հիմա էլ ձեր առաջ կանգնած է ակադեմիկոս, որն ունի տասնապատիկ ավելի գրված հոդվածներ, ինչքան բոլորդ միասին վերցրած, բայց դուք ժամերով քննարկում եք մի բան, որից գուցե ես ավելի տեղյակ եմ, քան դուք»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը:
«Քննարկման ձեւի մասին է խոսքը, ոչ թե բովանդակության»,-ասաց ուսանողը: Գեղամ Գեւորգյանին լրագրողներից մեկը հարցրեց արդյոք անհրաժեշտություն չի տեսնո՞ւմ ողջ ֆակուլտետի հետ որեւէ դահլիճում հանդիպել եւ քննարկել հարցը: «Բայց ամբողջ ֆակուլտետն այստեղ չէ»,- ասաց Գեւորգյանը: Ավելի ուշ հավելեց, որ պատրաստ է հանդիպել ուսանողների հետ բանասիրական ֆակուլտետում, եւ բոլորի հետ, ով կուզենք, բայց եթե կլինի խոսքի ընդհատում, ինքը դուրս կգա դահլիճից ու քննարկումը չի կայանա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ