Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «ՀԱԿ-ը թող կույս չձևանա, այն, ինչ իրենք արել են 1994-ից հետո, բոլորը հիշում են, թող հանգիստ նստեն տեղները ու սրբի դիմակով հանդես չգան». «Ժամանակ»

Նոյեմբեր 27,2019 12:59

1996 թվականին ընտրակեղծիքի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դարձել է նրա հասցեին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների սուր քննադատության պատճառ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս քննարկումներին՝ նշեց. «Ինձ համար շատ բարդ է գնահատել, որովհետև 1995-1996 թվականներին մենք դեռևս եղել ենք իշխանություն կրող։ Տարեց մարդիկ կհիշեն՝ մենք 1996 թվականից ներսից սկսեցինք քննադատել։ Եգորյանի գլխավորությամբ՝ մենք վարչության նիստերում դիտարկվում էինք որպես ՀՀՇ-ին ընդդիմություն։ 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո մենք վարչությունում հարց բարձրացրինք՝ որպեսզի հասարակությունը լիցքաթափվի, և ծայրահեղ բևեռացումը դուրս գա, գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Փաստորեն մենք վարչությունում դարձանք փոքրամասնություն, ու դրանից հետո սկսվեց ծայրահեղ անտագոնիզմը մեր նկատմամբ։ 1997-ին մենք փաստացի դուրս մղվեցինք իշխանությունից, դարձանք ընդդիմություն, ստեղծվեց «Հայրենիք» պատգամավորական խումբը, այնուհետև՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը»։

Մակեյանն ընդգծեց՝ պետք չէ ամեն ինչ «հալած յուղի տեղ» ընդունել. «Մենք ինչի՞ համար պետք է ընդդիմություն դառնայինք գործող իշխանությանը։ Առիթ եղել է, ես ասել եմ՝ 1994 թվականի զինադադարից հետո իշխանությունները հանգստացան, ես կասեի՝ նաև կորցրին զգոնությունը, հակադարձ կապը, և սկսվեց այն վարքագիծը, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հետո տասնամյակներ շարունակեցին, նախադեպն արդեն այդ տարիներին նկատվում էր։ 1996 թվականի նախագահական ընտրությունները, մեր դիտարկմամբ, վիճելի էին, միանշանակ չէինք կարող ասել, որ առաջին փուլով հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մենք այդ պատճառով առաջարկեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը, կրկնում եմ, չընդունվեց իշխանության վերնախավի կողմից»։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ եթե 2008 թվականին Նիկոլ Փաշինյանը պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանին, նշանակում է ինքը չարիքի իշխանությանն է աջակցել, Պետրոս Մակեյանը նշեց. «Մենք նույնպես 2008-ին պաշտպանել ենք Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց դա չի նշանակում, որ այն գնահատականները, որ հնչեցրի, դրանցից հրաժարվում եմ։ Պարզապես մարդակեր ռեժիմի գոյությունը կանխելու համար ինքներս մեզ հետ գնացինք գործարքի` չարյաց փոքրագույնի տարբերակով։ Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը լավագույն գործիքն էր՝ կանխելու այդ մարդակեր ռեժիմի ընթացքը։Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ մենք, և էլի շատ-շատերը գնացին այդ հարցում կոմպրոմիսի»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ հավելեց. «ՀԱԿ-ը թող կույս չձևանա, այն, ինչ իրենք արել են 1994-ից հետո, բոլորը հիշում են, թող հանգիստ նստեն տեղները ու սրբի դիմակով հանդես չգան։ Եթե մենք 1994-ի զինադադարից հետո գնայինք ժողովրդավարական ճանապարհով, մենք հիմա եվրոպական երկրների մակարդակի երկիր էինք դարձել։ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց դրվածքով են շարժվել. թող խելոք նստեն տեղները»։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930