ԵՊՀ ուսանողները նստացույց էին անում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի մոտ: ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անվտանգության աշխատակիցը բողոքի գործողություններն իրականացնողներին խնդրել է, որ ընդունարանում չանեն նստացույցը, որպեսզի աշխատանքային գործընթացին չխանգարեն:
«Մենք, իհարկե, խոստացել էինք, որ չենք խանգարելու, բայց փորձում ենք փոխզիջումային տարբերակ գտնել իրենց հետ, որպեսզի այստեղ ավելորդ լարվածություն եւ բախում չլինի, դրա համար խնդրեցինք փոխանցել պարոն ռեկտորի պաշտոնակատարին, որ մենք ուզում ենք իրեն հանդիպել, հարցեր տալ, բնականաբար լուսաբանվող հանդիպում ենք պահանջում, որպեսզի ուղիղ եթերով հեռարձակվի հանդիպումը»,-ասաց Գալստյանը:
Նա անդրադարձավ նաեւ դասադուլավոր ուսանողների բացակաների դրվելուն, հավելեց, որ այդ հարցով դիմել են ուսանողական խորհրդին, նաեւ պատրաստվում են իրազեկել ռեկտորի պաշտոնակատարին. «Դասադուլ անող ուսանողների հանդեպ եղել են ճնշումներ, ճնշումները եղել են բացակաների տեսքով, դասախոսներին խնդրելու կամ համոզելու տեսքով, որ ուսանողներին ասեն, թե իբր իրենց աշխատավարձից են պահում դասերին չմասնակցելու համար: Ճնշումներ եղել են երեկվա ուսանողների միջոցառման ժամանակ օգտագործվեիք գույքի արգելքի տեսքով: Բազմաթիվ տարաբնույթ խնդիրներ են առաջացել, այդ խնդիրների մասին պատրաստվում ենք տեղեկացնել պարոն Գեւորգյանին»,-ասաց ԵՊՀ աշխատակիցը:
«Ուսանողն իրավունք ունի հայտարարել դասադուլ, ամբողջ կուրսը չի ներկայացել մեկ շաբաթ, ամբողջ կուրսը բացակա է ստացել, դա նորմալ չէ, իրավաչափ չէ: Ուսանողի սահմանադրական իրավունքն է դասադուլի միջոցով հայտնել իր բողոքը տարբեր խնդիրների շուրջ»,-ասաց Էդուարդ Գալստյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ